http://www.panorama.am/am/society/2008/12/02/dprocc/

«ՏԱՐՕՐԻՆԱԿ ԲԱՐՔԵՐ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՈՒՄ»

Երևանի Նուբարաշենի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ /օժանդակ/ դպրոցում աշխատած մի խումբ երիտասարդ կամավորներ այսօրվա ասուլիսում ներկայացրեցին գիշերօթիկ դպրոցում տիրող իրավիճակը: Վերջիններն այնտեղ այս տարի աշխատել են ՄԱԿ-ի «10 լավագույն դպրոց» ծրագրի շրջանակներում:

Կամավորներից Հրայր Սավզյանը նշեց, որ «10 լավագույն դպրոց» ծրագրի ընթացքում բավականին հաճախ են այցելել այդ դպրոց և շփվել աշակերտների հետ: Ընթացքում նկատել են, որ շատ երեխաներ չեն կարողանում վարժ կարդալ: Թեև դպրոցը նախատեսված է թերզարգացած երեխաների համար, սակայն այնտեղ կան երեխաներ, որոնք կարող են սովորել, բայց մատնված են անուշադրության: «Մի քանիսը շատ մեծ ցանկություն ունեին սովորելու, դրա համար մենք դպրցում հայոց լեզվի և անգլերենի դասընթացներ կազմակերպեցինք և նկատեցինք, որ երեխաները շատ լավ էլ հասկանում և յուրացնում են դասերը»,- հավելեց նա:

Ծրագրի մասնակից երիտասարդները հավաստում են, որ դպրոցում տիրում է սանիտարահիգիենիկ շատ վատ վիճակ. տհաճ հոտ է գալիս:

Բացի այս ամենից, դպրոցի երեխաները պատմել են, որ իրենց նկատմամբ բռնություներ է կիրառվում` ծեծում են, իսկ աշակերտուհիներից երկուսն էլ պատմել են, որ իրենց հանդեպ սեռական ոտնձգություն է իրականացվել: «Աշակերտուհիների պատմելով ոտնձգության հեղինակը դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լևոն Ավագյանն է»,- ասաց կամավորներից Հրայր Սավզյանը: Այս մասին տեղյակ է պահվել դպրոցի տնօրինությանը, վերջինն էլ նշել է, թե այդ ամենը աշակերտուհիների վառ երևակայությունն է և այդպիսի բան չի կարող լինել: «Սակայն ծրագրի ավարտից հետո պարզվում է, որ այդ ուսուցիչը ինքնակամ հեռացել է աշխատանքից և պատճառաբանել, որ հոգնել է այդ երեխաների հետ աշխատելուց»,- հավելեց կամավորներից Վարդան Հովհաննիսյանը:

Դպրոցում տիրող բարքերի մասին երկիտասարդ կամավորները պատմել են նաև առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին և մի քանի հասարակական կազմակերպությունների: Իսկ նոյեմբերի 13-ին իրենց աջակցությամբ դպրոցում տիրող իրավիճակի մասին մի տեսանյութ է ցուցադրվել Հանրային Հեռուստաընկերությունով, որտեղ նաև աղջիկներից մեկը պատմել է իր հետ կատարվածը: Դրանից հետո ՀՀ ոստիկանության Էրեբունի համայնքի քննչական բաժնից ծրագրի մասնակիցներին կանչել են և բացատրություներ վերցրել:

«Հ1-ի եթերից հետո, աղջկա մայրը ծեծել է երեխային և ստիպել, որ ոստիկանությունում ասի, թե կամավորներն են համոզել, նման բաներ պատմել, և այդպես էլ ասել է: Եվ այժմ պարզ չէ, թե քրեական գործ հարուցվել է, թե ոչ»,- հավելեցին երիտասարդները:

Ըստ նրանց, Հ1-ով այդ դպրոցի մասին հաղորդումը եթեր հեռարձակվելուց հետո դպրոցում սկսել են երեխաներին լավ վերաբերվել և մաքուր պահել: Այս ամենը իրենց պատմել են դպրոցի աշակերտները, որոնց հետ մինչ օրս էլ կապ են պաշտպանում:

Երիտասարդների ցանկությունն այն է, որ Կրթության և գիտության նախարարությունը հետևողական լինի այս հարցում: