Երբ ծնողներս բաժանվեցին, ես շատ փոքր էի: Չեմ հիշում, թե ինչպիսին էր կյանքը մեր տանը, մինչև այդ, բայց այդ օրը Լյուսին լաց էր լինում, բղավում, իսկ հայրս նայում էր նրան և ոչինչ չէր ասում: Հետո Լյուսին մի քանի հագուստ ու զարդեր լցրեց ճամպրուկն ու դուռը շրխկացնելով դուրս եկավ: Դրանից հետո մենք հանդիպում էինք միայն ուրբաթ օրերին, երբ Ռոջերը ՝ մորս ընկերը, տանը չէր լինում: Սկզբում ես միայն մարդկանց ներկայությամբ էի նրան անունով դիմում, իսկ հետո դա դարձավ սովորական: Մորս մասին պատմելու քիչ բան ունեմ, որովհետև չհասցրեցի ճանաչել նրան, երբ մի օր նա զանգահարեց ու հայտարարեց, որ ամուսնացել է Ռոջերի հետ, և որ նրա հետ մեկնում է Նյու Յորք: Հայրիկը ստիպված եղավ լինել ինձ համար կրկնակի ծնող:
Մենք ասում ենք, թե փոքր հասկանում խնդիրներն ու վեճերը մարդու վրա ազդեցություն չեն ունենում, սակայն դեռահասության շրջանում ունեցած խնդիրներն ամենից խորը հետքն են թողնում: Ես փոքրիկ, պեպենոտ աղջիկ էի, ում բոլորը ծաղրում էին, ով դպրոցական նստարանին նստում էր միայնակ, իսկ դպրոցից տուն վերադարձի ճանապարհին «քարկոծվում» համադասարանցիների կողմից: Բայց դպրոցն ինձ համար անտանելի էր ոչ միայն դասընկերներիս, այլև ուսուցիչներիս շնորհիվ: Միայն հիմա, երբ անկուշտի պես կուլ եմ տալիս ձեռքիս տակ ընկած ամեն գիրք ու ամսագիր, հասկանում եմ, որ այն ժամանակ, երբ գրականության ուսուցչին ասում էր, որ իմ նկատմամբ կիրառած ամեն տեսակ «կոպտություններն» ուղղված էին իմ ՝ կարդալ սիրելը զարգացնելուն, ճիշտ էր: Դպրոցի «գլխավոր հերոսին» սիրահարվելն և սրտում թաքուն պահած ֆիլմերի «հերոսուհու» կերպարն ինձ հարազատ չէին, այնպես որ դպրոցական տարիքում խնդիրներս՝ բարեբախտաբար, սահամանափակվում էին պեպեններով:
Ժաամանակի հետ Լյուսին ավելի չքնաղ էր դառնում, իսկ հայրս ՝ ծերանում: Երբ համալսարանի համար քննությունների էի պատրաստվում, հաճախ էի երեկոյան մինչև ուշ ժամը նստում գրքերի կամ համակարգչի առաջ, իսկ հայրս ձևացնում էր, թե թերթ է կարդում ու սպասում ինձ: Մաթեմատիկայի քննությանը մնացել էր երեք օր, իսկ ինձ թվում էր, թե երեք օրում պիտի հասցնեմ սովորել ամեն ինչ: Մի երեկո շատ երկար նստեցի համակարգչի առաջ:
- Լիզ, գնա պառկիր:
- Դու գնա, ես քիչ անց կգնամ: Հայր, կարո՞ղ ես ինձ առավոտյան մի քիչ շուտ արթնացնել, մի քանի բան կարծես թե չեմ հասցնում կրկնել:
- Լավ պստիկ:
Հայրս առավոտյան եկավ, ոտքիս տակ խուտուտ տվեց ու այնքան «փափուկ» արթնացրեց, որ ինքս էլ չզգացի թե քանիսն է: Հորս քնքշությունը նման էր Միսիս Նենսիի բակի աղուկների փետուրներին, որ թափահարելիս պոկվում ու օրորվելով ցած էին ընկնում, իսկ նրանց ծեր ու վտիտ տերը ժամանակ առ ժամանակ վերցնում էր այդ փոտուրներից որևէ մեկն ու մեղմ ժպտում:
- Լիզ, փոքրիկս, ես վաղու՞ց եմ ձեր տանը:
- Չէ հայր, այսօր ես եկել:
- Իսկ երեկ ո՞ւմ տանն եմ եղել:
- Քո տանը հայրիկ: Այսօր,ժամից հետո ես եկա քեզ մոտ, հետո միասին եկանք մեզ մոտ: Հիշու՞մ ես:
- Ես այսօր ժամ չեմ գնացել: Այսօր երկուշաբթի է, չէ՞:
- Չէ հայր, այսօր կիրակի է:
- Հմմ, զարմանալի է: Լսիր, հայրս, դե քո պապը էլի՞, նա էլ էր հիշողութունը կորցրել: Ոչ ոքի չէր հիշում, դրա համար էլ առավոտից մինչև ուշ երեկո այգում էր մնում, իսկ ինչ-որ ժամանակ անց նաև ինձ չէր ճանաչում:
- Թեյ կուզե՞ս, - իրավիճակը շտկելու համար ասում եմ մտքիս եկած ամենաանհեթեթ արտահայտությունը:
- Լսիր Լիզ, իսկ ես քանի՞ օր եմ ձեր տանը մնացել: Մտածում եմ, արդեն շատ եղավ, ամոթ է, Ռիչարդը կարող է վատ զգալ, չէ՞ որ նա պատավոր չէ իր տանը հյուրընկալել ինչ-որ զառմյալ ծերուկի, ով չի հիշում թե այսօր ինչ օր է:
Հետաքրքիր բան է այդ ծերությունը: Լյուսին հորիցս փոքր է մեկ-երկու տարով, սակայն Ռոջերի ուղեկցությամբ դեռ այցելում է հասարակական միջոցառումներից մինչև նորաձևության ցուցահանդեսներ, ու իհարկե չի մոռանում իր կարմիր շրթներկը, որ նրա նուրբ ու գեղեցիկ բերանն ավելի է գեղեցկացնում, մինչդեռ հայրս նույնիսկ իր ծննդյան օրն է մոռացել: Ես երբեք էլ չեմ մեղադրել Լյուսիին նոր «ընտանիք» կազմելու համար, ինչպես դա չարեց հայրիկը, նրանք ծայրահեղ տարբեր էին ու հայրս երբեք չէր կարող տալ Լյուսիին այն, ինչ Ռոջերն ուներ ՝ բարձր հասարակություն, գեղեցիկ հագուստներ ու ինձ համար անդադար թվացող շրջագայություններ: Հորս կողքին Լյուսին կունենար փոքրիկ տնակ, որն այսօր արդեն քարուքանդ է եղել ու հիշողությունը կորցրած զառամյալ ամուսին:
- Լիզ, իսկ ինչպե՞ս է Լյուսին, դուք դեռ կապ ունե՞ք: Գիտե՞ս, երբ ինձ տուն տանեք, ես քեզ կտամ նրա զգեստներից մի քանիսը, որոնք դեռ ինձ մոտ են մնացել: Մի տեսակ հարմար առիթ չեղավ, որ դրանք քեզ փոխանցեմ կամ դեն նետեմ, դրա համար էլ այսքան տարի մնացել են պահարանում: Դե լավ, վեր կաց, ինձ տուն տար, ես արդեն քանի օր է ձեր տանն եմ, անհարմար է: Հիմա այգիս լրիվ ձեռքից գնացել է երևի, քանի օր է ոչ ոք չի ջրում, իսկ ես եկել ու էստեղ նստել եմ, հիվանդ եմ ձևանում:
- Հայր, մենք այսօր ենք եկել, իսկ դու այգիդ ջրել էիր վաղ առավոտյան, մինչը եկեղեցի գնալդ: Այնպես որ հանգիստ պառկիր, հիմա թեյ կբերեմ...
Էջանիշներ