ՀՀ 7230 քաղաքացու կամքն այսօր Հայ ազգային կոնգրեսը երթով փոխանցեց Վարչական դատարանին: Վարչական դատարանը, որը գազի գների բարձրացմանը դեմ հայցադիմումի միայն մի մասն է ընդունել վարույթ, որոշել է քննությունն անցկացնել գրավոր կարգով:
Այսօրվա բողոքի երթի մասնակիցները դատարանից պահանջում էին հայցը լսել բանավոր կարգով` բաց եւ թափանցիկ դատավարությամբ:
Մի քանի հազար քաղաքացիներ Գարեգին Նժդեհի հրապարակից երթով շարժվեցին դեպի Վարչական դատարան: Երթն առաջնորդում էին Կոնգրեսի երիտասարդները` «Սերժիկ, գազ տուր, հեռացիր» պաստառով: «Մենք չենք ուզում ապրել մի երկրում, որտեղ իշխանությունները թալանում են մեզ: Ոչ թանկացումներին, ոչ թալանին»,- բարձրախոսով հայտարարում էին երիտասարդները` բոլորին կոչ անելով միանալ իրենց պայքարին:
«Գազի գների թանկացումներին կողմ են միայն նրանք, ովքեր կողմնակի եկամուտներ ունեն: Միայն աշխատավարձով ապրող մարդը չի կարող համակերպվել այդ անօրինական թանկացումների հետ»,- «Ա1+»-ին ասաց երթի մասնակիցներից Եվա Ադամյանը:
Քաղաքացի Կարինե Դավթյանը վստահեցրեց, որ այսօրվա երթը որեւէ քաղաքական նպատակ չի հետապնդում. «Ես այստեղ եմ` իմ կամքով: Գազի գնի թանկացումն անդրադառնալու է բոլորի ընտանեկան բյուջեի վրա: Ինձ համար տարօրինակ է, որ իշխանությունները գովաբանում են գազի գների թանկացումը»:
Ի դեպ, երթի ընթացքում Կոնգրեսի երիտասարդները բարձրախոսով շնորհավորեցին նաեւ ոստիկաններին` մասնագիտական տոնի առիթով: Ջերմ մթնոլորտում երթը շարունակվեց այնքան ժամանակ, քանի դեռ չէին վանկարկել «Սերժիկ մարդասպան, Սերժիկ հեռացիր»:
Ոստիկանները երիտասարդներից պահանջեցին դադարեցնել վանկարկումները, սակայն դրան հաջորդեցին սուլոցներն ու ավելի բարձր վանկարկումները:
Ոստիկանները ստիպված էին երթն ուղեկցել առանց պահանջների: Վարչական դատարանի մոտ ՀՀ 7230 քաղաքացու պահանջը Վարչական դատարանին փոխանցեց Կոնգրեսի իրավաբաններից Վահե Ստեփանյանը: Երթն առաջնորդողներից Հայ Ազգային Կոնգրեսի կոորդինատոր Լեւոն Զուրաբյանը ներկաններին վստահեցրեց, որ Վարչական դատարանը ստիպված կլինի հաշվի նստել հազարավոր մարդկանց պահանջի հետ. «Վարչական դատարան առնվազն պետք է խուլ եւ համար լինի, մեզ չլսելու համար»:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, որը բազմիցս հիմնավորել է գազի գների թանկացման հետեւանքները մեր հասարակության բոլոր շերտերի նկատմամբ` «Ա1+»-ին ասաց. «Առ ժամանակ հետո բոլորը կհասկանան, որ 40 տոկոսով գազի գների թանկացումը հարվածելու է ոչ միայն նրանց գրպաններին, որոնք այսօր մասնակցում են բողոքի ակցիզային: Իհարկե, կան մարդիկ, ովքեր շահագրգիռ են, որ գազի գները թանկանան` սկսած Սերժ Սարգսյանից, Տիգրան Սարգսյանից, Կարեն Կարապետյանից, սակայն ազգաբնակչության 99 տոկոսը դեմ է գազի գնի թանկացմանը: Կարծում եմ` այսօրվա ակցիայի միջոցով մենք մեր ձայնը հարցրեցինք Վարչական դատարանին»:
Էջանիշներ