ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը բացառում է ՀՀ-ում Ղրղըզստանի դեպքերի կրկնությունը: «Ով փորձի նման միտք փայփայել, օրորոցում անմիջապես կպատժեմ: Խորհուրդ չեմ տա հեղափոխական ճանապարհով ինչ-որ բան փոխել:
Մարդկանց մեծ մասն այսօր իրենց գործն ունի: Չգիտեմ դանդաղ, թե արագ, բայց երկիրը դուրս է գալու ճգնաժամից եւ իր բնականոն ընթացքն ապրելու է: Նորմալ չեմ համարում, երբ ընտրված նախագահի, իշխանության եկած մարդկանց հետ կարող է ամեն տեսակի գունավոր ու չգիտեմ կենդանակերպի տարբեր նշաններով հեղափոխությունների անուն դնելով փորձեն իշխանափոխություն անել, եւ հեղափոխությունների ճանապարհով: Հայաստանում չեմ տեսնում այն զանգվածը, որը որ կփորձի այդ քայլին դիմել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Ալիկ Սարգսյանը:
Ալիկ Սարգսյանը վստահեցնում է, որ գունավոր հեղափոխություններով չարժե հրապուրվել, իսկ
եթե այնուամենայնիվ ՀՀ-ում նման դեպքեր զարգանան, ապա իր տեղը հստակ է լինելու. «Ոստիկանապետը չի կարող միջանկյալ տեղում լինել: Երկու տեղ ունի' կամ հաղթած' իշխանությունը պահած, կամ պարտված' հենց այդ դերում»:
Մի փոքր ուշ, երբ լրագրողները պարոն Սարգսյանին հիշեցրեցին, որ ՀՀ Սահմանադրության համաձայն իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ոստիկանապետը պետք է պաշտպանի ոչ թե իշխանություններին, այլ ժողովրդին' Ալիկ Սարգսյանն ասաց. «Ես նկատի ունեի այն, որ այդօրինակ դեպքերը իրականացնում են ոչ թե քաղաքական ուժերը, այլ քրեածին տարրերը եւ ամեն ինչ սկսում է հասարակական կարգի խախտումով, ինչը պաշտպանելը ոստիկանության պարտականությունն ու իրավասությունն է: Սա սկսվում է հիմնականում այն մարդկանց կողմից, ովքեր կողմնակիցն են ջարդելու, խփելու, գողանալու, այրելու, եւ այլն, եւ այլն: Ես ընդամենը դա նկատի ունեի: Նման դրսեւորում, ինչը որ կունենա նման սկիզբ, ոստիկանությունը թույլ չի տա»:
Ոստիկանապետը վստահեցրեց, որ մեր ընդդիմություն էլ բախումների ցանկություն չունի.
«Փառք Աստծո մեր ընդդիմությունն էլ է ճիշտ ընկալում պահը: Տեսնո՞ւմ եք պայքարի ինչպիսի ուղի են ընտրել: Ես նկատի ունեմ' քաղաքակիրթ ուղին, որը ես նույնպես ողջունում եմ: Մի ծիծաղեք: Թող նույն ընդդիմությունը փորձի ապակիներ կոտրելով միտինգ անել, տեսնեմ հաջորդ անգամ կանի՞: Նրանք շատ ճիշտ են գնահատում պահը, եւ մեր վերաբերմունքն էլ նրանց նկատմամբ տեսնում եք' շատ հարգալից: Ամեն միտինգից հետո շնորհակալություն ենք հայտնում միմյանց»:
Իսկ ի՞նչն էր պատճառը, որ ընդդիմության վերջին հանրահավաքի ընթացքում գրեթե ոստիկաններ չկային, արդյո՞ք պատճառը FIDH իրավապաշտպանների ներկայությունն էր ՀՀ-ում' մեր հարցին պատասխանելով Ալիկ Սարգսյանը չհերքից նաեւ այդ հանգամանքը:
Նշեց, որ յուրաքանչյուր հանրահավաքից, երթից առաջ քննարկում են հնարավոր բախումները, խախտումներ եւ համոզված էին, որ ապրիլի 6-ին որեւէ խախտում չի լինի:
Ալիկ Սարգսյանը վստահ է, որ որեւէ խախտում չի լինելու նաեւ ՀԱԿ-ի ապրիլի 16-ի երթի ընթացքում: Ի դեպ, ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության օրն է: «Ես համոզված եմ, որ ընդդիմությունը մեր տոնը չի խանգարի, մենք ել նրանց երթը»,- ասաց ոստիկանապետը:
Նշենք, նաեւ ապրիլի 16-ը սեռական փոքրամասնությունների տոնն է եւ Ալիկ Սարգսյանը դիմել է Սերժ Սարգսյանին' խնդրելով իրենց տոնը տեղափոխել մեկ այլ օր, ասենք' ապրիլի 19-ին:
Էջանիշներ