Աբրամովիչը, Դերիպասկան և մյուսները $230 մլրդ են կորցրել
12:57 • 15.10.08
Ալյումինի մագնատ Օլեգ Դերիպասկայից մինչև ֆուտբոլային «Չելսի» ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչ և այլք, շուրջ $230 մլրդ են կորցրել, ինչի մեջ կարող են մեղադրել 1998-ից Ռուսաստանում գրանցված վատթարագույն ֆինանսական ճգնաժամը։ Ըստ Forbes պարբերականի` մայիսի 19-ից մինչև հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում 25 ռուս միլիարդատերերի հարստությունը նվազել է 62%-ով, ինչը նշանակում է, որ ռուսները չորս անգամ ավելի շատ են կորցրել, քան աշխարհի ամենահարուստ ներդրողի՝ Ուորեն Բաֆեթի հարստությունն է։ Կորուստները հաշվարկելիս հաշվի են առել ռուս միլիարդատերերին պատկանող ընկերությունների շուկայական արժեքները և նրենց պատկանող փակ բաժնետիրական ընկերությունների արժեքները։ Հսկայական կորուստները պատահական չեն։ Մայիսից Մոսկվայի բորսայի ինդեքսը նվազել է ավելի քան 61%-ով։
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, Վրաստանի հետ հակամարտության և բնական ռեսուրսների նվազող գների համատեքստում արտասահմանցի ներդրողները Ռուսաստանից շուրջ $74 մլրդ են դուրս բերել։ Եվ եթե 1998թ. ռուբլու ճգնաժամի արդյունքում հասարակ բնակչությունը մեծ կորուստներ կրեց, ապա 2008թ. ֆինանսական ճգնաժամի նշանակետ դարձան հարուստները։ «1998թ. օլիգարխներին հսկայական ծավալի կապիտալ փոխանցվեց։ Այժմ գործընթացը փոխել է ուղղությունը»,- ասել է Templeton Asset Management-ի գործադիր տնօրեն Մարկ Մոբիուսը։ Միայն Դերիպասկան վերջին շաբաթներում $16 մլրդ է կորցրել, Աբրամովիչը՝ $20 մլրդ։
«Կապիտալ» օրաթերթ
Էջանիշներ