User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Հանրահավաք «Ազատության հրապարակում»

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Հանրահավաք «Ազատության հրապարակում»

    Նիկոլ Փաշինյանի ելույթը «Ազատության հրապարակում»


    Սիրելի ժողովուրդ.
    Այն, որ սա կոչում եմ ելույթ Ազատության հրապարակում, ամենեւին էլ քարոզչական հնարք չէ, ոչ էլ սրամտության դրսեւորում: Սա ընդամենը քրիստոնեական հայտնի սկզբունքի երկրորդումն է, եւ ըստ այդմ` այնտեղ, ուր ներկա են Ազատության, Օրինականության, Ժողովրդավարության համար մղվող պայքարի մի քանի նվիրյալներ, ահա այդ հավաքատեղին պետք է համարել Ազատության հրապարակ:

    Այսօր այդ վայրը թերթի այս էջն է, եւ հենց թերթի ընթերցողների մասնակցությամբ է տեղի ունենում մեր հերթական հանրահավաքը, եւ բարեբախտաբար, այն իր մասշտաբներով ծանրակշիռ է: Այսօրվա հանրահավաքին մասնակցում է նվազագույնը 20 հազար մարդ. հաշվի առնենք թերթի վաճառվող տպաքանակը եւ այն, որ ամեն թերթը կարդում է առնվազն երկու հոգի, սրան գումարած ինտերնետային տարբերակը, սրան գումարած «Պայքար, պայքար մինչեւ վերջ» ինտերնետային ընդհատակյա թերթի ընթերցողները: Սրան էլ գումարենք բոլոր նրանց, ովքեր այս իրադարձությամբ հետաքրքրված` կփորձեն եւ կձգտեն այս ամենի մասնակիցը դառնալ: Կարծում եմ` բոլորդ համոզվեցիք, որ այսօր մենք ունենք բավական ծանրակշիռ մի հանրահավաք: Եւ ուրեմն, այսօրվա մեր հանրահավաքը հայտարարում եմ բացված:

    ***
    Թերթը կարդում եւ ուրեմն այս հանրահավաքին ներկա են Հայաստանի առաջին նախագահ, Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ ղեկավար, 2003-ին Հայաստանի ընտրված նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը, Էմանուել Գասպարյանը, Ռուբեն Թորոսյանը, Դավիթ Հակոբյանը: Ավելին, այսօր մեր հարթակում են նաեւ Պետրոս Մակեյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Խաչատուր Սուքիասյանը, Միքայել Հայրապետյանը, Սմբատ Այվազյանը: Կարճ ասած, մեր հարթակը` իր ողջ կազմով, եւ նրանք բոլորը հիմա յուրաքանչյուրիդ հետ զուգահեռ հետեւում են այսօրվա հանրահավաքի ընթացքին:
    Ողջունենք նրանց, ողջունենք բոլոր քաղբանտարկյալներին եւ մաղթենք նրանց կամք ու տոկունություն: Ավելի ճիշտ, մեզ` բանտում չգտնվողներիս, մաղթենք այնքան կամք ու տոկունություն, որքան քաղբանտարկյալներն են այս ընթացքում ցուցաբերել: Ու եկեք նրանց ասենք բարձրաձայն. պարոնայք. մենք հպարտանում ենք ձեզանով ու ինչ-որ տեղ նաեւ ամաչում ձեր առաջ: Ներեցեք մեզ, որ այս պահին դուք ազատության մեջ չեք, ներեցեք մեզ, որ այս պահին մենք ձեր կողքին չենք: Եւ ուզում եմ քաղբանտարկյալների առաջ բարձրաձայն ձեւակերպել հետեւյալ խնդիրը. կա՛մ դուք կլինեք ազատության մեջ, կա՛մ մենք կլինենք բանտում: Այսինքն` մոտենում է, շատ շուտով հասնելու ենք այն սահմանագծին, որ այս վիճակը հանդուրժելի չի լինի ոչ մի կերպ, եւ կա՛մ բանտում գտնվողները պետք է լինեն ազատության մեջ, կա՛մ ազատության մեջ գտնվողները հայտնվեն բանտում: Արձանագրենք սա որպես հստակ ձեւակերպված անելիք:

    Մեր առաջնորդը, այն մարդը, որ բոլորիս վերստին հույս ներշնչեց, որ Հայաստանը լինելու է ազատ եւ արժանապատիվ երկիր, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ունենալով մեր կատարյալ եւ անվերապահ վստահությունը, իր վերջին ելույթում որոշ մարտավարական սրբագրումներ մտցրեց պայքարի մեջ, եւ այդ որոշումը մենք ընդունում ենք ի գիտություն` հիմք ընդունելով ոչ միայն առաջին նախագահի անվերապահ հեղինակությունը, այլեւ նրա փաստարկների համոզչականությունը: Այդ ելույթից բխում է, որ մարտավարական դադար չի նշանակում պայքարի դադար, արձակուրդ, հանգիստ, այլ ընդհակառակը` նշանակում է կազմակերպչական աշխատանքի կրկնապատկում, եռապատկում, աշխատանքային մեխանիզմների հղկում, Հայ ազգային կոնգրեսի տարածքային կառույցների եւ ընդհանրապես` Կոնգրեսի կազմակերպչական վերջնական կայացում: Եւ այս աշխատանքի ամենօրյա, ամենշաբաթյա գնահատումը հստակ պատասխան կտա այն հարցին, թե դեպի ուր ենք մենք շարժվում եւ ինչ ենք ունենալու մեկ ամիս, երկու ամիս, երեք ամիս անց: Որովհետեւ ամենեւին հարկավոր չէ սպասել, որ այդ մեկ ամիս անցը գա` այն տեսնել, գնահատելու համար: Այսօր, վաղը, գուցե մյուս օրը այդ երկու-երեք ամիս անցի ուրվապատկերը կսկսի երեւալ, եւ եթե այդ ուրվապատկերները դալուկ լինեն, մենք չպետք է խուսափենք դրանք համապատասխան գնահատականի արժանացնել եւ համապատասխան սրբագրումներ մտցնել դրանք գծագրող մեխանիզմներում: Մեր խնդիրը չի փոխվել ու չի փոխվելու, մինչեւ այն չլուծվի. ավազակապետական ռեժիմը պետք է կործանվի, մարտի 1-ի սպանդի հեղինակները պետք է կանգնեն դատարանի առաջ: Մենք պարտավորություն ունենք մեր երկրի, մեր ժողովրդի ապագայի առաջ, մենք պարտավորություն ունենք մարտի 1-ի զոհերի հիշատակի, նրանց ընտանիքների, նրանց երեխաների, նրանց չիրականացված երազանքների առաջ: Մենք պետք է ապացուցենք, որ նրանց պայքարը իմաստ ուներ, մենք պետք է ապացուցենք, որ նրանք պայքարել են իրենց երեխաների ապահով ապագայի, արժանապատվության համար: Իսկ սա ապացուցելու միայն մի տարբերակ կա. նրանց երեխաները, մեր երեխաները պետք է ապրեն ազատ եւ երջանիկ Հայաստանում, եւ այսպիսի Հայաստան կերտելու ճանապարհին մենք չպետք է կանգնենք ոչնչի, բացարձակապես ոչնչի առաջ: Մենք պիտի պայքարենք մինչեւ վերջ, մինչեւ հաղթանակ, այնպիսի հաղթանակ, որ տեսանելի լինի ու շոշափելի, տեսանելի ու շոշափելի լինի Հայաստանի յուրաքանչյուր, յուրաքանչյուր քաղաքացու համար:

    ***
    Երեկ լրացավ 2007 թվականի հոկտեմբերի 23-ի իրադարձությունների մեկ տարին: Եւ այս իրադարձությունը արժանի է հատուկ անդրադարձի, որովհետեւ սրա հիմքում ընկած իրավիճակը կանխորոշեց 2008 թվականի մարտի 1-ը: Իսկ ի՞նչ էր ընկած 2007 թվականի հոկտեմբերի 23-ի իրադարձության հիմքում. այդ օրը մենք` Հայաստանի մի խումբ քաղաքացիներ, իրականացնում էինք այնպիսի գործողություններ, որ թույլատրված են Հայաստանի Հանրապետության օրենքով: Ընդհանրապես, քաղաքացիներն իրավասու են կատարել օրենքով չարգելված գործողություններ, բայց 2007 թվականի հոկտեմբերի 23-ին մենք կատարում էինք Երեւանի քաղաքապետարանին իրազեկված, իրազեկումն ի գիտություն ընդունված հանրահավաքի մասին տեղեկատվության տարածում: Դա անում էինք թռուցիկներ բաժանելու, բարձրախոսով հայտարարություններ անելու, պաստառներ կրելու միջոցով: Գործողություններ, որոնք ճշգրտորեն կրկնում են այն ամենը, ինչ թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, հասկանալի ձեւակերպված է օրենքի մեջ: Ուշադրություն դարձրեք, այդ գործողությունները ոչ միայն օրենքով արգելված չեն, այլեւ թույլատրված են ուղղակի, աներկբա, անսակարկելի կերպով: Եւ ահա, մի խումբ ոստիկանական համազգեստ հագած անձինք` Սաշիկ Աֆյանի գլխավորությամբ, Երեւանի Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում փակում են մեր ճանապարհը: Սաշիկ Աֆյանը մի պահանջ է ներկայացնում` դադարեցնել բարձրախոսով հայտարարությունները: Մենք, բնականաբար, հրաժարվում ենք այդ անել` նրան ցույց տալով օրենքի համապատասխան կետերը: Աֆյանը մեկ-երկու տասնյակ ոստիկանների հետ փորձում է մեզնից խլել բարձրախոսը. չի կարողանում: Եւ ահա, հրավիրում է հատուկջոկատայինների, որոնք էլ մեզ տանում են ոստիկանություն:

    Ի՞նչ էր այս ամենը նշանակում. ընդամենը մի բան, որ ՀՀ քաղաքացին ոչ միայն զրկված է օրենքով չարգելված գործողություններ կատարելու հնարավորությունից, ինչը միջազգայնորեն հռչակված իրավունք է, այլեւ զրկված է օրենքով իրեն վերապահված իրավունքների իրացումից նույնպես: Սա հստակ մարտահրավեր էր` դրված Հայաստանի քաղաքացու առաջ, եւ այդ մարտահրավերը այսօր էլ գոյություն ունի` էլ ավելի սրված: Եւ սա հասկանալի է. եթե քաղաքացուն կարող են զրկել օրենքով իրեն վերապահված X իրավունքից, նրան կարող են զրկել նաեւ Y, Z, C, եւ ընդհանրապես, մնացած բոլոր իրավունքներից: Գուցե այդ իրավունքը հնարավոր է վերականգնել իրավակա՞ն, դատակա՞ն եղանակով: Բայց հոկտեմբերի 23-ի իրադարձությունների փաստի առիթով քրեական գործ հարուցվեց ոչ թե Աֆյանի ու նրա հանցախմբի, այլ իրենց իրավունքներից չհրաժարված քաղաքացիների դեմ, որոնց նաեւ մեղադրանք առաջադրվեց: Գուցե այդ իրավունքը պետք էր վերականգնել դատարաններո՞ւմ: Ի՞նչ է մեզ ասում մեր հիշողությունը, եւ ի՞նչ է իրենից ներկայացնում մեր դատական համակարգը. 2003 թվականին Հայաստանի բարձրագույն դատական մարմինը` ՍԴ-ն, որոշեց, որ պետք է Հայաստանում լինի նախագահի վստահության հանրաքվե: Մինչեւ օրս նման բան տեղի չի ունեցել: Հետո ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց այն իրավական ակտերը, որոնց հիման վրա Երեւանի կենտրոնի հազարավոր բնակիչներ զրկվել են իրենց տներից, սեփականությունից: Եւ ի՞նչ փոխեց սա այդ իրավազրկված մարդկանց կյանքում. ոչինչ:

    Դատավոր Պարգեւ Օհանյանը արդարացրեց Մաքսայինի նախկին եւ ՊԵԿ գործող ղեկավարության կոռուպցիայի զոհ դարձած գործարարների եւ զրկվեց դատավորի կարգավիճակից:

    Ինչո՞ւ եմ այս ամենը ասում, որովհետեւ 2007 թվականի հոկտեմբերի 23-ը առաջին հստակ եւ ամփոփ ապացույցն էր այն բանի, որ Հայաստանի քաղաքացին զրկված է օրենքով իրեն վերապահված իրավունքների իրացումից, զրկված է իր իրավունքների պաշտպանության` օրենքով ու Սահմանադրությամբ նախատեսված բոլոր միջոցներից: Եւ այդ ժամանակ առաջին անգամ ակնհայտ դարձավ, որ կա՛մ քաղաքացին անձամբ, սեփական ձեռքերով, անհրաժեշտության դեպքում քար ու փայտ ձեռքին առած կպաշտպանի այդ իրավունքները, այնպես ինչպես արեց նաեւ մարտի 1-ին, կա՛մ էլ կդառնա բույսի պես մի բան: Հայաստանի ավազակապետական իշխանությունը քաղաքացուն պատկերացնում է բույսի դերում, որին կարելի է հորել, կտրտել, եփել, կուլ տալ եւ մարսել:

    Մենք ասում ենք, որ սրանց, սերժանտական այս խուժանին թույլ չենք տա քաղաքացուն բույսի տեղ դնել: Մեզ կարելի է գնդակահարել, զնդանները լցնել, մեզ կարելի է քառատել անգամ Երեւանի փողոցներում: Բայց մեզ հնարավոր չէ կուլ տալ եւ մարսել: Մենք որպես ոսկոր կանգնած ենք ավազակապետության կոկորդին ու կազմաքանդելու ենք այդ ավազակապետությունը: 2007 թվականի հոկտեմբերի 23-ին Համաժողովրդական շարժման ակտիվիստները ՀՀ առաջին նախագահի գլխավորությամբ հավաքվեցին Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանության առաջ եւ ազատեցին մեզ գերությունից: Եւ այսօր ուզում եմ ընդգծել. սա է միակ փիլիսոփայությունը, որ մեզ կբերի հաղթանակի, սա է միակ մարտավարությունը, որ Հայաստանին կբերի հաղթանակի:

    Ուզում եմ նաեւ դիմել մեր շարժման հարյուր հազարավոր մասնակիցներին:

    Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը. պայքարելու ենք մինչեւ վերջ ու հաղթելու ենք: Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է:

    Կհանդիպենք հաջորդ ուրբաթ Ազատության հրապարակում:

    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
    1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք «Ազատության հրապարակում»

    ԵԼՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ


    Սիրելի ժողովուրդ.

    Այսօրվա մեր խնդիրը շատ պարզ է եւ հստակ. չկանգնել, չկանգնել ոչ մի վայրկյան, չկանգնել ոչ մի դեպքում, հասնել այս ճանապարհի վերջին, որտեղ մեզ սպասում է Ազատ եւ Երջանիկ Հայաստանը: Մեր այս հանրահավաքները հենց դա են խորհրդանշում. մեր նպատակամղվածությունը եւ հաղթական հանգրվանին հասնելու մեր կամքը: Եւ ահա, այսպես, մեր այսօրվա հանրահավաքը հայտարարում եմ բացված:

    Այսօր, ինչպես պայմանավորվել ենք, ես պետք է ելույթ ունենամ: Այս ելույթը, սակայն, մի փոքր այլ բնույթ կունենա. նամակի, ավելի ճիշտ` պատասխան նամակի բնույթ: Պատճառն այն է, որ նախորդ շաբաթ «Հրապարակ» օրաթերթում տպագրվել է մի նամակ, որ ինձ էր ուղղված: Ստորեւ ներկայացնում եմ այն:

    ***

    նամակ Նիկոլին

    Նիկոլ, ես քո խառըխշտիկ-զգացմունքային երկը` «Երկրի հակառակ կողմը», ընկալում եմ որպես նամակ մեզ: Ինձ` նրանցից մեկին, որը ձմռան ցրտին Օպերայի աստիճանների մոտ էր, Մյասնիկյանի արձանի պատվանդանից ներքեւ, եւ ընդհանրապես, ինչպես Նար-Դոսի հերոսն էր ասում, դու վերեւն էիր միշտ, ես ու իմ նմանները` ներքեւը:

    Եւ հետագա մեր հավաքներից` Հյուսիսային պողոտայում ու միտինգներին, համոզվեցի, որ պատանիները, նույնիսկ երեխաները կարոտում են քեզ: Շատ եմ լսել` «այ թե Նիկոլը լիներ», կամ դրա նման շատ բաներ: Ինձ` քո հասակակցի համար, դու թվում էիր մի տղա, որն ուզում է տղա լինել, հավերժական տղա, որովհետեւ հեռու է հայ տղաներից դեպի տղամարդը տանող ճանապարհը` ցավոք, ու այսօր հարկ է տղա լինել... Իսկ դու ջղաձիգ, խորհրդավոր, տարօրինակ, վտանգավորի ու տաղանդավորի արանքում ճոճվող մի տղա էիր, որ, չգիտեմ` ի հաշիվ ինչի, կարողանում էիր ապահովել երիտասարդ տղաների ու աղջիկների «դուխը», այսինքն` իրար էիք «դուխ» տալիս, որովհետեւ քեզ եւ համալսարանից փախած ուսանողներին պետք էր «դուխով» տղա լինել կամ երեւալ` մականունավոր օլիգարխների ու չար-գյադայական Քոչարյանի աչքին:

    Քո տպագրված առաջին բանաստեղծությունը, որը երգ դարձավ` որբացած Ազատության հրապարակի մասին, նա, որի մեջ կար «Թումանյանի տաք ծոց» արտահայտությունը, իսկական պոեզիա էր, եւ անհնար է առանց հուզմունքի այն կարդալն ու հետագայում լսելը, այնտեղ կա շատ լաց այն տղայի կողմից, որը ամբիոնի առաջ էր` այն տղաների ու աղջիկների համար, որոնք կոտորվեցին ֆիզիկապես կամ ներաշխարհով:

    Նիկոլ, անկման այս տրամադրությունների ժամանակ, երբ քեզ լսող եւ քեզնից ոգեւորվող շատ տղաներ եւ աղջիկներ կա՛մ արդեն գնացել են Երկրի հակառակ կողմը, կա՛մ պատրաստվում են գնալ, արդեն չի փրկում քո հեռակա ներկայությունը, թեկուզ եւ դու մեյդան բերես «հեղափոխություն» բառը: Հայրենիքը, որը ինչպես դու էիր ասում, թողնելու ենք մեր երեխաներին, ժամ առ ժամ է հեռանում մեզանից: Քո երկը` «Երկրի հակառակ կողմը», ես ընկալեցի տարբեր օրերին ու նույնիսկ տարբեր տրամադրություններին` տարբեր. կարելի էր կարծել, որ դու ինչը որ չես ուզում ասել բաց տեքստով, ասում ես այդտեղ, կարելի էր մտածել, որ այդպես ես միայն հեշտ սեր խոստովանում կնոջդ կամ հայրենիքիդ, որ այդպես ես միայն հեշտ բացում ոչ քաղաքում մեծացած, տատիկի դաստիարակած տղայի էությունը. ասես հայ տղամարդկանց ես սովորեցնում` գոնե հանուն հեղափոխության հաղթանակի սեր խոստովանել: Գրվածքդ անընդհատ չէր կարդացվում, կարդում էինք, որ տեսնենք` ո՞ւր է հասել քո ջղաձգության աստիճանը... Մեկ-մեկ էլ երկարաձգված տողերի արանքում մտածում էինք, որ կարո՞ղ է այս տղան ցանկացել է գրող դառնալ` չի ստացվել, դրա դարդից է հեղափոխություն սկսել...

    Քո գրվածքի հերոսը վատ տղա չէ, մտածող տղա է ու դրանից էլ` մի քիչ խեղճ, իգական, ինչպես Հրանտ Մաթեւոսյանի հերոսներից շատերը, այսինքն` խղճով մեկը, որը երազում է այդպիսին չլինել, բայց չի կարող, քանի որ մանկության տարիներին չափազանց շատ է սիրվել ու խղճի կողքին ապրել:

    Այն, ինչ եղավ Ազատության հրապարակում` խարույկների մոտ, քո խռպոտված ձայնի ժամանակներում, մնալու է երիտասարդների հիշողության մեջ, բայց կարծում եմ` դա մի ժամանակ էր, որն այլեւս չի կրկնվելու: Հիմա միտինգավոր յուրաքանչյուր երեխա անգիր գիտի եւ երբեմն իրեն-իրեն արտասանում է` «այս հրապարակում դավաճան չկա, այս հրապարակում կասկածող չկա...»: Հա, բայց ո՞ւր է այդ հրապարակը, Նիկոլ, ես նկատի ունեմ հրապարակը` բոլոր չկասկածողներով, իսկ այն ժամանակ չկասկածողը պետք է պոեզիայով, սիրահարությամբ ու սրտով չկասկածեր միայն, որովհետեւ երբ գալիս էր բանականությունը, անհնար էր չկասկածել...

    Ամեն դեպքում` տխուր է, Նիկոլ: Փաստորեն, դու շատ ավելի կարեւոր էիր երիտասարդության համար, քան մենք` քո հասակակիցները, կարող էին պատկերացնել: Ես չեմ ուզում երթը թափորի վերածվի, ես չեմ ուզում, որ Ազատության հրապարակի ազատության ոգին մնա որպես անուշ հիշողություն ու սրտի հույս արտերկիր փախչող երիտասարդության համար: Ողջույն, Նիկոլ:

    ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ
    ցուցարար-ընթերցող


    ***

    Նամակի հեղինակին անձամբ չեմ ճանաչում, եւ սա առավելություն է տվյալ դեպքի համար, որովհետեւ հեղինակի դերում կարող եմ պատկերացնել ձեզանից յուրաքանչյուրին: Հույս ունեմ, որ Մարիամ Գրիգորյանը դեմ չի լինի, որ իր նամակի պատասխանը հասցեագրված լինի ոչ միայն իրեն, եւ այդ պատասխան նամակը փոխարինի իմ այսօրվա ելույթին: Ահա, ուրեմն`

    նամակ Մարիամին Ողջույն, հարգելի Մարիամ.

    Ես Ձեր նամակը կարդացի մի քանի անգամ, որովհետեւ արդեն ութ ամիս սպասում եմ նրան: Ութ ամիս նամակ եմ սպասում Հայաստանից. ոչ թե Հայաստանից, այլ Հայաստանից, ու երբ Ձեր նամակը կարդացի, ինձ թվաց` այն Հայաստանն է գրել: Ութ ամիս նամակ էի գրում ու ոչ մի պատասխան չէի ստանում: Հետո, բաներ կան, որ հնարավոր չէ գրել նամակում, բայց հնարավոր է գրել պատասխան նամակում: Ու Դուք այնպիսի հարցերի մասին եք գրում, որոնց ես ինքնուրույն, ինքնաբուխ չէի համարձակվում անդրադառնալ: Ավելի ճիշտ, այս ընթացքում մի քանի անգամ փորձել եմ, բայց այդ փորձերս վախվորած են եղել, անվստահ:

    Այսպես կիսաձայն, հետո ավելի բարձր փորձել էի պատասխանել այն հարցին, որը նաեւ Դուք եք ձեւակերպում. բայց ո՞ւր է Ազատության հրապարակը: Դուք նաեւ օգտագործում եք «որբացած Ազատության հրապարակ» ձեւը:

    Ես իսկապես կարծում եմ, որ Ազատության հրապարակը տեղանք չէ, Ազատության հրապարակը մարդ է, ավելի ճիշտ` մարդիկ` առնվազն 1+1: Այս մասին մի անգամ ասել էի, բայց ոչ մի պատասխան չէի ստացել, հետո որոշեցի ավելի բարձր ասել` ելույթ ունեցա, ու եթե Ձեր նամակը մեկ-երկու օր էլ ուշանար, իմ ջղաձգությունը իսկապես կարող էր անհավանական չափերի հասնել, բայց Դուք դա կանխեցիք: Եւ ես հիմա ավելի համոզված եմ ասում, Ազատության հրապարակը այստեղ է, որովհետեւ Դուք եւ ես, ահա, կանգնած այդ հրապարակում, խոսում ենք նույն բաների մասին, ինչի մասին խոսում էինք, եւ տասնյակ հազարավոր մարդիկ հետեւում են մեր խոսակցությանը: Մենք շատ ենք ասել` Ազատության հրապարակի ոգի, ասել ենք, որ այդ ոգին է կերտելու Ազատ եւ Երջանիկ Հայաստանը` Ազատության հրապարակի ոգին: Ու հիմա Սերժին թվում է, թե երբ ինքը էքսկավատորով քանդում է Օպերայի հրապարակը, այն ոգին է քանդում, որի գոյության գիտակցումից չի քնում գիշերը: Բայց այդ ոգին, ախր, Օպերայի բակում չէ, այլ մարդկանց մեջ: Նա այս մասին էլ է մտածել, դրա համար քաղբանտարկյալներ է լցրել զնդանները եւ ուզում է այդ ոգին ջարդել նրանց մեջ: Դա չի հաջողվի, բայց այս պահին խոսքս սրա մասին չէ:

    Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ տասնյակ հազարավոր երիտասարդներ կան, տասնյակ հազարավոր, ովքեր մարտի 1-ին քարը, փայտը ձեռքներին բարիկադների վրա կռիվ են տվել ավտոմատավորների դեմ ու հաղթել, եւ հիմա ոչ ոք նրանց տեղը չգիտի, չգիտի, թե ովքեր են նրանք: Նրանք Հայաստանում են, նրանք ոչ մի տեղ չեն գնացել, նրանք հիմա Երեւանի փողոցներով քայլում են, դասի են գնում, սրճարանում սուրճ են խմում, գործի են գնում` գառնուկի տեսքով, նրանց հիմնական մասը անգամ Հյուսիսային պողոտա չի եկել ոչ մի անգամ: Շատերը անգամ հանրահավաքի չեն գալիս:



    շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք «Ազատության հրապարակում»

    շարունակություն



    Թանկագին Մարիամ, չհավատաք, թե նրանք կոտրվել են: Նրանք ամուր են եւ իրենց մեջ հիմա ավելի կարեւոր բան են պահպանում. Ազատության հրապարակի ոգին: Եւ երբ Դուք, հանրահավաքը որոշի, որ այդ ոգու ժամը եկել է, չկասկածեք, այդ տղերքը, իրենց սիրած աղջիկների հետ, նորից իրենց մասին հիշեցնելու են: Այո, նրանք գալու են սիրած աղջիկների հետ, հանուն նրանց, որովհետեւ նրանք տղա են, տղամարդ են, ոչ թե որովհետեւ հաստ մուսկուլներ ունեն կամ ախրանա կամ փող, այլ տղա են, որովհետեւ սիրում են իրենց ընկերուհի-աղջիկներին, հանուն այդ սիրո են տղամարդ, որովհետեւ նրանց համար հայրենիքը այդ աղջիկներն են, որոնց հետ իրենք վաղը ընտանիք են կազմելու եւ ունենալու են սիրուն բալիկներ, եւ այդ բալիկները ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում: Մարտի 1-ին ինչո՞ւ նրանք չփախան, որովհետեւ Մյասնիկյանի արձանի մոտ եկել էին իրենց սիրածների հետ, այդ հզոր ուժն էր նրանց թիկունքում, ու նահանջելու տեղ չունեին:

    Տեղ ունեին, բայց դե, պիտի ապացուցեին, որ տղամարդը ոչ թե հաստ մուսկուլներով անուղեղներն են, այլ իրենք` հիմնականում բարակ-մարակ, առաջին հայացքից շփոթված այդ տղերքը: Ու, թանկագին Մարիամ, ես հարթակում, այսինքն` վերեւում էի ոչ նրա համար, որ Ձեզ թողնեմ ներքեւում: Վերեւում էի նրա համար, որ էդ տղերքը ապացուցեն իրենց ով լինելը, բայց եւ այսօր չլինեն հետախուզվողների ցուցակում: Ու էդ տղերքից ոչ ոք ոչ մի տեղ չի գնացել, հավատացեք: Նրանք չկասկածողներն են, նրանք հաղթողներն են, նրանք կհաղթեն ցանկացած պահի, երբ ուզենան, բայց նրանք չեն ուզում հաղթանակ, որ միայն իրենցը լինի, նրանք ուզում են հաղթանակ, որ լինի նաեւ նրանցը, ովքեր իբր պետք է պարտվեն այս պայքարի արդյունքում: Ասում եմ «իբր», որովհետեւ մեզ համար հաղթանակը նա չէ, որ մենք գլուխ գովանք, ասենք` տեսա՞ք, ոնց ձեզ ծնկի բերեցինք: Մեզ համար հաղթանակն այն է, որ «դուխով տղա» լինելու կարիք չլինի այս երկրում, ավելի ճիշտ` տղերքը, տղամարդիկ չբաժանվեն դուխովների եւ ոչ այնքան, որ այդ բոլոր հասկացությունները, մտածումները, զգացողությունները պարփակվեն մեկ բառի մեջ` Քաղաքացի:

    Մարիամ, հիմա Ձեզ հայտնի մարդիկ շատ են ասում, որ «Քաղաքացի», «Ազատություն», «Հայրենիք», «Ընտանիք» բառերը ընդամենը միամիտ ժողովրդին խաբելու միջոցներ են, օրինակներ են բերում` հեղափոխությունների, ապստամբությունների պատմությունից: Ես չգիտեմ` մարդիկ դրան ինչպես են արձագանքում, ոչ էլ ուզում եմ պատմական հակաօրինակներ բերել: Որովհետեւ մեր ժողովրդի պրոբլեմը եղել է այն, որ նա գրեթե միշտ քարշ է եկել պատմության ետեւից, եւ, մեծ հաշվով, ինքը պատմություն չի կերտել: Ու մեր Հեղափոխությունը, մեր Ազատությունը, մեր Հայրենիքը ոչ թե պատմական օրինակներ կրկնելու, այլ պատմություն կերտելու եւ այդ պատմությունը ուրիշների համար ուսանելի դարձնելու թատերաբեմ է: Սրա համար ոչ թե ուղղակի հաղթանակ է պետք, այլ Մեծ Հաղթանակ, եւ մենք այսօր, հենց հիմա հասունացնում ենք այդ հաղթանակը: Եթե կուզեք` ձգում ենք այդ հաղթանակը, որովհետեւ չենք ուզում, ինչպես Դուք եք դիպուկ բնորոշում, «հավերժական տղայի» կարգավիճակում լինել եւ պարտավոր ենք անցնել «դեպի տղամարդը տանող» երկար ու դժվար ճանապարհը: Երբ պահի տակ, ոգեւորված, տաքացած գնում հաղթում ես, դա տղայի հաղթանակ է, իսկ երբ հաղթում ես դաժան ճանապարհը հաղթահարելով, ահա դա տղամարդու հաղթանակ է: Մենք տղամարդու հաղթանակ ենք տանելու, մենք տղամարդու հաղթանակ ենք տոնելու: Տղային ոչ թե դուխն է տղամարդ դարձնում, այլ արցունքները չթաքցնելու կարողությունը, ոչ թե փառքը, այլ նվաստացումը, ոչ թե ոգեւորությունը, այլ հուսահատությունը, ոչ թե հաղթանակը, այլ դրա անհնարինությունը: Անհնարինության միջով է անցնում դեպի տղամարդը տանող ճանապարհը. տղան վերջնականապես տղամարդ է դառնում այն ժամանակ, երբ հաղթահարում է անհնարինությունը ու ձեռքը վերցնում հաղթանակը: Ու մարտի 1-ի տղերքը հիմա էդ անհնարինության միջով են քայլում ու քայլելու են մինչեւ վերջ: Նրանք գիտեն, որ իրենց սիրած աղջիկների, ապագայում` իրենց կանանց հետ Երեւանի փողոցներում հանգիստ ու արժանապատիվ քայլելու համար այդ փողոցների ամեն սանտիմետրը պետք է ազատեն բեսպրեդել կոչվող ստահակից: Ու մարտի 1-ին նրանք հասկացան, որ կարող են դա անել: Ու ստահակն էլ հասկացավ, որ կարող են անել, ու այդ պահին հեղափոխությունը, իսկական հեղափոխությունը սկսվեց ու չի կանգնելու, մինչեւ մարդիկ Երեւանի փողոցներով քայլելիս ոչ թե դուխով տղայի կամ օլիգարխի բաջանաղի ընկերոջ, այլ Քաղաքացու կեցվածքը նախընտրեն: Ես դա Ձեզ խոստանում եմ:

    Մարտի 1-ին ստահակը կրակեց մեզ վրա, սպանեց մեզ, ինչը նշանակում է, որ հեղափոխությունը անխուսափելի է, ոչ ոք այլեւս չի կարող այն կանգնեցնել: Ոչ ոք:

    «Ազատություն» ռադիոկայանը ինձ հարցնում է. բա ի՞նչ եղավ հեղափոխությունը: Մենք մոռանում ենք, որ հեղափոխությունը իրադարձություն չէ, հեղափոխությունը գործընթաց է, եւ այսօր, հենց հիմա այդ գործընթացը տեղի է ունենում Հայաստանում:

    Պատմաբանները մինչեւ հիմա թեժ վեճեր են մղում մարդկության պատմության ամենամեծ հեղափոխություններից մի քանիսի մեկնարկի եւ ավարտի հետ կապված հարցերի շուրջ. նրանք վիճում, վիճում են, թե երբ է սկսվել այս կամ այն հեղափոխությունը, երբ է ավարտվել, ու մինչեւ հիմա չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ:

    Թանկագին Մարիամ, հեղափոխությունը Ձեր նամակն է, որովհետեւ Դուք կարող էիք գրիչ չվերցնել, ու չգրել այն` մնալով Ձեր տան, Ձեր աշխատանքի, Ձեր կենցաղի ու առօրյայի հոգսին: Բայց Դուք գրել եք այդ նամակը, ու ակնհայտ է, որ պոռթկում չէ դա, այլ երկար մտածումների, վերլուծությունների, նաեւ կասկածների արդյունք: Իսկ սա նշանակում է, որ Դուք հրաժարվել եք, հրաժարվում եք «Քաղաքացի», «Ազատություն», «Հայրենիք», «Ընտանիք», «Հեղափոխություն» բառերին վերաբերվել այնպես, ինչպես սերժանտական «Հայլուրն» է Ձեզ հրամայում: Դուք հրաժարվում եք աներկբա հավատալ նաեւ այն ամենին, ինչ հնչում է հանրահավաքի հարթակից կամ գրվում թերթի էջերում: Դուք պատասխան եք պահանջում, Դուք բացատրություն եք պահանջում, եւ ես հպարտ եմ, որ նաեւ ինձնից է Ձեր պահանջը: Եւ ես գիտեմ, որ պարտավոր եմ Ձեր առաջ պատասխան տալ:

    Դուք շարունակ կանգնած եք Ազատության հրապարակում, որովհետեւ այնտեղ, ուր Դուք կանգնում եք, գտնվում եք, ինքնաբերաբար դառնում է Ազատության հրապարակ, որովհետեւ Ազատության հրապարակի ոգին Ձեր մեջ է: Ինչ-որ մեկն էլ Ձեզ համար է քարով գնացել ավտոմատավոր ստահակի դեմ: Սրա համար եմ ասում, որ Ձեր նամակի հեղինակը Հայաստանն է:

    «Երկրի հակառակ կողմի» մասին: Չէ, այն գրելու իմ որոշման պատճառը ամենեւին էլ գրող դառնալու մանկական երազանքը չէ: Դրա պատճառը նույնպես Ազատության հրապարակն է: Մարտի 1-ից հետո գրեթե ամեն օր ինչ-որ բան գրել եմ: Աշխատել եմ ամեն օր ինչ-որ կերպ հանդես գալ Ձեր առաջ, որովհետեւ ցանկացել եմ ամեն օր լինել Ազատության հրապարակում եւ ամեն օր եղել եմ Ազատության հրապարակում, որովհետեւ Ազատության հրապարակում լինել` չի նշանակում լինել Օպերայի մոտ, Ազատության հրապարակում լինել` նշանակում է լինել Ձեզ հետ: Ինձ համար երբեմն կարեւոր էլ չի եղել` լավ բան եմ գրել, թե վատ, խելացի միտք եմ արտահայտել, թե ոչ այնքան. կարեւոր է, որ ամեն օր լինեմ Ձեզ հետ: Ազատության հրապարակում, հանրահավաքի հարթակից ունեցած իմ ելույթներին, ժեստերին, շարժուձեւերին էլ չի կարելի նույն գնահատականը տալ. մեկը հաջող է եղել, մյուսը` անհաջող: Բայց կարեւորը եղել է այն, որ մենք իրար հետ ենք, ու սրա համար եմ ամեն օր ինչ-որ բան գրում` ամենեւին հավակնություն չունենալով, թե իմ ամեն գրածը ստացվել է, կամ Դուք պետք է ամեն ինչ կարդաք: Ինձ համար կարեւոր է, որ Դուք տեսնեք, որ այստեղ եմ` Ազատության հրապարակում: Ոչ թե որպես միայն հարթակի մարդ, այլ որպես եղբայր, որպես որդի, որը երբեմն ջղաձիգ է, երբեմն` հավասարակշիռ, երբեմն` անտանելի, երբեմն` սրամիտ, երբեմն` խեղճ, երբեմն` անկասելի, երբեմն` նույնիսկ տափակ ու գռեհիկ` ցանկացած սովորական եղբոր եւ որդու նման:

    Դուք ասում եք, որ իմ խռպոտած ձայնի ժամանակները մնալու են երիտասարդների հիշողության մեջ, բայց` «կարծում եմ, որ դա մի ժամանակ էր, որն այլեւս չի կրկնվելու»: Իհարկե, չի կրկնվելու, եւ Աստված հեռու պահի այն վիճակից, որ մենք ապրենք այդ ժամանակների հուշերով եւ նրա վերադարձի բաղձանքով: Սա շատ վտանգավոր կլինի, եւ այսպես մտածողները նման կլինեն այն վերջնականապես սնանկացած ունեւորներին, որոնք կոտրած տաշտակի առաջ ամբողջ օրը հարեւաններին պատմում են, թե ինչպիսի ապրուստի եւ ունեցվածքի տեր են եղել իրենք` այդպիսով միայն ծաղր, լավագույն դեպքում` խղճահարություն հարուցելով: Հարգելի Մարիամ, եկեք չապրենք հուշերով, այլ մտածենք այն օրերի մասին, որոնց միջով պետք է հասնենք հաղթանակին, այն օրերի մասին, որ կերտում ենք հիմա: Մի քանի անգամ գրել եմ, հիմա էլ կրկնում եմ` ուրախ եմ մեզ համար, որ անցնում ենք այս դժվար ու դաժան ճանապարհը, եւ եթե մարտի 1-ի զոհերը չլինեին, այս շրջանը ոգու տոն կհամարեի մեզ համար: Հիմա համարում եմ փորձություն, համարում եմ մաքրման, քավության, Ազատ եւ Երջանիկ Հայաստանի իսկապես արժանի դառնալու ճանապարհ: Ու գիտեմ, որ այդ ճանապարհի վերջում Հաղթանակն է, Մեծ հաղթանակը, գիտեմ, որ Ձեր նամակը ինձ անհրաժեշտ էր` այդ ճանապարհն անցնելու, Հաղթանակին հասնելու համար: Հույս ունեմ` իմ նամակը կօգնի Ձեզ, բոլոր նրանց, ովքեր Ձեզ հետ հավասար հասցեատեր են հիմա: Գիտեմ, որ անցնելու ենք այդ ճանապարհը, մինչեւ վերջ:

    Դուք գրում եք, որ չեք ուզում երթը թափոր դառնա: Թափորն էլ է երթ, եւ ես պատրաստ եմ լինել այդ երթի առջեւում նույնպես: Սա չեմ ասում` հույզեր հարուցելու համար: Սա ասում եմ, որ Դուք համոզված լինեք, որ հեղափոխությունը հնարավոր չէ կանգնեցնել, որ Դուք զգաք, որ հեղափոխությունը այս պահին էլ ընթանում է, որ ես այդ հեղափոխության շարքում քայլելու եմ միշտ: Էդ հեղափոխության հաղթանակը իմ կյանքի գործն է, եւ ես ուրիշ անելիք չունեմ: Եւ էն երիտասարդությանը, որի համար, ինչպես Դուք եք ասում, ես կարեւոր էի, ահա այդ երիտասարդությանը ավելի բարձր ու համոզված եմ ասում, բոլորիդ աչքերի մեջ ուղիղ նայելով եմ ասում.

    Գլուխներդ բարձր,
    Դուխներդ տեղը.
    Պայքարելու ենք մինչեւ վերջ:

    Չկասկածեք, չերկմտեք ոչ մի վայրկյան. հաղթելու ենք:
    Եւ այն երեխաներին, որոնք, ինչպես Դուք եք ասում, երբեմն իրենց-իրենց արտասանում են` «այս հրապարակում դավաճան չկա», այդ երեխաներին խոստացել եմ.
    Ճուտիկներ, դուք ապրելու եք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:
    Դուք էլ, թանկագին Մարիամ, ես էլ:
    Կհանդիպենք հաջորդ ուրբաթ Ազատության հրապարակում:

    ՁԵՐ` ՆԻԿՈԼ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք «Ազատության հրապարակում»

    28.11

    Սիրելի՛ ժողովուրդ.

    Ես հասկանում եմ, որ կլինեն ընթերցողներ, հանրահավաքի մասնակիցներ, ովքեր կկարծեն, թե հիմա, այսօրվա իրավիճակում երգի, գեղագիտության, արվեստի գործերի, նուրբ գաղափարական հիմնավորումների մասին խոսելը այնքան էլ պատեհ չէ, եւ պետք է խոսել բոլորովին ուրիշ տրամաբանության ու գործողությունների մասին: Այս տեսակետը չի կարելի անհիմն համարել, բայցեւայնպես կարծում եմ, որ պակաս կարեւոր չէ այսօրվա իրավիճակը, խնդիրները, դիլեմաները, արժեքները արձանագրել մնայուն «կրիչների» վրա, ինչպիսիք են երգը, գիրքը, նկարը եւ այսպես շարունակ:

    Ինչ վերաբերում է քաղաքական խնդիրներին` դրանք շատ հստակ են, եւ այդ խնդիրներից մեկը քաղբանտարկյալների ազատ արձակումն է: Այդ խնդիրը շատ լավ ձեւակերպված էր «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության վերջին հայտարարության մեջ, որում ասվում էր, որ եթե բանտերի դռները չեն բացվում ներսից, ուրեմն դրանք կբացվեն դրսից: Սա իրավիճակի ճշգրիտ նկարագրություն է, ճշգրիտ բանաձեւ, եւ մեր մեծ թիմի յուրաքանչյուր անդամ պետք է հարցին մոտենա հենց այս տեսանկյունից:

    Այս խնդրի լուծումը ապահովելու համար մենք պետք է շարունակենք գործել համախմբված` համախմբված ՀՀ հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ, համախմբված մեր քաղբանտարկյալ ընկերների շուրջ, համախմբված Հայ ազգային կոնգրեսի լիդերների, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի շուրջ: Հայ ազգային կոնգրեսը, մանավանդ, մի այնպիսի ձեւաչափ է, որ չի սահմանափակում նաեւ կուսակցական, խմբային նախաձեռնությունների հնարավորությունը: Բայցեւայնպես, մեր համախմբվածությունը, որպես հսկա քաղաքական թիմ մեր արձանագրվածությունն է այն հիմնական գործոնը, որը կանխորոշելու է ներքաղաքական, եւ ինչու չէ, արտաքին քաղաքական հետագա ընթացքը:

    Ինչ վերաբերում է իմ այսօրվա ասելիքին` ուզում եմ մեր հանրահավաքի մասնակիցներին ներկայացնել քաղաքացու երգի հերթական նախագիծը: Ընդ որում, այդպես վարվում եմ, որովհետեւ խոստացել եմ այդ անել, երբ իմ ներկայացրած նախորդ նախագիծը` «1+» վերնագրով, երգ կդառնա: Դա տեղի է ունեցել, եւ երգի հեղինակը կրկին Մհեր Մանուկյանն է: Կարծում եմ, որ երգը ստացվել է, հույս ունեմ` կստացվի նաեւ այն երգը, որի նախագիծը պատրաստվում եմ ներկայացնել: Այն վերնագրված է «Հերոս հայրերը նրանց»: Երգը, ավելի ճիշտ` նրա առաջարկվող տեքստը, նվիրված է քաղբանտարկյալներին, նրանց ընտանիքների անդամներին: Ու չնայած բուն տեքստից շատ բան հասկանալի կլինի, նախապես մի քանի մեկնաբանություններ անեմ: Քաղբանտարկյալների հարցը ունի երկու կողմ` հանրային եւ անձնական: Հանրային հարցը հետեւյալն է. երկրում քաղբանտարկյալների առկայությունը խարան է երկրի ճակատին, ամոթ` երկրի յուրաքանչյուր բնակչի համար: Եւ կարծում եմ, որ եթե երկրում քաղբանտարկյալ կա, դրա համար անձնական պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր ոք` անկախ իր քաղաքական հայացքներից, հանրային դիրքից:

    Այդ պատասխանատվությունը վիրտուալ չէ, այդ պատասխանատվությունից որեւէ մեկը չի փախչելու. այլ խնդիր է, թե դա ինչպես կարտահայտվի եւ ինչ դրսեւորումներ կունենա: Հարցի անհատական կողմը քաղբանտարկյալի ընտանիքի անդամներն են, ովքեր իրենց մաշկի վրա ողջ սրությամբ են զգում խնդիրը: Եւ այդ սիմվոլը իմ գիտակցության մեջ պատկերվում է քաղբանտարկյալների այն դուստրերի տեսքով, ովքեր իրենց հայրերի պատկերներով սեւ գույնի շապիկներ էին կրում` «Իմ հայրը քաղբանտարկյալ է» գրությամբ:

    Իմ ուշադրությունը գրավեց, որ քաղբանտարկյալների որդիները հիմնականում խուսափում են նման շապիկներ կրել, եւ սրանում շատ մեծ ու կարեւոր իմաստ կա: Նաեւ այս կոնտրաստն է դրվել այս նոր նախագծի հիմքում: Ահա ուրեմն, ներկայացնեմ բուն տեքստը.

    հերոս հայրերը նրանց

    Սեւ շապիկներին դուստրերը սիրված
    Հերոս հայրերի պատկերն են կրում.
    Քաղբանտարկյալ են հայրերը նրանց,
    Գերի` բռնության մութ զնդաններում:

    Քնած քաղաքի լուռ փողոցներում
    Նրանց մայրերի ձայնը մտերիմ
    Որպես վաստակած ապտակ է հնչում.
    «Քաղբանտարկյալ է ամուսինը իմ...»

    Ժամանակն այսպես հոսում է անհագ,
    Օրերն ` ամիսներ դառնում չարանենգ.
    Հերոս հայրերը զնդաններում փակ
    Լուռ կարոտում են զավակներին հեգ:

    (կրկներգ)
    Սեւ շապիկներին դուստրերը սիրված
    Հերոս հայրերի պատկերն են կրում.
    Քաղաքացի են հայրերը նրանց,
    Լույսի կղզիներ` մութ զնդաններում:

    Հերոս հայրերի որդիները բայց
    Մաքուր ցասումի զենքեր են կռում.
    Պայթյուն է եռում սրտերում նրանց,
    Մութի վախճան կա նրանց աչքերում...

    Չեն ճկվի երբեք հայրերը նրանց`
    Արդարության սյուն, գալիքի զինվոր.
    Նրանց կոշտացած ուսերի վրա
    Շենանալու է հայրենիքը նոր:

    (կրկներգ)
    Սեւ շապիկներին դուստրերը սիրված
    Քնքուշ հայրերի պատկերն են կրում.
    Ազատություն կա աչքերում նրանց,
    Հպարտություն կա նրանց սրտերում...

    Ահա այսպես: Հույս ունեմ` այս տեքստը կհետաքրքրի պոտենցիալ հեղինակներին: Իսկ մինչ այդ` մի ստեղծագործական առաջարկ էլ անեմ. կարծում եմ` պատեհ կլինի, որ երգը համեմված լինի քաղբանտարկյալների անուններով: Այսինքն` երգի ընթացքում ինչ-որ կերպ հնչեն բոլոր քաղբանտարկյալների անունները, եւ արձանագրվի, որ երգը նվիրվում է այդ մարդկանց եւ նրանց ընտանիքների անդամներին: Երգը նվիրվում է քաղբանտարկյալների կանանց, ովքեր անհոգնել ամեն ուրբաթ հավաքվում են ՀՀ գլխավոր դատախազության շենքի առաջ եւ հետեւողականորեն պայքարում իրենց ամուսինների ազատության համար: Երգը նվիրվում է քաղբանտարկյալների դուստրերին, ովքեր շունչ ու ոգի են տալիս իրենց հայրերին, երգը նվիրվում է քաղբանտարկյալների որդիներին, ովքեր իրենց ուսերին են առել ընտանիքի հոգսերը եւ ուժ են տալիս իրենց հայրերին:

    Ի դեպ, անընդհատ շեշտելով հայրերի պահը` չեմ մոռացել Անուշ Ղավալյանի մասին: Բայց տեքստը գրելու պահին, փառք Աստծո, նա արդեն ազատության մեջ էր, եւ հետո` խիստ տպավորվել է նրա զավակների արած այն հայտարարությունը, թե Անուշը իրենց համար նաեւ հայր է: Այնպես որ, տվյալ դեպքում ոչ մի սխալ չկա:

    Սիրելի՛ ժողովուրդ.

    Մենք այս ճանապարհը անցնելու ենք մինչեւ վերջ, մինչեւ վերջ խմելու ենք մեր բաժակները, հանուն նրա, որ մեր հայրենիքի պատմության այս խայտառակ էջը շրջենք անդառնալիորեն:

    Եւ ուրեմն`
    Կեցցե՛ Ազատությունը,
    Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
    Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:


    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
    1+
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հրեական դրոշը Ազատության հրապարակում: Եղե՞լ է, թե՞ ոչ:
    Հեղինակ՝ Lion, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 05.08.2008, 22:08
  2. Ազատության զինվոր…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 29.05.2008, 23:34
  3. Մամուլի ազատության օր
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.05.2008, 20:55
  4. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 172
    Վերջինը: 25.11.2007, 04:08
  5. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 99
    Վերջինը: 13.11.2007, 13:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •