Հայաստանում շատ հաճախ, եթե ոչ՝ գրեթե միշտ, տատիկ–պապիկներն ապրում են ընտանիքում՝ իրենց զավակների, թոռների հետ։
Այստեղ՝ Եվրոպայում, նման բան հազվադեպ է հանդիպում. ծերերը հիմանականում ապրում են առանձին կամ ծերանոցում (ինչն ամենևին վատ բան չի ընկալվում)։

Ու այսպիսի հասարակություններում, որտեղ ծերերն ու երիտասարդները առանձնացված են, առաջ է գալիս հետաքրքիր ու գուցե հայերի համար անհասկանալի մի խնդիր՝ երկու սերունդ իրար բացարձակապես չեն ճանաչում։ Հատկապես՝ երեխաներն ու երիտասարդները, համարյա ոչինչ չգիտեն տարեց մարդկանց մասին։ Այդ նպատակով էստեղ հազար ու մի միջոցառումներ, ծրագրեր են կազմակերպվում, որ ծերերն ու երիտասարդները հանդիպեն իրար հետ, շփվեն։ Փողոցում եթե կողքովդ տարեց մարդ է անցնում կամ հասրակական տրանսպորտում նստած է կողքիդ, հաստատ գիտես՝ անպայման հետդ խոսելու փորձ է անելու։ Երիտասարդների ընկերակցության պակաս ունեն...

Մի կողմից, նայում ես արևմտյան հասարակությանը ու մտածում՝ ինչ լավ է, բոլորն ինքնուրույն են, անկախ, երեխաներն արագ հեռանում են տնից ու ծնողների հետ չեն ապրում, բայց այդ ծնողները մի օր ծերանում են... Ֆինանսապես ապահով վիճակը, որը տարեցների համար հոգում է պետությունը և ինչու չէ՝ նաև նրանց զավակները, կարո՞ղ է արդյոք կոմպենսացնել ընտանիքում ապրելու, երիտասարդների հետ շփվելու պակասը։ Երևի թե ոչ։

Բայց գալիս է հարցի մյուս կողմը։ Արդյո՞ք երիտասարդներն ուզում են ապրել ծերերի հետ։ Հայաստանում շատերս ունենք կամ ունեցել ենք մեզ հետ ապրող տատիկ–պապիկներ։ Արդյո՞ք մտածում ենք, որ լավ կլիներ՝ առանձին ապրեին, ավելի հեշտ կլիներ բոլորի համար, թե՞ նրանց ներկայությունն իսկապես ցանկալի է։
Ես մանկուց շրջապատված եմ եղել ծեր մարդկանցով ու դա համարել եմ բնական։ Նույնիսկ շատ լավ ընկերություն էի անում տատիկների հետ։ Գիտեմ, որ երբեմն նրանց հետ դժվար է լինում, երբեմն շատ հոգս է պահանջվում, բայց այնումանայնիվ հիմա կարոտում եմ ծեր մարդու ներկայությունը տան մեջ։ Ու ինձ համար այստեղի երիտասարդները, որոնք չգիտեն՝ ինչ ասել է ապրել տատիկ–պապիկի հետ ու ոչ էլ ուզում են իմանալ, շատ անսովոր են թվում։

Ի՞նչ եք մտածում էս ամենի մասին։ Ու ո՞նց եք վերաբերվում ծեր մարդկանց ներկայությանը տանը, կուզենայի՞ք նրանց հետ ապրել, թե ոչ։