Հայ-վրացական սիրախաղեր Սուրբ Նորաշեն եկեղեցու շուրջ

Благовест-инфо գործակալության կողմից 28.11.2008 թվագրությամբ հոդվածի համաձայն (հեղինակը վրացի լրագրող Վլադիմիր Սարիշվիլին է) Վրաստանի Պատրիարքարանի Միջկրոնական փոխհարաբերությունների կենտրոնի ղեկավար Լելա Ջեջելավան հայտնել է, որ Թբիլիսիի կենտրոնում գտնվող Սուրբ Նորաշեն եկեղեցու շուրջ ծագած խնդրի վերաբերյալ Վրաստանի Պատրիարքարանում կայացել է երկու Եկեղեցիների հանդիպումը: Հայկական կողմից հանդիպմանը ներկա են գտնել ՀԱԵ Վիրահայոց թեմի եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, Ջավախքում ՀԱԵ փոխերեց հայր Բաբկենը և Մ. Սահակաշվիլու խորհրդական Վան Բայբուրթը: Վրացական կողմից զրույցին մասնակցել են Զուգդիդիի և Ծաիշայի միտրոպոլիտ Գերասիմ Շարաշենիձեն, Ախալցխայի և Տաո-Կլարջեթի միտրոպոլիտ Թեոդոր Չուաձեն, հայր Թարիել Սիկինչելաշվիլին և ինքը Լելա Ջեջելավան:

Վրաստանի Պատրիարքարանը և ՀԱԵ-ի Վիրահայոց թեմը հանդիպման արդյունքում համատեղ նամակով դիմել են Վրաստանի Մշակույթի, հուշարձանների պահպանման և սպորտի նախարարությանը, որտեղ արտահայտվում է Սուրբ Նորաշենին` որպես մշակույթի հուշարձանին ուշադրություն դարձնելու, հուշարձանի վիճակը ուսումնասիրելու և Սուրբ Նորաշենի հետ կապված բոլոր աշխատանքների իրականացումը ստանձնելու խնդրանքը:

Ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, մինչև ստեղծված հանձնաժողովը վերջնականապես չորոշի Սուրբ Նորաշենի պատկանելիությունը, այս թեմայի նկատմամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում հայտարարվում է մորատորիում: «Այս առաջարկությունն ընդունելի դարձավ հայկական կողմի համար: Եվ այս ֆոնին մեզ զարմացրեցին Երևանում երեկ տեղի ունեցած իրադարձությունները: Հնարավոր է, որ տեղեկությունը Հայաստանի դեսպանություն չափազանց ուշ է հասել», - հայտարարել է Լելա Ջեջելավան:

Փաստորեն այս հանդիպման բնույթը և դրանից հետո հրապարակված արդյունքները ցույց են տալիս, որ այն վրացական հերթական ծրագրավորված ակցիան էր, որին հայկական կողմի մասնակցությունը հանդիսացել էր այն բանի ապացույցը, որ ներկայիս Վրաստանի տարածքում ապրող հայության, մասնավորաբար` հոգևոր վերնախավի ներկայացուցիչները ևս համաձայն են Սբ. Նորաշենի` հայկական լինելու փաստը կասկածի տակ առնելուն:

Թե երբ են Վրաստան կոչվածի հայերը դուրս գալու խավարի միջից և հիշելու, որ իրենք իրականում հայ են և ունեն ազգային արժանապատվություն` դեռ հայտնի չէ: Հայտնի է մի բան, որ այդ խավարում ավելի դյուրին է ազգային խայտառակությունների ծնունդն ու բազմացումը, որոնք, դուրս գալով ասպարեզ, կանաչ լույս են վառում վրացական ազգաստեղծ քաղաքականության առաջ:

Վահե Սարգսյան