ԲՋՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ
Օրերս հարկադիր կատարման ծառայության ներխուժումից հետո փակված “Բջնի” հանքային ջրերի գործարանի աշխատակիցները բաց-նամակ են հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, Հայաստանի Հանրապետությունում
գործող դեսպանատներին:
“Մեծարգո պարոն Նախագահ,
Ձեզ ենք դիմում Բջնի հանքային ջրերի գործարան ՓԲ ընկերության 483 (չորս հարյուր ութսուներեք) անդամներից կազմված կոլեկտիվի անունից:
Վերջին իրադարձությունների ճնշման տակ Ձեզ ենք գրում այս հուսահատ տողերը և ակնկալում ենք պաշտպանություն ստանալ:
Բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ Բջնի գործարանը քաղաքական վրեժխնդրության զոհ է դարձել, և նույնիսկ ամենամիամիտ մարդը կարող է վկայել, որ գետը հոսած հանքային ջրի համար չի կարելի ընկերությանը պահանջ ներկայացնել, ընդ որում տուգանքների և տույժերի տեսքով: Դա թողնենք, քանի որ մեր խնդիրը ոչ թե իրավաբանությունն է և երկրում տիրող արդարադատության պակասը, այլ` մեր գոյությունը:
Ինչպես գիտեք, մեր երկրում գործազրկությունը շատ բարձր ցուցանիշներ ունի, և մեր եղբայրներն ու քույրերը հիմնականում գործ չգտնելով, մեկնում են արտասահման գոյատևելու համար: Կարծես, թե այդ հարցում մեր բախտը բերել էր, ունեինք նորմալ աշխատանք և Չարենցավան քաղաքում էլ ակտիվ աշխատանքային օրակարգով էինք ապրում:
Արդյոք ճիշտ է մեկ հարվածով ազդել 483 ընտանիքի ճակատագրի վրա: Արդյոք ճիշտ է հարկադիր կատարողների «մասկի շոու» օպերացիան իրականացնել առանց այն էլ վախեցած աշխատակազմի վրա: Արդյոք ճիշտ է ոչնչացնել Բջնի և Նոյ ապրանքատեսակները, որոնց ճանաչմանը հասել ենք մեր քրտինքով:
2006-2008թթ. ընթացքում ընկերությունն աննախադեպ հաջողության էր հասել արտադրանքի արտահանումների մասով: Այս տարիների ընթացքում արտահանումների միջին աճը կազմել է 200 տոկոս: Կարծում ենք, որ մեր ղեկավարությունը քաջ տեղյակ է, թե ինչ դժվար է հայրենական արտադրանքը հանել արտասահմանյան մրցունակ շուկա և փորձել նունիսկ ինչ որ դիրք գրավել: Մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ դա հաջողվել է: Այո, ամսական մոտ 50 կոնտեյներ արտադրանք արտահանելն արդեն ցանկացած պատվոգրերի և շքանշանների արժանի արարք է և ոչ թե` հակառակը: Սրա հետևանքը նա է լինելու, որ միջազգային շուկայում հայկական արտադրանքը վստահությունը կորցնելու է: Չէ որ ցանկացած օտարերկրացի սպառող ի վերջո ձեռք կքաշի մի բանից, որը երկար կյանք չունի:
Եվ սրանից հետո էլ հարկադիր կատարման ծառայությունը փորձում է լուրեր տարածել, որ աշխատանքը դադարեցրել ենք մենք և ոչ թե` դա դադարեցվել է իրենց գործողությունների հետևանքով:
Պարոն Նախագահ, եթե ոչ հարկադիր կատարողների 21.10.2008թ. ընդունված արգելանքներ դնելու որոշումների, ապա ինչի± հետևանքով պետք է ընկերությունը դադարեցներ իր աշխատանքը: Չէ որ արգելանքի դրված գույքը, եթե վաճառվի, հետո այդ անձին քրեական պատասխանատվության կենթարկեն:
Այս նամակը գրելիս էլ հույս չունենք, որ Բջնիի հարցը կլուծվի արդարացիորեն:
Մեն գիտենք, որ Բջնի ընկերությունը վճռաբեկ բողոք է կազմում և դրա համար ունի օրենքով տրված երեք ամիս: Ընկերությունը դիմել էր նույն վարչական դատարանին և խնդրել էր մինչև բողոք բերելու ժամկետի ավարտը թույլատրել աշխատել և բռնագանձումը տարածել միայն արտադրանքի վաճառքի գումարի 40 տոկոսի նկատմամբ, մնացած գումարը թողնելով վճարել մեր աշխատավարձը, փաստաբանների վարձը, ընթացիկ հարկերը և արտադրանքի համար անհրաժեշտ ծախսերը, բայց այդ դիմումին որևէ ընթացք չի տրվել:
Մենք խնդրում ենք Ձեզ քաղաքական կամք դրսևորել և չթույլատրել Բջնի ընկերության ոչնչացումը, այլ օբյեկտիվ արդարադատություն իրականացնել այդ գործով:
Միևնույն ժամանակ խնդրում ենք թույլ տալ, որ ընկերությունը գործի և շարունակի իր արտադրանքի թողարկումը: Եթե հարմար չգտնեք տրանսպորտային միջոցների վերադարձը, մենք պատրաստ ենք նույնիսկ անձամբ մեր մեջքով կրել արկղերը և հասցնել մատակարարներին, միայն թե գործարանը աշխատի”, ասված է “Բջնիի” աշխատակիցների նամակում, որն ավարտվում է հետգրությամբ. “Եթե Դուք էլ չլուծեք մեր երկրում արդարադատության խնդիրը, ստիպված պետք է մեր ընտանիքներով դիմենք օտարերկրյա դեսպանություններին ապաստանի խնդրանքով”:
Էջանիշներ