Կարծում եմ բոլորդ էլ մոտավոր հասկացաք թե ինչի մասին պետք է գնա խոսքը:
Խոսքս ինտերնետային խաբեությունների մասին է: Տարբեր տեսակի:
Գրեք ձեզ հետ պատահած խաբեություններից մեկը: Դե պարզ է, որ դուք չեք դառել դրա զոհը, սակայն ով գիտե: Ամեն դեպքում, գրեք:
Վերջերս, ամերիկյան dating սայթերից մեկում (որտեղ և գրանցված եմ), ինձ գրում է մի աղջիկ: Անունը՝ Անիտա, 19 տարեկան, Գանա -ից: Նամակի մեջ աղջիկը գրում է երկար մի պատմություն, կապված իր և ծնողների հետ: Գրում է, որ իրենց երկրում քաղաքացիական պատերազմ է և, որ իր ընտանիքը (հայր, մայր, երկու քույրեր) զոհվել են այդ պատերազմում: Եվ որ իր հայրը 2004 թվականին Գանայի բանկերից մեկում իր անունով մեծ գումար է թողել, մոտավորապես 8.5 միլիոն դոլար: Պայմանագրում նշելով, որ իր աղջիկը՝ Անիտան, այդ գումարը կարող է հանել բանկից միայն 25 տարեկանը լրանալուց հետո: Սակայն աղջիկը 19 տարեկան է, միայնակ, առանց ընտանիքի: Իր ասելով, ապրում է վրանում և չունի հացի փող և որ լինում են օրեր, որ անգամ ջուր չի կարողանում խմել: (սակայն չես հասկանա, թե ոնց է ինտերնետ մտնում)
Մի խոսքով, իր նամակի բովանդակությունը շատ երկար էր, կապված ծնողների կորստի, իր մենակ մնալու հետ... բնականաբար նամակում կար խնդրանք: Նա խնդրում էր իր համար խնամակալ գտնել, որից հետո խնամակալը կարող էր վերցնել այդ գումարը բանկից և տալ նրան, որոշակի տոկոս վերցնելով: Դա էր աղջկա բուն խնդրանք-առաջարկը:
Հետաքրքրությունից դրդված, ինքս ինձ վրա ծիծաղելով, գրեցի այդ աղջկան:
Գրեցի և ասացի, որ կա մեկը, ով կցանկանա անել այդ գործարքը և այդ մարդը իմ ընտանիքի անդամներից մեկն է: Անիտան գրեց ինձ նամակ, որում «մի քանի տեսակ» շնորհակալություններ էր հայտնում իրեն ուշադրություն դարձնելու համար և ամբողջ նամակը հեղեղված էր Աստծո օրհնանքը ինձ վրա իջեցնելու բովանդակությամբ տողերով: Մի խոսքով, իր կողմից հուզումնառատ մի նամակ, որ վերջապես ինքը կփրկվի այդ ահավոր վիճակից:
Նորից, ինձ վրա ծիծաղելով, նամակում տվեցի տան հեռախոսիս համարը: Համարը տալու բուն նպատակն այն էր, որ անգլերեն «կպած» սովորելու փուլում եմ և մտածեցի «ինչ լավ առիթ ա, հեսա մեկը կզանգի, օտարերկրացի ու հետը անգլերեն կխոսեմ»: Բուն նպատակը դա էր: Նույնիսկ նշանակություն չէի տալիս իր գրածին: Եվ այսպես, համարս տվեցի, չանցած 5-6 ժամ, աղջիկը զանգեց մեր տուն: Միանգամից մանթրաժ ընկա, որովհետև իմ պատկերացրած անգլերենով չէր խոսում, ու դժվար կարողանայի իր հետ խոսելով «բացել» անգլերենս: Անգլերեն խոսում էր աֆրիկացու ակցենտով ու հազիվ էի հասկանում, թե ինչ էր ասում: 1 րոպեում սկսեց պատմել նույն պատմությունը ինչ գրել էր նամակում: Ես նրան ասացի, որ ուզում ենք սկսել այդ գործընթացը և հետագա քայլերը թող մեյլով գրի: Պայմանավորվեցինք, մեյլս տվեցի:
1 օր հետո մեյլ գրեց, նույնպիսի շնորհակալություններով և այլն: Ես նրան գրել էի, որ խնամակալը լինելու է մայրս: (1 օր հետո արդեն սկսեց նամակներ գրել ուղղված իր ապագա մորը: Հուզումնառատ տողեր, Mummy, I love you... և այլն): Նամակում գրեց հետագա քայլերը, որն էլ Բանկի աշխատակիցներից մեկի հետ կապվելն էր: Գրեց այդ մարդու անունը, մեյլը, մի քանի խոսք այդ մարդու մասին և այլն: Գրեցի նամակ այդ մարդուն:
From the Desk of Mr.Frank Osei
Foreign Remittance Officer,
International Commercial Bank.(ICB).
Makola Branch.
Accra Ghana.
---
Գրեցի նամակ այդ մարդուն, վերջինս էլ տվեց մեկ ուրիշի մեյլը, որն էլ զբաղվում է այդպիսի հարցերով:
Այդ ընթացքում ամեն օր շարունակ, Անիտան զանգահարում էր և հարցնում, թե ինչ եղավ այդ գործը և հենց մի տեղեկություն իմանամ, անպայման տեղեկացնեմ իրեն: dating սայթում Անիտան դրել էր նաև իր նկարը (գեղեցկուհի սևամորթ, մոդելի նման), բնականաբար կարծում եմ, որ դա ինքը չէ: Մի խոսքով, տվեց հաջորդ փաստաբանի կոնտակնտները, որն էլ վերջնական պետք է իրականացնի խնամակալ դառնալու և գումարը մեր հաշվի վրա փոխանցելու գործը: Իրենց կենտրոնական բանկի փաստաբան՝
BARRISTER ARMEED SADIQ.(ESQ)
ARMEED SADIQ CHAMBERS.
ACCRA GHANA
Գրեցի նաև նրան: Եվ այդտեղից էլ սկսվեց ինձ համար ծիծաղահանելուկային օրերը: Այդ մարդը ինձ գրեց ամբողջ պայմանները, թե ինչ պետք է արվի աղջկա խնամակալը դառնալու համար և գրեց, որ իր ծառայության համար, մենք նրան պետք է վճարենք 350$ , որից հետո ամեն ինչ կլինի նորմալ, գումարի փոխանցումը կլինի նորմալ և այլն:
Այ էդտեղից ես ասացի «հոպ»: Չնայած մինչ այդ էլ համոզված էի, որ ինչ-որ գումար է ուզելու: Գրեցի նրան, որ չունեմ ոչ մի փող և չեմ կարող ուղարկել: Ասացի, եթե կարող եք, դուք ձեր գրպանից վճարեք, հետո երբ գումարն իմ ձեռքում լինի, ես ձեզ ավելին կտամ, քան 350$ -ն է: Եվ եթե հանկարծ վստահելու կամ չվստահելու խնդիր չառաջանա, ապա կարող եմ պայմանագիր ստորագրել, որից հետո գումարը չվերադարձնելու դեպքում, կարող եք ինձ դատի տալ:
Չհամաձայնվեց ոչ մի պայմանի, տարբեր պատճառաբանություններով և այլն: Ասաց, որ «ինձ չի հետաքրքրում ձեր 8.5 միլիոնը, ինձ միայն հետաքրքրում է 350 դոլարը՝ իմ ծառայության վարձը: Եթե չունեք փող ուղարկելու, ապա մեկ ուրիշին գտեք, որ կկարողանա վճարել:
Այդ ընթացքում, մինչ առ այսօր, Անիտան 2 օրը մեկ ինձ է զանգահարում և հարցնում, թե ինչ եղավ այդ գործը: Զանգում է և լաց լինում, ասելով, որ սովից մեռնում է, իր մոտ ահավոր վիճակ է և որ մենք պետք է փրկենք իրեն և պետք է այդ գործին արագ ընթացք տանք: (սովից մեռնում է, բայց Աֆրիկայից Հայաստան է զանգում 2 օրը մեկ, ամեն օր ինտերնետով մեյլ է գրում); Ինչևէ ես անընդհատ իրեն ասում եմ, որ մի քիչ սպասիր, մի բան կլինի՝ հույս ունենալով, որ կհամոզեմ այդ մարդուն և կվճարի իր գրպանից պարտքով:
Պարոն Սադիքը ինձ ուղարկում է նաև այն փաստաթուղթը, որն էլ ապացուցում է, որ այս ամենը զուտ ճշմարտություն է:
Ահա այն՝
http://freenet.am/~ame/DEPOSITSLIP.JPG
Հ.Գ. Խնդրում եմ գրեք կարծիքներ, թե ինչ եք մտածում այս ամբողջ պատմության մասին և գրեք նաև ձեր եզրակացությունները:
Էջանիշներ