Եթե երեխաները ինքներն են պատմել իրենց հանդեպ դաստիարակների և ուսուցիչների կողմից վատ վերաբերմունքի մասին, իսկ հետո արդեն քննչականում բացատրություն տալու ժամանակ իրենց խոսքերից ետ են կանգնել, եթե գիշերօթիկից չգիտես ով արդեն ավարտած երեխաների մորը «խորհուրդ» է տվել լռել, ես ոչ մի հիմք չունե՞մ գոնե ենթադրելու, որ երեխաներին ճնշում են: Ինչ է, Ձեր կարծիքով՝ մի քանի շաբաթվա ընթացքում տասնամյակներ տևած այլանդակությունները և դաժանությունները պետք է վերանային, հա՞: Մեր բարձրացրած աղմուկից հետո երեխաներին ամեն կերպ պետք է ճնշեին ու վախեցնեին, որպեսզի վերջիններս լռեն ու դեռ նույնիսկ մեզ մեղադրեն: Արդյունքները արդեն երևում են. քննչականում նույն այն աղջիկները, ովքեր սկզբից համարձակվեցին խոսել, հիմա ստում են: Դրա համար էլ շատ կուզենայի, որ ուրիշ մարդիկ՝ բացի գիշերօթիկի աշխատողներից, շփվեն երեխաների հետ: Դեռ այն ժամանակ, երբ հաճախ էի գիշերօթիկում լինում, ինքս զգում էի, թե ինչպես են աշխատողները վերաբերվում երեխաներին...
Այցելությունների հետ կապված: Կոնկրետ պարապելու ծրագիր, այո, նախօրոք չկար, քանի որ բոլորս էլ ուրիշ գործեր ունեինք՝ դաս, աշխատանք և այլն, սակայն բավական կազմակերպված էինք պարապմունքները անցկացնում, ոչ թե՝ երբ հարմար լիներ: Նպատակը երեխաների հետ աուդիոգրքեր ձայնագրելն էր: Եթե մեր աշխատանքը թերի լիներ, ՄԱԿ-ն ինքն առաջինը մեզ այսպես ասած պատասխանատվության կկանչեր: Սակայն, ինչպես տեսնում եք, ՄԱԿ-ը մեզ հետ խնդիր չունի:
Ո՞ր նկարը: Որտեղ Արմանը ձեռքը աղջիկներից մեկի ուսի՞ն է դրել... Չգիտեմ՝ լացեմ, թե ծիծաղամ... Ախր Արմանն ինքը նկարը տպել, բերել և տվել է երեխաներին, երեխաներն իրենք էին մեզ հետ նկարվել ուզում... Ու... Բացի դրանից... Եթե դա կարելի է սեռական ոտնձգություն անվանել, ապա ինչպե՞ս կոչել այն, ինչը տնօրենը անվանում է «ուսուցչի և աշակերտի գրկախառնություն»: Պարզաբանեմ. երբ մերոնցից տնօրենին բողոքեցին, թե աղջիկները ասում են, որ ընկեր Ավագյանը իրենց «ձեռ ա գցել», տնօրենն ասաց, բա՝ նրանք սխալ են հասկացել. ուսուցիչը նրանց այնքա՜ն է սիրում, որ գրկելուց ձեռքերը պատահաբա՜ր կպել են կրծքերին... երևի պատահաբար էլ կապտուկներ են առաջացրել, անասուն... կներեք..
Էջանիշներ