User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՎԻՃԱԿ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

    Այնքան է մեծացել ռադիկալ քայլերի կոչ անող ու ընդունակ զանգվածը, որ վաղ, թե ուշ այդ քայլերն արվելու են, lragir.am-ին տված հարցազրույցում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը

    Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ ժողովրդի քվեարկությամբ ընդունվեց 15 կետից բաղկացած հայտարարություն: Իշխանություններն այդ պահանջները թեեւ բովանդակային առումով չմերժեցին, սակայն այն որակեցին որպես ուլտիմատում՝ նշելով, որ իրենց հետ ուլտիմատումների լեզվով չխոսեն:

    Իշխանությունների պատասխանները դեռ ադեկվատ չեն: Չգիտեմ՝ իրենք հասկանում են, թե ոչ, բայց մեզ համար ակնհայտ է՝ Հայաստանում հասունանում է հեղափոխական իրավիճակ: Ես նման գնահատականներ երբեք չեմ տվել, բայց հիմա տալիս եմ: Թերահավատները փորձում են փաստարկել, թե պետք չէ ոգեւորված լինել հանրահավաքներից, որ դա ոչ թե քաղաքական պատճառ ունի, այլ՝ սոցիալական բողոքավոր զանգվածներ են եկել: Իմ պատասխանը հետեւյալն է՝ ուրեմն իրավիճակը շատ ավելի լուրջ է եւ շատ ավելի հեռահար հետեւանքներ ունի: Օրինակ՝ եթե հետընտրական ճգնաժամ կա, որը կապված է ընտրությունների կեղծման հետ, հետո նաեւ դրան հետեւած խաղաղ ցույցերի բռնի ցրման հետ, այդ դեպքում ժամանակն աշխատում է իշխանությունների օգտին. որքան անցնում է այդ ճգնաժամից, այդքան իրավիճակը հանգստանում է եւ ժողովուրդը վերադառնում առօրյային: Ներկա վիճակը բացարձակ հակառակ դինամիկան ունի: Այս վիճակը չի հանգստանա: Ժամանակն, ընդհակառակը, աշխատելու է իշխանությունների դեմ. որեւէ հարց նրանք չեն լուծելու, չեն կարողանալու ապահովել բյուջեի մուտքերը, վճարել աշխատավարձեր, չեն կարողանալու պատշաճ կերպով ապահովել բանակի ծախսերը, եւ այդ ամենի հետեւանքը լինելու է այն, որ օրըստօրե աճելու է դժգոհ մարդկանց բանակը:

    Ուրեմն՝ ամենամեծ մարտահրավերը, որ մենք այսօր ունենք, այն է, որ Հայաստանում պահպանվեն սահուն քաղաքական-հասարակական գործընթացները, որովհետեւ եթե այս տեմպերով լարվածությունն աճի, ոչ ոք, այդ թվում ժողովրդի անվերապահ աջակցությունը վայելող Հայ Ազգային Կոնգրեսը, չի կարողանալու ապահովել ժողովրդի համբերությունը: Ուստի՝ առաջարկվածն ընդամենը ելք է՝ ստեղծված իրավիճակից: Եթե իշխանությունները խելամիտ գտնվեն, ապա համատեղ ջանքերով իշխանություններն ու ընդդիմությունը կարող են երկիրը սահուն քայլերով դուրս հանել այս իրավիճակից: Ուստի՝ իշխանությունները պետք է գիտակցեն ստեղծված իրավիճակի լրջությունը եւ ռեալ քայլեր կատարեն՝ ժողովրդին, հասարակությանն ընդառաջ: Իսկ այդ քայլերը ներկայացված են 50 հազարանոց հանրահավաքում ընդունված պահանջների հռչակագրում:

    Ձեր կարծիքով, իշխանությունները կգնա՞ն արդյոք այդ պահանջների կատարմանը, եւ եթե չգնան, ապա որոնք են լինելու ընդդիմության քայլերը:

    Դա կախված է նրանց “հետախուզական” կարողություններից ու ճկունությունից: Եթե նրանք հետադարձ կապը պահպանել են, ունեն ադեկվատ ինֆորմացիա եւ այս աննախադեպ լարված իրավիճակում ճիշտ վարվելու անհրաժեշտ ճկունություն, ուրեմն նրանք կհետեւեն եւ կկատարեն պահանջների առնվազն մի մասը: Դա թույլ կտա սկզբնավորել երկխոսություն իշխանության եւ ընդդիմության միջեւ՝ երկրում լեգիտիմ իշխանության ձեւավորման ժամկետների եւ եղանակների շուրջ:

    Եթե քայլերի չդիմեն, ապա արդյոք ընդդիմությունը կգնա ռադիկալ քայլերի:

    Եթե Կոնգրեսն էլ չգնա ռադիկալ քայլերի ու ռադիկալ լուծումների, ապա իրավիճակն այնքան լարված է, այնքան է մեծացել ռադիկալ քայլերի կոչ անող ու ընդունակ զանգվածը, որ վաղ, թե ուշ այդ քայլերն արվելու են: Մեր նպատակն այն է, որ նման ընթացք չլինի եւ մենք կարողանանք ապահովել ժողովրդի արդարացի պահանջների իրականացումը՝ սահուն քաղաքական գործընթացի միջոցով: Բայց նման պլան իրագործելու համար անհրաժեշտ է իշխանությունների փոխադարձ շահագրգռվածությունը եւ նրանց կողմից համագործակցությունը: Եթե դա չլինի, ապա իշխանություններն իրենց ձեռքով բացելու են մուբարաքացման դուռը:

    Իշխանությունների պահվածքից տպավորություն է, որ իրենք հույսը դրել են վերջին հաշվով ուժային մեթոդով զանգվածային բողոքի ակցիաները ճնշելու եւ հարցերն ուժով լուծելու վրա:

    Չեմ կարծում, որ նման վիճակ կա: Իրենք էլ են հասկանում, որ չեն կարող ուժային մեթոդներով գործել: Եկեք մի բան հստակ իմանանք՝ ուժային կառույցների մեջ մեծ շփոթ կա ու բարոյազրկում: Նրանց 95 տոկոսը, եթե ոչ ավելին, սովորական մարդիկ են, որոնք նույնպես այլեւս չեն ցանկանում հանդուրժել այս բռնապետությունն ու ակնհայտ համակրանք ունեն համաժողովրդական շարժման նկատմամբ, նաեւ տեսնում են, թե ինչէ կատարվում այլ երկրներում: Իշխանությունները եթե մտադիր են ուժային սցենարով գնալ, ապա կարող են հենվել միայն մի քանի հոգու վրա: Նրանց բոլորի անունները մենք գիտենք, բայց այդ մի քանի հոգով չեն կարող դիմակայել հարյուր հազարավոր մարդկանց ընդվզմանը: Ես վստահ եմ, եթե իշխանություններն ադեկվատ են գնահատում իրավիճակը, ապա դա շատ լավ հասկանում են:

    Բացի դրանից, ինչպես ցույց է տալիս արաբական հեղափոխությունների վերջին փորձը, ամեն բռնություն, ամեն մի ուժային գործողություն, հատկապես եթե լինում են զոհեր, շեշտակի հակահարված են առաջացնում եւ էլ ավելի բարձրացնում ժողովրդական ալիքի հզորությունը: Ցանկացած բռնի գործողություն ի վերջո հակադարձվում է, այն էլ՝ հակադարձվում տասնապատիկ: Սա բնության օրենքն է: Եւ այն վիճակում, որում գտնվում է ռեժիմը իր մաշված ռեսուրսներով, նաեւ հաշվի առնելով այն, որ միջազգային հանրությունը շատ կտրուկ ձեւով փոխել է վերաբերմունքը դիկտատորական ռեժիմների նկատմամբ, վստահ եմ՝ իշխանությունները պետք է հասկանան՝ ուժային մեթոդներով իրենք ի վիճակի չեն լինելու կարգավորել իրավիճակը: Դա պատրանք է: Ես վստահ եմ՝ նրանք այդ պատրանքը չունեն:

    Նաեւ խորհրդարանական ընդդիմության արձագանքին կխնդրեի անդրադառնալ. այս 15 կետանոց պահանջները կամ դրանց մի մասը նաեւ նրանց կողմից է բազմիցս հնչել, բայց միեւնույն է, տարբեր պատճառաբանություններով չեն ցանկանում կանգնել այդ պահանջների կողքին, համագործակցել Հայ Ազգային Կոնգրեսի հետ:

    Եկեք հստակ գնահատականներ տանք. ՀՅԴ վերնախավը, ղեկավարությունն այսօր ամբողջովին սերտաճած է ներկա օլիգարխիկ-կլանային համակարգի հետ: Նրանք ունեն իրենց տեղը այդ համակարգի մեջ: Իսկ նրանց ղեկավարն ամեն շաբաթ գնում է նախագահական նստավայր եւ ինստրուկցիաներ ստանում, թե ինչպիսին պետք է լինի ՀՅԴ եւ նրա հեռուստատեսության վարվելակերպը: Իհարկե, ՀՅԴ շարքերում կան հարյուրավոր ազնիվ մարդիկ: Երբեմն նրանց կողմից մեսիջներ են լինում, թե որոշ ժամանակ մի քննադատեք, թողեք՝ մենք մեր ձեռքով կկատարենք իշխանափոխություն ՀՅԴ ներսում: Բայց ես կարծում եմ՝ դրանք սին պատրանքներ են. փորձը ցույց տվեց՝ հարյուրավոր այդ ազնիվ մարդիկ չեն կարող իրականացնել նման վերափոխում ՀՅԴ ներսում: Ցավոք սրտի, ՀՅԴ-ն այսօր լրիվ պատանդ է այն մի քանի միկրոօլիգարխների, որոնք սերտաճած են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ստեղծած կլանային-օլիգարխիկ համակարգի հետ: Միակ գործառույթը, որ ՀՅԴ-ն կարող է անել, նախագահականից ընդդիմություն գործուղվելու եւ ընդդիմության պառակտվածության պատրանք ստեղծելու դերն է: Զուտ տեսականորեն, իհարկե, եթե այդ ամենը փոխվի, մենք բաց ենք համագործակցության համար:

    Ինչ վերաբերում է Ժառանգությանը, շատ դեպքերում լավ գործ անում են, ակտիվ են Ժառանգության պատգամավորները: Սակայն պետք է նաեւ հասկանանք, որ այդ կուսակցությունը այսօր չունի ռեալ քաղաքական քաշ, եւ մի քանի տասնյակ մարդկանցով է սահմանափակվում նրանց ռեալ անդամակցությունը: Դա հետեւանք է նրա, որ ինչ-որ պահի սահմանազատվեցին համատեղ պայքարից, ինչ որ դիստանցիա պահեցին համաժողովրդական շարժումից: Ամեն դեպքում, իրենք են որոշում բռնապետության դեմ այս համընդհանուր պայքարում իրենց մասնակցության չափը, եւ այդ մասնակցության ցանկացած չափ, ընդհուպ մինչեւ Կոնգրեսին անդամակցելը, մենք կողջունենք:

    Այս ֆոնի վրա իշխանությունների կողմից մի թեզ է նետված, որի իմաստը հետեւյալն է՝ ընդդիմությունը միավորված չէ, ուստի չի կարող հասնել հաջողության: Եվ հիմա փորձում են հասարակությանը փաթաթել բանավեճ այն մասին, թե արդյոք ընդդիմությունը կարող է միավորվել: Սա հերթական քարոզչական հեքիաթն է, որը պատմում են մեկ նպատակով՝ նորից հուսահատեցնելու մարդկանց:

    Եկեք պարզենք՝ ինչի համար է պետք ընդդիմության միավորվածությունը: Իսկապես, պառակտված ընդդիմությունը ոչինչ չի կարող անել՝ եւ մանիպուլացվում է իշխանությունների կողմից, եւ ի վիճակի չէ մոբիլիզացնելու մարդկանց՝ լուրջ պայքարի ռեժիմի դեմ: Այսինքն՝ համախմբման եւ միավորման ողջ իմաստն այն է, որ միավորմամբ ոգեւորված՝ մարդիկ ոտքի ելնեն եւ մոբիլիզացվեն ռեժիմի դեմ պայքարում: Ահա այդ նպատակն արդեն իրագործված է՝ Հայ Ազգային Կոնգրեսում ընդդիմության միավորումն արդեն լուծել է այդ խնդիրը, ստեղծված է միացյալ ընդդիմություն, որը կարողացել է մարդկանց ոտքի հանել, մոբիլիզացնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ պայքարի: Այնպես որ, հետագա միավորման ու համախմբման խնդիրն արհեստական, արհեստածին գաղափար է:

    Ասածս, իհարկե, չի նշանակում, որ միավորման գործընթացը համարում ենք ավարտված: Ընդհակառակը, մենք հրավիրում ենք բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում՝ ՀՅԴ-ին ու Ժառանգությանը, եթե նրանք պատրաստ են անկեղծ պայքարել ռեժիմի դեմ, ընդունել դրույթները, որոնք դրված են Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման հռչակագրում, հրավիրում ենք միանալ եւ մեզ հետ համատեղ պայքարել ռեժիմի դեմ: Ընդ որում, ասեմ, որ դա իրենց վրա ոչ մի պարտավորություն չի դնում: Կոնգրեսի հռչակագրում գրված է, որ Կոնգրեսի անդամ ցանկացած կուսակցություն պահպանում է լիակատար քաղաքական ինքնուրունությունը, այդ թվում՝ ընտրություններին առանձին մասնակցելու առումով:

    Այնպես որ, մենք բոլորին հրավիրում ենք միանալ եւ համատեղ ջանքերով պայքարել ժողովրդի հաղթանակի համար: Բայց նաեւ պետք է մի բան հասկանանք, որ բոլոր կուսակցությունների, բոլոր ուժերի միավորումն ուտոպիստական խնդիր է, որը երբեք մարդկության պատմության մեջ ոչ ոք չի կարողացել լուծել: Մենք էլ հիմար չենք, որ զբաղվենք ուտոպիստական, անիրականանալի խնդիրներով: Մենք արդեն իսկ լուծել ենք մոբիլիզացիայի համար անհրաժեշտ` ընդդիմության միավորման խնդիրը, հիմա լուծում ենք բռնապետության տապալման եւ Հայաստանում ժողովրդավարության հաստատման խնդիրը: Եվ լուծում ենք մեծ հաջողությամբ:

    Ինչ նկատի ունեք միանալ ասելով՝ մաս կազմել Հայ Ազգային Կոնգրեսին, թե համագործակցել Կոնգրեսի հետ առանց դրա կազմի մեջ մտնելու:

    Իսկ ինչն է խանգարում ստորագրել Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման հռչակագիրը. այնտեղ որեւէ մեկի վրա որեւէ պարտավորություն չկա: Եթե դրույթներն ընդունում են, ինչն է խանգարում այն ստորագրել: Չեն ցանկանում ստորագրել, խնդիր չէ՝ թող պայքարեն առանձին, բայց երբ խոսում են միանալու, միավորվելու կամ միասնության մասին, ապա կոնկրետ բացատրություն պետք է տան, թե ինչ են դրա տակ հասկանում: Ի՞նչ է նշանակում միանալ. եթե նշանակում է միասնական դաշինքով ընտրությունների գնալ, ապա դրա մասին կխոսենք ընտրությունների ժամանակ: Եթե նշանակում է համատեղ ակցիաներ կազմակերպելը, ապա այսօր ՀՀ-ում զանգվածային միջոցառումներ, ըստ էության, կազմակերպում է Կոնգրեսը, եւ նրանք կարող են միանալ այդ ակցիաներին: Եթե միասնության տակ մի ուրիշ բան են հասկանում, թող շատ կոնկրետ ասեն` ինչ:

    Կոնգրեսի հետ համագործակցությունն առանց նրա կազմի մեջ մտնելու հնարավո՞ր է:

    Մենք պատրաստ ենք համագործակցության: Մենք նաեւ գործնականորեն համագործակցել ենք, օրինակ, Ժառանգության հետ. մարտի 1-ի սպանությունների բացահայտման առումով շատ հաջող, արդյունավետ համագործակցել ենք եւ կրկին պատրաստ ենք համագործակցել: Իսկ համագործակցել չի նշանակում միանալ: Մենք գտել ենք միավորման մեխանիզմը. դա Հայ Ազգային Կոնգրեսն է: Եթե որեւէ մեկն ունի միավորման ալտերնատիվ պլատֆորմ, թող շատ հստակ այն ներկայացնի: Մենք մեր առաջարկը ոչ միայն կոնկրետ արել ենք, այլեւ իրագործել: Արդյունքում տասնութ կուսակցություն այդ պլատֆորմի վրա միավորվել է, եւ այն բաց է այլ ուժերի համար եւս:

    Եթե մինչեւ մարտի 17-ը չկատարվեն պահանջները, ի՞նչ է լինելու, եւս մեկ անգամ ժամանա՞կ է տրվելու, թե ոչ:

    Եւս մեկ անգամ ժամանակ տալը չեմ կարծում, որ որեւէ իմաստ ունի: Ամսի 17-ին ժողովրդի հետ միասին կորոշենք մեր ասելիքներն ու անելիքները:

    Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (09.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •