ՀԱՄՈԶԵՑԻՆ ՆՍՏԱՑՈՒՅՑ ՉԱՆԵԼ
Ազատության հրապարակում մի խումբ կանայք եւ տղամարդիկ երթի մասնակիցներին դիմավորեցին հարթակի աստիճաններին նստած եւ նստացույց բացականչելով:
Դիմելով մարդկանց, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց. Մենք բոլորիդ մտահոգությունները շատ լավ գիտենք, բայց շախմատը լուրջ խաղ է, քաղաքականությունը շատ լուրջ գործ է: Խաղադրույքի վրա Հայաստանն է: Երեք տարի համբերել եք, մի փոքր էլ համբերեք, եւ քաղբանտարկյալները կլինեն էստեղ: Հայ ազգային կոնգրեսը այսօրվա հանրահավաքը համարում է ավարտված:
Իր հերթին, Լեւոն Զուրաբյանը հայտարարեց. Ժողովուրդ, չեք կասկածում, չէ՞ մեր վճռականության պակասին: Ուրեմն կներեք, քաղաքականությունը բարդ հաշվարկի արվեստ է: Այսօր մենք արել ենք մի քայլ, եւ շատ լավ հասկանում ենք, որ այդ քայլը միանշանակ չի ընկալվելու մեր հասարակության կողմից: Բայց եթե անում ենք, վստահ եղեք, որ շատ լավ հաշվարկել ենք մեր քայլերի եւ կոնկրետ այս քայլի հետեւանքները: Եվ ձեզ մի բան էլ եմ վստահեցնում: Ձեզ թվում է, որ սա նահանջ էր, իմացեք, որ մեր շարժման պատմության մեջ ավելի արդյունավետ քայլ չի լինելու, քան էն քայլը, որ մենք էսօր կատարեցինք:
Էս անգամ իմ խոսքին հավատացեք, մյուս անգամ ես ձեզ հետ նստելու եմ: Այսօրվա մեր քայլը լինելու է մեր ամենաարդյունավետ քայլը մեր ամբողջ այս պայքարի պատմության մեջ: Ուրեմն վստահ եղեք, որ այս մեկ ամսվա մեջ մեր պայքարի համար բացվելու են այնպիսի հեռանկարներ, որոնց մասին դուք անգամ չեք կարող երազել: Ուրեմն հանգիստ խղճով գնացեք այսօր տուն, իսկ հետո եռապատկված, տասնապատկված վճռականությամբ եկեք մյուս հանրահավաքին, եւ հաղթանակը լինելու է մերը: Երբեք մի կապեք ձեր որոշումները մի օրվա հետ: Սա մի օրվա հարց չի: Իսկ երբ որ էն օրը գա, որ դա դառնա մի օրվա հարց, վստահ եղեք, որ մենք ձեզ տանելու ենք այդ գրոհին: Իմացեք, որ քաղաքականությունը դա բարդագույն հաշվարկի արվեստ է: Ձեր ցանկությունները երբեք իրականության տեղ մի դրեք: Մենք ավելի լավ գիտենք` այս քայլը անելով ոնց են ձեր ցանկությունները բավարարվելու:
Զուրաբյանի խոսքերը ոչ միանշանակ արձագանքի են արժանանում մասնակիցների մոտ: Մի մասը ծափահարում է, մի մասը լռում, մի մասը հիասթափական բացականչություններ անում:
Երվանդ Մանարյանն էլ հայտարարեց. համբերող լինենք, շտապողականությամբ ոչ մի տեղ չենք հասնի: Հավատանք, որ մեզ առաջնորդում է իմաստուն մարդ: Համբերենք, իմ տարիքի փորձով եմ ասում: Մեզ ուզում եմ շշկռացնեն, որ մի հիմարություն անենք: Չենք անի,մենք միայն քայլելու ենք ճշմարիտ, իմաստուն ճանապարհով:
Լեւոն Զուրաբյանն էլ ավելացրեց` եկեք սրանով մեր հանրահավաքը փակենք, հաջողություն մաղթենք իրար եւ հաղթանակ, հաջողություն բոլորիդ:
Ժողովուրդը սկսեց ցրվել: Մի քանի կանայք մի քիչ նստեցին, հետո վեր կացան: Մարդիկ խումբ-խումբ մոտեցել են Կոնգրեսի ղեկավարներին եւ զրուցում են:
Էջանիշներ