Արարատի մարզի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց ամուսնու ծեծից մահացած Զարուհի Պետրոսյանի գործով դատական առաջին նիստը: Այն կկայանա մարտի 11-ին, ժամը 11-ին: Զարուհու հարազատներին պատճառաբանել են, որ «մարտի մեկի առիթով հանրապետությունում ցույցեր են, ուստի կալանավորներին դուրս չեն հանում կալանավայրերից, քանի որ վախենում են հնարավոր փախուստից»:

Այսօրվա նիստում պետք է քննարկվեր գործով մեղադրյալ` Զարուհի Պետրոսյանի ամուսնու` Յանիս Սարկիսովի կալանքի ժամկետի երկարաձգման հարցը:

Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, որը նախատեսում է 6-10 տարվա ազատազրկում: Յանիս Սարկիսովը ավելի քան 5 ամիս գտնվում է կալանքի տակ:

Ի դեպ, Մասիսից այս պահին Երեւան հասնելը գրեթե անհնար է, քանի որ որեւէ երթուղայինի վարորդ նման համարձակություն չունի:

Մասիսում գտնվող Զարուհի Պետրոսյանի հարազատները «Ա1+»-ին հայտնեցին, որ իրենց դժվարությամբ է հաջողվել հասնել Երեւան, քանի որ երթուղայինները չեն աշխատում:

«Մեզ հազիվ հաջողվեց մի տաքսի վերցնել, որի վարորդը ասաց` արագ նստեք գնանք, քանի դեռ ոստիկանները չեն տեսել»,-ասաց նրանցից մեկը:
Աղբյուր՝ Ա1+