ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՑԱԴՈՒԼ ՉԻ ԱՆԻ
“Միանշանակ ողջունում եմ, այլ բան չի կարող լինել: Ողջունում եմ քաղաքական դրսեւորումը, համարձակ գործընթացով”, ասում է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի գնալու քայլի մասին:
“Շատ արագ մի տեսակ քայլ է: Եթե ինքը այդպես է արել, եկեք այսպես անենք` չքննարկենք ինչու է այդպես, արել է, ուրեմն լավ է արել”, ասում է Արամ Մանուկյանը քայլի արդյունավետության կամ նպատակահարմարության մասին խոսելիս: “Ոչ թե անսպասելի էր, մի տեսակ, պահանջ է, եթե պահանջ ես դնում եւ վստահ չես, որ շատ արագ այդ հարցը լուծվելու է, կարող է հայտնվես դժվար վիճակում: Չնայած ձեւեր կան, անժամկետ հացադուլը շատ ռադիկալ է եւ ռիսկային է, վտանգավոր է”, ասում է Արամ Մանուկյանը, ժպտալով ավելացնելով. “Ես չէի անի”:
Հարցին, թե ինչի համար է վտանգավոր, Արամ Մանուկյանը պատասխանել է. “Եվ առողջության, եւ, գիտեք ոնց, հիմա, փառք Աստծո, ժողովուրդը միասնական ձեւով, միասնական կամքով գնում է այդ ճանապարհով եւ ես վստահ եմ, արդեն հասնելու ենք հաջողության: Նա ավելի հիմնավոր է, ավելի ծանր է, ավելի, էսպես, լուրջ է, երբ որ ժողովրդի կամքով է լինում, քան կրիտիկական մեթոդների դիմելը: Բան չանեք հանկարծ, թե քննադատում եմ: Իսկապես լավ է արել, ճիշտ է արել, դա իր իրավունքն է: Համարձակ քայլ է: Բայց եթե կողքից զուգահեռ գնում է համաժողովրդական իսկական շարժում, եթե նպաստում է, թող նպաստի, ինչ ասեմ, այդքանը”, հայտարարել է Արամ Մանուկյանը:
Հարցին, թե արդյոք Կոնգրեսը կարող է քննարկել ինչ որ մարդկանց միջոցով, այդ թվում լիդերների, Րաֆֆի Հովհաննիսյանին միանալու հարցը, կամ արդյոք ընդհանրապես Կոնգրեսը համարում է, որ պետք է բացի բարոյական աջակցությունից, նաեւ գործնական քաղաքական աջակցություն ցույց տալ Րաֆֆի Հովհաննիսյանին, Արամ Մանուկյանը պատասխանել է. “Հայ Ազգային Կոնգրեսը այդպիսի հիմնարկ չէ, որ որոշում կայացնի, որ Արամ Մանուկյանը հացադուլ է նստում: Պոլիտբյուրո չէ: Դա քննարկման նյութ չի: Աջակցությունն իհարկե, ես հիմա աջակցում եմ: Գործնականը, երանի իմանամ որն եք պատկերացնում: Գործնականը դա հայտարարությունն է, մեր աջակցությունն է, այցելությունն է: Եթե դա եք համարում, այո: Բայց հացադուլի ձեւով միանալը… եթե ես ուզեմ, ես կմիանամ, ինձ ոչ մեկ չի կարա ասի մի գնա, եւ ոչ մեկին էլ չեմ կարա ասեմ` դու գնա հացադուլի նստի: Իսկ անկեղծ ասած, նորից եմ ասում, դա քար գցել չհամարեք, ես չեմ համարում էս պահին, էսօր, հացադուլը ճիշտ պայքարի ձեւն է: Այս պահին: Կարող է երեք օր հետո հասունանա, չգիտեմ, բայց էս պահին չեմ գտնում: Գոնե ինձ համար, ոչ թե Րաֆֆիի համար, Րաֆֆին իր որոշման տերն է”, ասում է Արամ Մանուկյանը:
Էջանիշներ