Այսօր մեր սիրելի կայքը 4 տարեկան է !
Անցել է 4 տարի այն օրվանից, երբ կայքի հեղինակը տեսնելով հայկական ցանցում ծրագրերի բեռնման կայքերի պակասը գրանցեց Network.am ինտերնետային հասցեն և ստեղծեց համանուն ծրագրերի բեռնման պորտալը:
Նպատակը մեկն էր. հայ օգտագործողների համար անշահախնդրորեն ստեղծել կայք, որի մուտքն ազատ է և հնարավորություն է տալիս ազատ բեռնել առաջին անհրաժեշտության ծրագրեր:
Պատմական ակնարկ:
Կայքի ստեղծման մտահաղացումըգալիս էր ավելի վաղ ժամանակներից, բայց անիրականանալի էր՝ հաշվի առնելով մեծ ծավալի հոսթինգի ձեռքբերման համար պահանջվող գումարը: Իրադրությունը փոխվեց, երբ իր օժանդակությունն ու օգնությունը ցուցաբերեց Սերգեյ Կոնակովը՝ անշահախնդիր տրամադրելով մեծ ծավալի հոսթինգ WEB ISP-ի ցանցում տեղակայված իր սեփական սերվերի վրա: Այդպիսով, 19.01.2004թ գրանցվեց Network.am ինտերնետային հասցեն և հասանելի դարձավ այցելուներին: Կայքի կյանքի սկզբնական ամիսները բավական բարդ էին. ժամերով հեռախոսային մոդեմով ցածր արագությամբ բեռնվում էին ծրագրեր, նույնքան ցածր արագությամբ կայքում վերբեռնելու համար: Բացասական, ավելի շուտ վատատեսական էր նաև շրջապատի վերաբերմունքը. կարծում էին, որ սեփական ֆինանսների և ժամանակի ներդրումով հնարավոր չէ շահույթ չհետապնդող, երկարատև նախագծեր իրականացնել և ի սկզբանե նախագծին մոտենում էին որպես հերթական, կիսատ թողնվող կայքի: Աստիճանաբար ավելանում էին կայքի այցելուները, ինչին նպատաստեցին կայքի մշտական թարմացումները, ապա որոշ ժամանակ անց բարձր արագությամբ ինտերնետի ձեռքբերումը: Եվ չնայած ինտերնետի տրաֆիկը շարունակում էր թանկ մնալ, այնուամենայնիվ հաջողվում էր թարմացումների մի մասը բեռնել այդ գծով, իսկ մնացած մասը բեռնվում էր ծանոթ հիմնարկություններից՝ ազատ ծավալի տրաֆիկի առկայության դեպքում:
Համեմատաբար կարճ ժամանակ անց կայքը հայկական ցանցի այցելուների շրջանակներում դարձավ հայտնի, իսկ կայքից բեռնվող ինֆորմացիայի ծավալները օր-օրի ավելանում էին: 22.11.2006թ. WEB ISP’ն, առանց նախապես զգուշացնելու, փակելու աստիճան նվազեցնում է Network.am սերվերի ցանցին միացման արագությունը՝ մոտավոր պատճառաբանելով, թե կայքի մեծ տրաֆիկը խնդիրներ է առաջացնում իրենց ցանցում, որի հետևանքով ժամանակավորապես դադարեցվում է կայքի աշխատանքը...
Խնդիր է առաջանում գտնել լուծում, ըստ որի բեռնման ծավալները հնարավորինս հավասարաչափ կբաշխվեն հայկական ցանցի Ինտերնետ պրովայդերների միջև, և կայքից բեռնելու արագությունը հնարավորինս քիչ կախում կունենա պրովայդերների՝ իրար միջև ունեցած կապի արագությունից: Որոշվում է կայքը բաժանել 2 մասի՝ network.am և download.network.am: Առաջինում պահվում է կայքի էջէրը/նկարները, իսկ երկրորդում՝ բեռնման համար նախատեսված ծրագրերը: download.network.am մասի համար անհրաժեշտ է լինում ստեղծել հայելային տարբերակներ այլ Ինտերնետ պրովայդերների մոտ: Առաջինը ArmInCo ISP-ն էր, որ սիրալիր համաձայնվեց օժանդակել և իր մոտ տեղակայել download.network.am-ի գլխավոր հայելային տարբերակը, իսկ իրենց հոստինգ ադիմինիստրատորը` Էդվարդ Այվազյանը, օգնեց ներդնել վերը նշված համակարգը: Այնուհետև download.network.am-ի հայելային տարբերակ տեղադրվեց նաև Cornet ISP-ի ցանցում, ապա, մոտ 2 ամիս առաջ, XterNet ISP-ի ցանցում:
Այսպիսով, այցելելով network.am, կայքի էջէրը/նկարները բեռնվում են WEB ISP-ի ցանցում տեղակայված սերվերից, իսկ ծրագիր բեռնելիս` download.network.am սերվերից, ընդ որում Cornet ISP-ի և XterNet ISP-ի օգտվողները համապատասխանաբար իրենց ցանցում գտնվող հայելային տարբերակից, իսկ ArmInCo ISP-ի և հայկական ցանցի մյուս օգտվողները՝ ArmInCo ISP-ում տեղակայված գլխավոր հայելային տարբերակից: Այս պահի դրությամբ, ցավոք, կայքը հասանելի չէ ADC-ի և Armentel-ի հաճախորդների համար: Պատճառն այն է, որ WEB ISP-ն այդ ցանցերը չի համարում «ներքին հայկական»: ADC-ի և Armentel-ի հաճախորդների համար կայքը հասանելի դարձնելու նպատակով որոշվել և արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի առաջիկա 10-15 օրվա ընթացքում կայքի գլխավոր՝ network.am մասը նույնպես տեղափոխել ArmInCo ISP:
Այսօրվա դրությամբ Network.am-ը հաջողությամբ կատարում է իր առաքելությունը. կայքը ոչ միայն հանդիսանում է *.am-ում իր բովանդակությամբ եզակի և մշատապես թարմացվող ամենամեծ կայքը, այլև ունի հազարավոր այցելուներ և download արված ինֆորմացիայի ծավալները կազմում են ամբողջ Հայաստանի ներքին տրաֆիկի զգալի մասը: Արժանահիշատակ է նաև այն, որ mirror-ները տեղակայելուց հետո կայքն առաջինն ու միակն է, որ խոշոր պրովայդերների մոտ ունի իր «հայելային» տարբերակները, որը թույլ է տալիս հնարավորինս անխափան և բարձր արագությամբ միշտ հասանելի լինել հայաստանաբնակ օգտագործողներին ...
Շնորհակալություն եմ ուզում հայտնել ինձ օգնություն և օժանդակություն ցուցաբերած անձանց և ISP-ներին, մասնավորապես՝
* Սերգեյ Կոնակով – network.am կայքը մինչ օրս սեփական սերվերի վրա տեղակայելու և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար
* ArmInCo ISP հանձինս տեխնիկական տնօրեն Գրիգորիյ Սաղյանի – download.network.am և այսուհետ network.am տեղակայելու համար
* ArmInCo ISP հանձինս հոսթինգ ադմինիստրատոր Էդվարդ Այվազյանի – հայելային տարբերակների համակարգը ներդնելու և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար
* Cornet ISP – download.network.am հայելային տարբերակ տեղակայելու համար
* XterNet ISP – download.network.am հայելային տարբերակ տեղակայելու համար
* WEB ISP – համագործակցությունը հաջող չստացվեց, բայց մոտ 3 տարի Սերգեյ Կոնակով’ի սերվերը տեղակայելու համար:
Էջանիշներ