…
Տարօրինակ մի սենյակում եմ: Կլոր: Պատեր չունի: Մթությունն են պատերը: Առաստաղն էլ, ու հատակն էլ: Մեջտեղում խարույկ է` հսկա: Շուրջը ծալապատիկ նստել են… շներ: Բանական դեմքերով: Նրանք բոլորը ինձ են նայում: Վախենալու շիտակ: Ինձ թվում է կխելագարվեմ էդ շիտակության մեջ: Չեմ դիմանա: Կենտրոնում… ի՞նչ կենտրոն, շրջանագծով են խարույկի շուրջ… Բայց մեկ է, վստահ եմ, որ այ է՛ս մի շունը շրջանագծի հենց կենտրոնում է. շեֆն է: Դե հա, պատկառելի` ինչպես հարկն է:
- Նստիր:
Նստում եմ շրջանագծի մի կետին` հենց իր դիմաց:
Հայացքը հառած վրաս` էլի ծակող շիտակությամբ: Հա ի՞նչ: Նայիր ինչքան ուզում ես:Չնայած նեղվում եմ:
- Սպայկի հետևի՞ց ես:
- Սպայկի:
Շեֆը աչքերը դանդաղ պտտում է շրջանագծից դուրս: Խարույկից բավական հեռու ճանաչում եմ բրդոտիս կուչ եկած կերպարանքը: Մռուուութս… Ուղեղս բացում է գիրկս, մատներս ջերմանում են…
- Կարող ես վերցնել նրան: Կարող ես թողնել: Ընտրությունը քոնն է:
- Չհասկացա:
- Սիրու՞մ ես:
- Սպայկի՞ն:
- Դե հա:
Արհամարհանքով նայում եմ շեֆի պատկառելի շնային մռութին.
- Նա իմ շունն է:
- Պարզ է:
- Ի՞նչն է պարզ:
- Դուք սիրել չգիտեք:
- Ի՞նչ:
- Դուք միայն տիրում եք:
- Սիրելուց է, - ժպտում եմ:
Շնային պատկառելի մռութը նույնպես ժպտում է` բարի հեգնանքով.
- Վախից է:
- Ի՞նչ վախ:
- Կորստի:
- Էլի՛ սիրելուց է, - սկսում եմ զայրանալ
- Սիրո մեջ վախ չի լինում: Վախը միայն եսասիրությունից է կամ դրա դրսևորումներից:
- Եսասիրությունը սեր չէ՞ իսկ, - փորձում եմ նեղել:
- Սերը հավերժության լիցքն է: Իսկ հավերժությունը միակողմանի չի լինում:
- Ուրեմն ի՞նչ է եսասիրությունը, - թերահավատորեն բարձրացնում եմ հոնքս:
- Մահ:
- Տվեք իմ շանը ես գնում եմ:
- Ընտրությունը քոնն է:
- Իմն է իմը: Սպա՛յկի: Գնացի՛նք:
Սպայկը նվիրված, բայց անվստահ կլանչ է արձակում ու թախծոտ խնդրում հայացքով: Ի՞նչ է խնդրում` մտածում եմ մռայլվելով:
- Խնդրում է հասկանալ, - արտասանում է պատկառելի մռութը:
- Հասկանալ ի՞նչ, - գլուխս պտտվում է:
- Սերը ու չսպանել այն:
- Ե՞րբ եմ սպանել, - սկսում եմ հուսահատվել:
- Այն պահից, երբ վարժեցրիր նրան: Դարձրիր քո շունը: Երբ նա կորցրեց ինքն իրեն ու սկսեց ապրել քո համար: Երբ դու կորցրիր քեզ ու փորձում էիր գտնել շանդ մեջ:
- Բայց… բայց դա… դա՝ ամենանվիրված, բուռն, երկկողմանի՛, վերջապես, - վրդովվում եմ ես:
- Դա սիրո անդամահատումն է, որը սկսվում է այն պահից, երբ ուզում ես տիրել: Ե՛կ, բարեկամս, գնանք մի տեղ:
Էջանիշներ