ՀԵՂԻՆԱԿ 4
– Այս ի՞նչ ես անում,– ասաց Սարան՝ աչքերը կլորացնելով ու համոզվելով, որ «մոգական ցախավելով վհուկը» իրենց գրասենյակի մոխրագույն մուկ Էմին է։
– Ավլում եմ,– պատասխանեցի ես։
Գորտը հետ–հետ գնաց ու նայեց իր ոտքերի մոտ դիզած տերևակույտին։
– Ողջույն, Էմի,– ժպտաց ինձ Ալեքսը։
– Ողջույն, Ալեքս,– փորձեցի ի պատասխան ժպտալ ես։
Ու տիրեց անհարմար լռություն։
– Զարմացած եմ, չէի սպասում քեզ այսպես տեսնել,– հոյակապ շրջազգեստի գոյություն չունեցող ծալքն ուղղելով՝ ասավ Սարան,– մենք էլ կարծում էինք՝ ավելի լավ աշխատանք ես գտել, դրա համար ես մեզ լքում։
– Ճիշտ էիք կարծում,– չհրաժարվելով ժպիտիցս՝ ասացի ես։
Գիտեի, որ ստում է. ես ամեն ինչ ասել էի շեֆիս, ասել էի, որ հոգնել եմ գրասենյակից, աշխատակիցներից, այդ կյանքից։ Իսկ այն, ինչ գիտեր շեֆս, դիտեր նաև Սարան։ Եվ հիմա չէի հասկանում, թե ինչու է չռած աչքերով կանգնել դիմացս ու ինձ հիմար վիճակի մեջ դնում... այն էլ՝ Ալեքսի ներկայությամբ։
Թուքս կուլ տվեցի ու պինդ բռնեցի ցախավելս։
– Ոչինչ չեմ հասկանում, Էմի։ Դու ինչ–որ խնդիրնե՞ր ունես։ Գուցե օգնության կարի՞ք ես զգում։
Այդ պահին պատրաստ էի հեծնել ցախավելս ու հեռու թռչել, միայն թե այլևս չտեսնեի Գորտի կեղծավոր դեմքն ու դուրս պրծած աչքերը։ Ալեքսն էլ ձայն չէր հանում, կարծես այնտեղ չլիներ։ Բայց ես հո գիտեի՝ այնտեղ է...
– Ես դվորնիկ եմ, ու ինձ մոտ ամեն ինչ կարգին է։ Շնորհակալություն հոգատարության համար, Սարա։
– Եթե քեզ փող է պետք...
Երանի աշնանը բոլոր գորտերը քուն մտնեին, անգամ մեր ֆիրմայի... Հանկարծ դադարեցի լսել Սարայի ձայնը, ականջներումս հնչեց չգիտես, թե որտեղից եկող աշնանային քնքուշ մեղեդի։ Դեմքիս վրա զգացի արդեն հարազատ դարձած քամու հպումը ու ամեն ինչ մոռացա՝ Սարային էլ, նրա ասածներն էլ։ Երաժշտությունը շարունակվում էր շոյել լսողությունս, ու ես ինքս էլ չնկատեցի, թե ինչպես վերցրեցի ցախավելս ու սկսեցի պտտվել միայն ինձ հասկանալի երջանիկ պարի մեջ՝ հետն էլ ավլելով Սարայի ու Ալեքսի շուրջը թափրտված տերևները։ Իսկական վհուկի պար էր։ Զարմանալի չէ, որ Գորտը քարացավ տեղում։ Հետո երևի ուշքի գալով՝ շտապեց հեռանալ։ Իսկ ես դեռ ավլում էի ու պարում։ Տեսնես մարդիկ գիտե՞ն՝ ինչ հոյակապ գործ է ցախավելով փողոցներ չափչփելը։ Թե՞ ցախավելի կախարդանքի մասին միայն խելոք վհուկները գիտեին... Մտքերս ինձ նորից տարան հեռուն։ Ուշքի եկա մեղմ ձայնից.
– Էմի, իսկ վհուկներն աշխատանքից հետո սուրճ խմո՞ւմ են։
Ալեքսն էր...
Էջանիշներ