Այսօր ծեծի ենթարկված ու ոստիկանության Կենտրոնի բաժին տեղափոխված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները՝ Տիգրան Առաքելյանը, Սահակ Մուրադյանը, Արեգ Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Վահագն Գևորգյանը, ովքեր դեռևս գտնվում են բաժնում, հայտարարություն են տարածել:
Հայտարարությունում մասնավորապես ասված է, որ քանի որ միջադեպին մասնակցել և իրենց նկատմամբ բռնություն են կիրառել «կարմիր բերետավորներն» ու Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները, ոստիկանության Կենտրոնի բաժանմունքը չի կարող անաչառ քննել և պարզել միջադեպի մանրամասներն, ուստի ակտիվիստները պահանջում են, որպեսզի քննչական գործողություններն իրականացվի Հատուկ քննչական ծառայության կողմից:
Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող տեղեկատվության՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀԱԿ-ի ակտիվիստ երիտասարդները մոտեցել են Երևանի ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի քաղաքացիների: Երիտասարդները պահանջել են ոստիկաններից հիմնավորել իրենց գործողությունները: Ի պատասխան` ՊՊԾ գնդի աշխատակիցները հարձակվել են երիտասարդների վրա, ծեծի ենթարկել, այնուհետև` տեղափոխել Կենտրոնի ոստիկանության բաժին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանի խոսքերով՝ ոստիկանության բաժին տեղափոխված երիտասարդները ստացել են լուրջ մարմնական վնասվածքներ:
Էջանիշներ