Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Ես էլ ունեմ ծանոթներ, որոնք ինտերնետի միջոցով են գտել իրենց ապագա կանանց, ամուսիններին: ԲԱՅՑ... թե դրանից առաջ հենց այդ նույն ինտերնետի միջոցով քանի հոգու հետ են ծանոթացել, «սիրահարվել», հանդիպել ու հիասթափվել, միայն իրենց է հայտնի...

Մինչև իրականում չհանդիպես, դԺվար թե զգացմունքերդ կարող ես իրական համարել. հնարավոր է սիրահարվել ես ինքդ քո ստեղծած կամ հենց նրա կողմից ջանասիրաբար ստեղծած, բայց իրականությանը չհամապատասխանող կերպարի:

Ու խոսքը միայն սիրահարվելու և սիրելու մեջ չէ: Պիտի համոզվես, որ կարող ես երջանիկ լինել այդ մարդու հետ. չեմ ուզում խեղաթյուրել որևէ մեկի ռոմանտիկ պատկերացումները ամուսնության վերաբերյալ, բայց իրականությունն այն է, որ միայն սիրահարվածությունը բավական չէ երջանիկ ամուսնության համար:

Ինչպե՞ս տեսնես այդ մարդուն այլ մարդկանց միջավայրում, եթե միայն ինտերնետով ես շփվում, ո՞նց իմանաս, թե ինչպիսին է ինքը ուրիշների հետ հարաբերություներում, ինչպես է վարվում այս կամ այն իրավիճակում (հարցնելը ու երկար-բարակ մտածված սիրուն չաթ-ային պատասխան ստանալը քիչ է), կարո՞ղ ես նրա հետ ապահով լինել տհաճ / վտանգավոր իրավիճակներում, ունի՞ արդյոք վատ սովորություններ, ի՞նչ ինտոնացիայով է խոսում իր փոքր քրոջ / ավագ եղբոր / մոր հետ, ինչպե՞ս է քայլում փողոցում, ի՞նչ հայացքով է նայում մուրացկաններին / անտուն կենդանիներին / կարճփեշ աղջիկներին / հայհոյող տղամարդկանց, ինչպե՞ս է իրեն պահում, երբ խիստ զայրացած է, ինչպե՞ս է վարվում, երբ տեսնում է, որ փորձում են հիմարեցնել ու խաբել իրեն, ինչպիսի՞ մարդիկ են նրա ընկերները, ինչպե՞ս է վերաբերվում քո ընկերներին, ինչպիսի՞ն է պատասխանատու պահերին, գուցե խուսափո՞ւմ է պատասխանատվությունից, ի՞նչ արտահայտություններ է անում այս կամ այն ֆիլմը դիտելիս, որևէ գաղափար ո՞ւնի գրականությունից / արվեստից / ցանկացած այլ ոլորտից, որով դու այնքան հետաքրքրվում ես (եթե հարցնես օնլայն, հենց այդ պահին էլ կնայի գուգլ-ում ու հոյակապ պատասխան կտա), ի՞նչ հայացքով է քեզ նայում, երբ դու խոսում ես քեզ համար շատ կարևոր ու թանկագին բաների մասին, ինչպե՞ս է վարվում, երբ դու լաց ես լինում... այն էլ իր պատճառով. սրանք բոլորը այնքան էլ մանրուքներ չեն, որքան կարող է թվալ, երբ սիրահարված աչքերով նայում ես փայլող մոնիտորին ու չափված-ձևած նախադասությունների միջից աստված գիտի՝ ինչ հեքիաթային կերպար ես տեսնում:

Էլ չեմ ասում ֆոտոշոփով սիրունացրած կամ առնվազն տասնյակ նկարների միջից ընտրած ամանա-ամենահաջող լուսանկարի մասին: Կասե՞ք արտաքինը կարևոր չի. մի քիչ կվարանեմ հավատալուց առաջ... Բոլորն էլ գոնե այս կամ այն չափով ուշադրություն են դարձնում դրան, հատկապես եթե խոսում ենք կին/ամուսին կամ, ինչպես դուք եք ասում, «կյանքի կեսին» գտնելու մասին:

Ինչքան հետաքրքիր, հմայիչ ու միայնակ աղջիկներ/տղաներ կան, որոնք անցնում են ձեր կողքով ամեն օր: Գուցե ա՞րժի դուրս գալ ինտերնետից ու համարձակություն ունենալ ծանոթանալ իրականո՞ւմ:
Չնայած տրամաբանությունդ ուժեղ է, բայց թույլ տուր, ivy, չհամաձայնվել: Ի՞նչ բան է իրականությանը չհամապատասխանող կամ համապատասխանող կերպար: Որտե՞ղ է մարդն ավելի «իրական». հավաքույթներում այլ մարդկանց մե՞ջ. բա դիմակնե՞րը, որ մի շրջապատից մյուսը փոխում ես: Եթե գտնում ես, թե դու չես փոխում` չեմ առարկի, բայց վատ բան չմտածես, խոսքս բնազդային պաշտպանական երանգավորման մասին է, եթե կուզես` հարկադրաբար կամ ճնշմամբ հարուցվող: Եթե կամուֆլյաժն էլ ես գիտակցված կամ հաշվարկված ընտրություն համարում, սահմանենք այլ կերպ. օրինակ` մարդու անհատակ ու անընդգրկելի անհատականության բազմակի դրսևորում` կախված միջավայրի տեսակից, որակից, բնույթից: Խելոքների հետ խելոք եմ, հիմարների հետ` հիմար: Քեզ միայն կարող է թվալ, թե փորձում ես բավականաչափ ճանաչել ինքդ քեզ կամ դիմացինիդ՝ կոնկրետ իրավիճակներում դրսևորումներից ելնելով, բայց դատողություններդ սահմանափակվելու են միայն այն շրջապատների ու իրավիճակների կտրվածքով, ուր կյանքը նետել է քեզ: Ի՞նչ ես կարծում` ծնված լինեիր չինացու ընտանիքում, թե Ուելսի արքայազնի` նույն Ռիպա՞ն կլինեիր: Գուցե ivy-ն է միայն, որին միշտ ման ես տալու հետդ` Մալազիայում, թե Հայաստանում: Ու գուցե այդ ivy-ն է, որ մտածված կամ ասածիդ պես` հաշվարկված նախադասություններով ավելի է բացահայտում իր իրականությունը, քան հնարավոր կլիներ կոնկրետ իրավիճակներում, որտեղ իր դրսևորումը այնքան կախված է միլիոն ներկա, անցյալ ու ապագա, մոտիկ կամ հեռու, կարևոր կամ անկարևոր հանգամանքից: Իրական կյանքը հենց հանգամանքներն են` գուցե ասես: Էլի չեմ վիճում: Բայց հավատա` անձի բացահայտման կծիկը ավելի հեշտությամբ է քանդվում վիրտուալում, որտեղ գուցեև ինքդ ես ստեղծում քո կերպարը, բայց մի մոռացի` քո իսկ ճաշակով: Իսկ կյանքի իրական հանգամանքները մեծ մասամբ ավելի խճճում են կծիկը: Իմ խորին համոզմամբ` վիրտուալությունն ապագա ունի: Չգիտեմ` ուր կտանի ի վերջո, բայց դառնալու է դոմինանտ ուղղություն հասարակության, մարդու զարգացման մեջ: Ամեն ինչ իրականում կատարվում է այնտեղ` ուղեղում, ու ուղեղով կարող ես գեներացնել մի ողջ աշխարհ` քո ճաշակով: Ինչ կա ավելի գայթակղիչ: Գործընթացն արդեն սկսվել է: Ինչպես կասեր Guest-ը՝ ամեն գրած բառիկը նշանակություն ունի , ու հնարավոր չի երկար կեղծել: Ու այդ բառիկների վրա շատ ամուր հենքով կառուցվում է պատկերացում քո մասին, կորիզիդ մասին, սայթաքումներ չկան, ամեն ինչ այնտեղ՝ ուղեղում է, որը ղեկավարվում է սրտից: Գուցե դրա համար էլ այստեղ ես...