Իսկ պատասխանը պարզ էր, ծիծաղելու աստիճան պարզ...սիրում եմ, սիրում եմ...պարզապես սիրում եմ։
Նկատեց հանկարծ։ Երեխաներից մեկը հայացքը չէր կտրում իր ձախ ականջից։
Նայեց խորամանկ աչքերով պստոյի մուգ կապույտ աչքերին, որսաց հայացքն ու սկսեց բարձրաձայն ծիծաղել։
Ընդամենը մի քանի օր առաջ փողոցում պատահական լսած և անսահման տհաճություն պատճառած անեկդոտը սկսեց ահավոր ծիծաղելի թվալ...

Հայրը որդուն.
- Տղա ջա՞ն..էդ ի՞նչ ա ականջիդ։
- Անկաջօղ ա, պապ։
- Հմմ...իմ իմանալով, բալա ջան, տղաների մեջ ականջօղ դնում են կամ ծովահենները կամ գ..թերը...հիմա ես դուրս եմ գալիս բալկոն...ու եթե քո նավը հայաթում կանգնած չի՛՛՛...

Տեսնելով երեխաների դեմքին հայտնված վախն ու տարակուսանքը՝ զսպեց իրեն։
Զանգը տվեց...լավ, ծանոթությունը մնաց մյուս դասին, երբ ինքը պակաս հուզախռով կլիներ ու ինքնամփոփ։

Երեկոյան Միայի հետ էր հանդիպելու։ Մնում է՝ ժամացույցը չմաշվի վրան նետած իր բազմաթիվ հայացքներից։ Երեք ժամ առաջ սկսեց պատրաստվել։ Ինքն իրեն բռնացրեց նրա վրա, որ կանացի բծախնդրությամբ ընտրում է հագուստն ու օծանելիքը...մի տեսակ զզվանք զգաց ինքն իր հանդեպ։

Հագավ առաջին պատահած շալվարն ու բլուզը ու սկսեց հետուառաջ անել սենյակում։
Ութերորդ սիգարետը վառելն ու հեռախոսի զանգը հնչելը մեկ եղավ։
Ընկերներից մեկն էր...վերջինը..իրեն լքված համարող, Միայի անունը լսելիս դեմքի մեղմ կանաչ երանգներ ու մուգ կարմիր պուտիկներ ստացող Վիտալիկը։
- Ալիի՛՛կ, - էլի էս քաղցր մեղցր տոնը...
Բան չասաց, որովհետև կար ժամանակ, որ այդ տոնից ոտքերը թուլանում էին։
- Դու գիտեե՛՛ս էդ Միադ ինչ ա իրանից ներկայացնու՛՛ ՞՞մ։
Լռում էր։
- Պարզել եմ, է՛՛։
- Ի՞նչ ես ուզում։
- Որ ասեմ՝ կընկնես, կյաա՛՛նք։
- Չզանգես էլ ինձ։
- Գերմանիայում սեռի փոփոխման օպերացիա ա արել էդ մուտանտդ, բա՛՛...Միա...չէ մի չէ՛՛...Գագոն ա ինքը, Գագոո՛՛ն..
Լսափողի միջի ծվծվան, ֆալցետախառը հռհռոցից սիրտը խառնեց։

Գլուխը ձեռքերի մեջ առած նստել էր բազնոցին։ Գիտեր՝ չի խաբում իր նախկինը։ Պարզել է, նոր է զանգել...ընդհանրապես, Վիտալիկը դասական մարմնավորումն էր այն պապենական խոսքի, որ "ինչ գ..թությունը դուրս ա եկել, նեղություն չի քաշում"։

Դռան զանգից խելքի եկավ։
Միան էր։ ինչպես միշտ՝ խելագարեցնելու չափ գեղեցիկ։ Ինչպես միշտ՝ գժվելու չափ սիրելի։
- Ալեքս...բան պետքա ասեմ..չեմ կարող չասել, - ձայնը դողում եր։
- Ես էլ, Մի...ես էլ, - թափով դեպի իրեն քաշեց կնոջը ու կրքոտ համբուրեց..

- Բախտից չենք փախչի, Մի..
Երջանիկ էր։