Այսօր ժամը 13։00 ավարտվեց «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության գույքի և գույքային իրավունքների օտարման կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդը. ստացվել է մեկ հայտ։

Այս մասին տեղեկացնում է ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը՝ իր տարածած մամուլի հաղորդագրությամբ, որում նաև նշվում է.
«Աճուրդի 10 օրվա ընթացքում կատարվել է գնային առաջարկ։ Ըստ այդմ, լոտի վաճառքի գինը կազմել է 4 միլիարդ 441 միլիոն 500 հազար դրամ։ Աճուրդում հաղթած մասնակիցը, համաձայն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.2 հոդվածի 6-րդ կետի, պարտավոր է աճուրդի ավարտից հետո` 3 բանկային օրվա ընթացքում, ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ փոխանցել կամ մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախավճարը։ Հիշեցնենք, որ աճուրդին մասնակցելու նախավճարը կազմում էր 222 միլիոն 68 հազար դրամ։ Նույն օրենքի 35.1 հոդվածի 8-րդ կետի համաձայն, աճուրդի մասնակիների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։

Կրկնաճուրդի մեկնարկային գին էր սահմանվել 4 միլիարդ 441 միլիոն 358 հազար դրամ։ Աճուրդը մեկնարկել էր փետրվարի 5-ի 13։00-ին։ Հիշեցնենք, որ պահանջի գումարի չափը կազմում է 4 միլիարդ 355 միլիոն 972 հազար դրամ»։
Մեր կողմից հավելենք, որ այս պահին խիստ գաղտնիության պայմաններում է պահվում և չի հրապարակվում «Բջնիի» գնորդի անունը։
թերթ