Թերթն անդրադառնում է այն փաստին, որ գյումրեցի գործարարները մասսայաբար վաճառքի են հանում իրենց բիզնեսը՝ երկիրն ընդմիշտ լքելու մտադրությամբ.
Օրերս քաղաքի մի խումբ մտավորականներ ահազանգել էին մեր խմբագրություն խնդրելով կանխել հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող Մուշեղ Մինասյանի՝ գերդաստանով երկիրը լքելու մտադրությունը։ Ահազանզողների բնութագրելով, գործարարի ընտանիքն ու ազգականները այնքան «կիրթ են ու շնորհքով», որ եթե այսպիսի մարդիկ լքեն երկիրը, ապա հայրենիքն իրոք կհայաթափվի։ Մենք 10 տարվա գործունեություն ծավալած «Համբույր» հրուշակեղենի ֆիրմայի տնօրենից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է իր արտադրամասը վաճառքի հանելու ու հարևան Վրաստան տեղափոխվելու պատճառը, մի՞թե հայրենիքում հնարավոր չէ բիզնեսը զարգացնել։ «Ես գործունեություն ծավալել եմ այն ժամանակ, երբ գյումրեցիների մեծ մասը լքում էր քաղաքը, գնում էին Ռուսաստան։ Գյումրիում սարսափելի պայմաններն էին, մենք տնակների մեջ էինք, բայց մտածում էի, որ պիտի անպայման օգուտ տամ իմ քաղաքին, իսկ հիմա այլևս հնարավոր չէ մեր երկրում բիզնես զարգացնել, քաոսային իրավիճակ է, Հայաստանը մոնոպոլիզացված ու կոռումպացված է, այստեղ առանց հզոր ծանոթների ոչ մի բան չի կարող զարգանալ։ Թող չմտածեն, թե ես պակաս հայրենասեր եմ, երևի իմ չափ ոչ մեկն էլ չի սիրում իր երկիրը, բայց ես իրոք զարգացման ոչ մի հեռանկար չեմ տեսնում։ Վերջին 3 տարին անընդհատ տեղում դոփում ենք, լճանամ ենք»,– նեղսրտում է գործարարը։
Ի նկատի ունենալով այն, որ հրուշակեղենի այս արտադրամասը Գյումրիում կայուն սպառման շուկա ունի, մեկ անգամ ևս հարցրեցինք, թե այլևս ի՞նչ է պետք գործարարին բիզնես ծավալելու համար։ «Ճիշտ է՝ սպառման ծավալները քչացել են, բայց ես իրոք սպառման խնդիր չունեմ, նորից եմ կրկնում զարգացում չկա՝ ահա խնդիրը, ինչ մտածում ես պատերին ու քարերին է դեմ առնում, թունելի վերջում լույս չես տեսնում, անիմաստ է ամեն ինչ»,– հիսաթափված ասում է գործարարը, ով 11 աշխատատեղ է ստեղծել քաղաքում ու մտադրված է իր աշխատակիցներին ևս իր հետ տանել հարևան երկիր։
Վրաստանն այսօր օրենքի երկիր է։ Նախ այստեղ, միասնական հարկեր են գործում՝ 18%, սոցվճարները մոտավորապես 3000 դրամի կարգի են, ի տարբերության մեր երկրի, հետո Վրաստանում կարող ես ծախսերդ հիմնավորել, էստեղի պես չէ, որ ներմուծված ապրանքի համար փաստաթուղթ չտան, կամ էլ սահմանակետում եթե թափով հովանավոր ունեցար՝ էժան կբերես, էժան կձևակերպես, պետության հարկը քիչ մուծես»։
«Ամեն մի գործարար. որի խելքը արտադրությունից հասնում է, 10 տարվա ընթացքում կուզենար լուրջ գործ ծավալել, նորություններ արտադրել, այլապես իմը տնայնագործական արտադրություն է հիշեցնում»,- ասում է մեր զրուցակիցը։ Գործարարը նաև դժգոհ է երկրի բանկային ու հարկային քաղաքականությունից, ըստ նրա, բանկերը երկարաժամկետ վարկեր չեն տրամադրում, ու չնայած մեր պետությունը գերմանական հիմնադրամից, Ռուսաստանից պարտքեր վերցրեց մանր ու միջին բիզնեսը զարգացնելու նպատակով, բայց դրա տակ միայն աոևտուրը հասկացավ՝ չխթանելով արտադրողներին։ «Արտադրությունը կայացնելու համար առնվազն 10 տարի է պետք, սկզբի 2 տարին առանց տոկոսի վարկեր տան, իսկ մյուս տարիներին գոնե մաքսիմում 7%-ը չպիտի անցնի։ Էդ ինչպե՞ս է, որ Սահակաշվիլին հայտարարում է՝ եթե մի հոգին 10 աշխատատեղ ստեղծի, ես նրան քավոր կկանգնեմ, կամ Բաթումում մինիմում 50000 ներդրում անողը 15 տարով կոմունալ վճարներից ազատվում է։ Բիզնեսին խթանելը սա է, գործարարը զգում է, որ պետությունը իր մեջքին կանգնած է»,– վրացիներին նախանձում Է Մուշեղ Մինասյանը։ Իսկ մեր երկրում, ըստ նրա, ավելի շատ խանգարում ու վնասում են։
Tert.am
Էջանիշներ