Այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը քաղում է տնտեսական ճգնաժամի դառը պտուղները, ՀՀ իշխանությունների համար դա նույնիսկ նոր հնարավորությունների առիթ է: Համենայնդեպս, այդպես է կարծում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Նրա կարծիքով՝ այսօր աշխարհում չկա ավելի քիչ պարտք ունեցող երկիր, ինչպիսին մենք ենք: Իսկ պարտքը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 15 տոկոսը: ՚Դա նշանակում է, որ ցանկացած լավագույն երկրի նկատմամբ 3 անգամ մեր պարտքը կարող ենք ավելացնել, պատկերացնո՞ւմ եք, իսկ դա մի քանի մլրդ ԱՄՆ դոլար է: Այսինքն՝ այն պահին, երբ մնացած երկրները 2 լրջագույն խնդրի առաջ են կանգնած՝ պարտքը չեն կարող ավելացնել, իսկ բյուջեի դեֆիցիտն էլ քանդվել է, չգիտեն ինչ անեն, բայց պիտի ծախսեն՝ ճգնաժամից դուրս գալու համար, մենք ունենք շատ լուրջ ռեսուրս: Այսինքն՝ մեր բյուջեն ունի խնայողություններ, պարտքը եւ դեֆիցիտը խայտառակ ցածր են լավ իմաստով, որ թույլ է տալիս ճիշտ մտածենք, ճիշտ ուղղությամբ գնանքՙ,- հպարտությամբ նշում է նախարարը:
՚Առէկսիմբանկՙ-ի ներկայացուցիչ Գարեգին Բաղձյանի կարծիքով եւս՝ ճգնաժամը ոչ միայն խնդիրներ է առաջացնում, այլեւ նաեւ նորանոր հնարավորություններ ստեղծում: ՚Եթե նայենք այլ պետությունների տեսանկյունից, ապա Հայաստանը, ով ինչ ուզում է ասի, չի գտնվում ճգնաժամային տորնադոյի կենտրոնում, այլ ընդամենը քամիների տակ է ընկնում: Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանն ունի իր իր մեծ պոտենցիալը՝ օգտվելու այս ճգնաժամից եւ պետության օգնության շնորհիվ կատարի շատ արագ քայլեր: Ճգնաժամի շնորհիվ նաեւ թույլ կազմակերպությունները կմաղվեն ժամանակի ընթացքումՙ,- լավատեսորեն կարծում է Բաղձյանը:
Էջանիշներ