ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՏԵՎԻ 5 ՕՐ
ՆԱԽԱԲԱՆ
Շուշանը կանգնել էր «Միմինո»–ի մոտ ու անհանգիստ նայում էր ժամացույցին։ Դրսում ցուրտ էր, իսկ ինքը հիմարի պես զուգվել էր՝ հագնելով եղանակին անհամապատասախան զիզի–բիզի շորեր։ Ու հիմա ոտքերով դոփում էր տեղում՝ փորձելով զսպել դողը։ Հեռախոսը դավաճանաբար լռում էր։ Իսկ իր զանգերին պատասխանող չկար։ Ռեստորանի դռան մոտ կանգնած սպասավորը աչքը չէր կտրում մրսող ու անհանգիստ աղջկանից՝ փորձելով որսալ նրա հայացքը։ «Դո՜ւ էիր պակաս»,–մտածեց Շուշանը ու նորից նայեց ժամացույցին։ Արդեն քառասուն րոպե ուշանում էր։ Աղջիկը սկսեց անհնագստանալ։ Ճիշտ է, իր մայրն ուշանալու հանդեպ կարգին սեր ուներ, բայց սրանից արդեն սիրո հոտ չէր գալիս։ Իբր թե ուզում էր մորն ուրախացնել, նրա ծննդյան օրն իր սիրած վրացական ռեստորանում նշել, և ահա... կանգնած էր մենակ ու շան նման դողում էր՝ դիմանալով անհամեստ սպասավորի պլպստացող աչքերին։ Նվեր էլ չէր հասցրել առնել, ինչ հիմարն էր... դրա փոխարեն ընկել էր փոսերով, գործից էլ ուշացել... Ու նորից հիշեց Վալոդի փոսը։ Պիտի որ հիմա ուրախացած լիներ, վերջապես գտել էր այն, ինչ երկար օրեր փնտրում էր իր բահի բութ ծայրով։ Շուշանը նայեց իր կրունկներին. դեռ հողի մնացորդներ կային, այդքա՜ն էլ մաքրել էր։ Մեկը տեսներ իրեն, թե ինչպես էր առավոտ շուտ զիզի շորերով մտնում փոսը, որ Վալոդին երջանկացնի... Շուշանը զգաց, որ փորը վեց–վեց է անում՝ ազդարարելով ոչ այնքան ժամը, որքան իր սոված հալը։ Աղջիկը ձեռքը մտցրեց պայուսակի մեջ ու սկսեց փնտրել Գրանդ Քրենդիի «Ռախատ–Լոխումը»։ Դա էլ ճանապարհին էր արագ առել՝ որպես չեղած նվերի փոքրիկ «մխիթարություն». մայրն այդ քաղցրավենիքը շատ էր սիրում։ «Մամ ջան, կներես, շատ եմ սոված»,–մտքում ասեց Շուշանը ու սպիտակափոշի լոխումը մոտեցրեց ագահ շուրթերին...
Սվետան Վալոդի հետևից փակեց դուռն ու անմիջապես վրա ընկավ հեռախոսին։
– Մամ ջան, ի՞նչ եղար,– մոր երկար սպասված զանգին պատասխանես աղջիկը։
– Շուշ, իմ գալը չստացվեց, մենակ իմանաս՝ ինչ է եղել... Վալոդն էր էստեղ։ Կարո՞ղ ես տուն գալ։
Աղջիկն արդեն գուշակում էր, թե ինչ էր եղել։ Պիտի հենց ինքն ամեն ինչ պատմած լիներ մորը, որ այս օրը չընկնեին... Լավություն արա, գցի ջո՜ւրը... Բա չէ՜ մի... Դրա պատճառով մոր ծնունդը հարամվեց։
Էջանիշներ