ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
[20:51] 30 Հոկտեմբերի, 2008






40-ից ավել քաղբանտարկյալներ այսօր մասնակցեցին Հյուսիսային պողոտայի քաղաքական զբոսանքին: Նրանց հայտնվելը պողոտայում իրարարանցում առաջացրեց ոստիկանների շարքերում. միանգամից պողոտա վազեցին մոտ 50 ոստիկաններ եւ հանդարտվեցին միայն այն պահից, երբ պարզեցին, որ զբոսանքի մասնակիցները ընդամենը քաղբանտարկյալների դիմանկարներով են:
Մի քանի րոպե հետո պարզվեց, որ ոստիկաններին ավելի շատ զայրացնում են ոչ թե քաղբանտարկյալների դիմակները, այլ նրանց վանկարկումները:
՚Սա մեր փողոցն է, կզբոսնենք, որքան ցանկանում ենք եւ կվանկարկենք ինչ ուզում ենքՙ,- ասաց Նիկոլ Փաշինյանի դիմակով զբոսանքի մասնակիցը, որին Ոստիկանության ներկայացուցիչ Վալերի Օսիպյանը սկսեց բացատրել, որ հենց զբոսանքի մասնակիցների համար է անհանգստանում.՚Դուք ոչ թե բղավում եք, այլ գոռում: Այստեղ մարդիկ են ապրում, իսկ դուք նրանց հանգիստը խանգարում եք: Նրանցից մեկի ներվերը կարող է չդիմանալ եւ վերեւից մի հատ կամպոտ գցի ձեր գլխինՙ:
Ինչեւէ, Օսիպյանի բացատրությունը ոչինչ չփոխեց, քաղբանտարկյալները շարքով սկսեցին քայլել պողոտայով եւ վանկարկել ՚Ազատ, անկախ Հայաստանՙ: Իսկ թե ինչպե՞ս էին նրանք հայտնվել պողոտայում` հարցին` պատասխանեց Հայ ազգային կոնգրեսի անդամ Արամ Մանուկյանը. ՚Այսօր քաղբանտրակյալների օրն է, եւ նրանք Հյուսիսային պողոտայում են` մեզ հետ: Նրանք միշտ են մեզ հետՙ:
Իսկ ՚Լինենք տեր պետությանՙ երիտասարդական կազմակերպության նախագահ Արմեն Համբարձումյանը վստահեցրեց. ՚Քաղբանտարկյալներն այսօր մեր երկրի ամենաազատ մարդիկ են: Նրանք կարող են շրջել, քայլել որտեղ ուզում են եւ ասել ինչ մտածում ենՙ:
40-ից ավել քաղբանտարկյալները վաը, ժամը 14.00-ին կզբոսնեն ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ:
Ի դեպ, այսօր հատկապես բարձր տրամադրություն ուներ հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանը: Ինչպե՞ս եք Ձեզ զգում հետախուզման մեջ. ՚Ա1+ՙի հարցին` պատգամավորի դիմակը պատասխանեց.՚Շատ լավ: Ես հետեւում եմ անցուդարձին եւ եւ վստահ եմ, որ մեր հաղթանակը ի վերջո կարձանագրվիՙ: Քաղաքական զբոսանքի որոշ մասնակիցներ այսօր բացի դիմակներից կրում էին նաեւ քաղբանտարկյալների լուսանկարներով շապիկներ:
Այսօրվա ակցիան տեղի ունեցավ` ՚Միասին ենք եւ միակամՙ խորագրի ներքո:
Քաղբանտարկյալները քաղաքական զբոսանքի մյուս մասնակիցներին եւ իրենց հարազատներին խոստացան այսուհետ ամեն օր զբոսնել նրանց հետ:
Էջանիշներ