28.11
Սիրելի՛ ժողովուրդ.
Ես հասկանում եմ, որ կլինեն ընթերցողներ, հանրահավաքի մասնակիցներ, ովքեր կկարծեն, թե հիմա, այսօրվա իրավիճակում երգի, գեղագիտության, արվեստի գործերի, նուրբ գաղափարական հիմնավորումների մասին խոսելը այնքան էլ պատեհ չէ, եւ պետք է խոսել բոլորովին ուրիշ տրամաբանության ու գործողությունների մասին: Այս տեսակետը չի կարելի անհիմն համարել, բայցեւայնպես կարծում եմ, որ պակաս կարեւոր չէ այսօրվա իրավիճակը, խնդիրները, դիլեմաները, արժեքները արձանագրել մնայուն «կրիչների» վրա, ինչպիսիք են երգը, գիրքը, նկարը եւ այսպես շարունակ:
Ինչ վերաբերում է քաղաքական խնդիրներին` դրանք շատ հստակ են, եւ այդ խնդիրներից մեկը քաղբանտարկյալների ազատ արձակումն է: Այդ խնդիրը շատ լավ ձեւակերպված էր «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության վերջին հայտարարության մեջ, որում ասվում էր, որ եթե բանտերի դռները չեն բացվում ներսից, ուրեմն դրանք կբացվեն դրսից: Սա իրավիճակի ճշգրիտ նկարագրություն է, ճշգրիտ բանաձեւ, եւ մեր մեծ թիմի յուրաքանչյուր անդամ պետք է հարցին մոտենա հենց այս տեսանկյունից:
Այս խնդրի լուծումը ապահովելու համար մենք պետք է շարունակենք գործել համախմբված` համախմբված ՀՀ հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ, համախմբված մեր քաղբանտարկյալ ընկերների շուրջ, համախմբված Հայ ազգային կոնգրեսի լիդերների, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի շուրջ: Հայ ազգային կոնգրեսը, մանավանդ, մի այնպիսի ձեւաչափ է, որ չի սահմանափակում նաեւ կուսակցական, խմբային նախաձեռնությունների հնարավորությունը: Բայցեւայնպես, մեր համախմբվածությունը, որպես հսկա քաղաքական թիմ մեր արձանագրվածությունն է այն հիմնական գործոնը, որը կանխորոշելու է ներքաղաքական, եւ ինչու չէ, արտաքին քաղաքական հետագա ընթացքը:
Ինչ վերաբերում է իմ այսօրվա ասելիքին` ուզում եմ մեր հանրահավաքի մասնակիցներին ներկայացնել քաղաքացու երգի հերթական նախագիծը: Ընդ որում, այդպես վարվում եմ, որովհետեւ խոստացել եմ այդ անել, երբ իմ ներկայացրած նախորդ նախագիծը` «1+» վերնագրով, երգ կդառնա: Դա տեղի է ունեցել, եւ երգի հեղինակը կրկին Մհեր Մանուկյանն է: Կարծում եմ, որ երգը ստացվել է, հույս ունեմ` կստացվի նաեւ այն երգը, որի նախագիծը պատրաստվում եմ ներկայացնել: Այն վերնագրված է «Հերոս հայրերը նրանց»: Երգը, ավելի ճիշտ` նրա առաջարկվող տեքստը, նվիրված է քաղբանտարկյալներին, նրանց ընտանիքների անդամներին: Ու չնայած բուն տեքստից շատ բան հասկանալի կլինի, նախապես մի քանի մեկնաբանություններ անեմ: Քաղբանտարկյալների հարցը ունի երկու կողմ` հանրային եւ անձնական: Հանրային հարցը հետեւյալն է. երկրում քաղբանտարկյալների առկայությունը խարան է երկրի ճակատին, ամոթ` երկրի յուրաքանչյուր բնակչի համար: Եւ կարծում եմ, որ եթե երկրում քաղբանտարկյալ կա, դրա համար անձնական պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր ոք` անկախ իր քաղաքական հայացքներից, հանրային դիրքից:
Այդ պատասխանատվությունը վիրտուալ չէ, այդ պատասխանատվությունից որեւէ մեկը չի փախչելու. այլ խնդիր է, թե դա ինչպես կարտահայտվի եւ ինչ դրսեւորումներ կունենա: Հարցի անհատական կողմը քաղբանտարկյալի ընտանիքի անդամներն են, ովքեր իրենց մաշկի վրա ողջ սրությամբ են զգում խնդիրը: Եւ այդ սիմվոլը իմ գիտակցության մեջ պատկերվում է քաղբանտարկյալների այն դուստրերի տեսքով, ովքեր իրենց հայրերի պատկերներով սեւ գույնի շապիկներ էին կրում` «Իմ հայրը քաղբանտարկյալ է» գրությամբ:
Իմ ուշադրությունը գրավեց, որ քաղբանտարկյալների որդիները հիմնականում խուսափում են նման շապիկներ կրել, եւ սրանում շատ մեծ ու կարեւոր իմաստ կա: Նաեւ այս կոնտրաստն է դրվել այս նոր նախագծի հիմքում: Ահա ուրեմն, ներկայացնեմ բուն տեքստը.
հերոս հայրերը նրանց
Սեւ շապիկներին դուստրերը սիրված
Հերոս հայրերի պատկերն են կրում.
Քաղբանտարկյալ են հայրերը նրանց,
Գերի` բռնության մութ զնդաններում:
Քնած քաղաքի լուռ փողոցներում
Նրանց մայրերի ձայնը մտերիմ
Որպես վաստակած ապտակ է հնչում.
«Քաղբանտարկյալ է ամուսինը իմ...»
Ժամանակն այսպես հոսում է անհագ,
Օրերն ` ամիսներ դառնում չարանենգ.
Հերոս հայրերը զնդաններում փակ
Լուռ կարոտում են զավակներին հեգ:
(կրկներգ)
Սեւ շապիկներին դուստրերը սիրված
Հերոս հայրերի պատկերն են կրում.
Քաղաքացի են հայրերը նրանց,
Լույսի կղզիներ` մութ զնդաններում:
Հերոս հայրերի որդիները բայց
Մաքուր ցասումի զենքեր են կռում.
Պայթյուն է եռում սրտերում նրանց,
Մութի վախճան կա նրանց աչքերում...
Չեն ճկվի երբեք հայրերը նրանց`
Արդարության սյուն, գալիքի զինվոր.
Նրանց կոշտացած ուսերի վրա
Շենանալու է հայրենիքը նոր:
(կրկներգ)
Սեւ շապիկներին դուստրերը սիրված
Քնքուշ հայրերի պատկերն են կրում.
Ազատություն կա աչքերում նրանց,
Հպարտություն կա նրանց սրտերում...
Ահա այսպես: Հույս ունեմ` այս տեքստը կհետաքրքրի պոտենցիալ հեղինակներին: Իսկ մինչ այդ` մի ստեղծագործական առաջարկ էլ անեմ. կարծում եմ` պատեհ կլինի, որ երգը համեմված լինի քաղբանտարկյալների անուններով: Այսինքն` երգի ընթացքում ինչ-որ կերպ հնչեն բոլոր քաղբանտարկյալների անունները, եւ արձանագրվի, որ երգը նվիրվում է այդ մարդկանց եւ նրանց ընտանիքների անդամներին: Երգը նվիրվում է քաղբանտարկյալների կանանց, ովքեր անհոգնել ամեն ուրբաթ հավաքվում են ՀՀ գլխավոր դատախազության շենքի առաջ եւ հետեւողականորեն պայքարում իրենց ամուսինների ազատության համար: Երգը նվիրվում է քաղբանտարկյալների դուստրերին, ովքեր շունչ ու ոգի են տալիս իրենց հայրերին, երգը նվիրվում է քաղբանտարկյալների որդիներին, ովքեր իրենց ուսերին են առել ընտանիքի հոգսերը եւ ուժ են տալիս իրենց հայրերին:
Ի դեպ, անընդհատ շեշտելով հայրերի պահը` չեմ մոռացել Անուշ Ղավալյանի մասին: Բայց տեքստը գրելու պահին, փառք Աստծո, նա արդեն ազատության մեջ էր, եւ հետո` խիստ տպավորվել է նրա զավակների արած այն հայտարարությունը, թե Անուշը իրենց համար նաեւ հայր է: Այնպես որ, տվյալ դեպքում ոչ մի սխալ չկա:
Սիրելի՛ ժողովուրդ.
Մենք այս ճանապարհը անցնելու ենք մինչեւ վերջ, մինչեւ վերջ խմելու ենք մեր բաժակները, հանուն նրա, որ մեր հայրենիքի պատմության այս խայտառակ էջը շրջենք անդառնալիորեն:
Եւ ուրեմն`
Կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
1+
Էջանիշներ