Հունվարի 10-ին Երեւանի 10-րդ ընտրատարածքում անցկացված պատգամավորական լրացուցիչ ընտրությունների ժամանակ «Հայկական ժամանակ»-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանի նախընտրական ենթաշտաբի պետ Պետրոս Մակեյանին, նրա որդուն՝ Կարեն Մակեյանին եւ Փաշինյանի վստահված անձ Սուրեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու փաստի առիթով հարուցված քրեական գործի քննությունը կասեցվել է: Ընդ որում, ոստիկանությունը գործի կասեցումը բացատրել է նրանով, որ հանցագործություն կատարած անձինք չեն հայտնաբերվել: Դա այն դեպքում, երբ ամեն ինչ տեղի է ունեցել բազմաթիվ ներկաների աչքի առաջ, կան վկաներ, կան հանցագործների լուսանկարներն ու նրանց մեքենայի համարները:
Հիշեցնենք, որ սկզբում այդ փաստի առնչությամբ գործ էր հարուցվել քր. օրենսգրքի 117 եւ 118 հոդվածներով (ծեծը եւ առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը) եւ Մակեյաններն ու Սուրեն Մարտիրոսյանը տուժող էին ճանաչվել: Դեպքը տեղի էր ունեցել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/09 ընտրատեղամասի մոտ եւ տուժողները մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Դեպքից հետո Պետրոս Մակեյանը հայտարարում էր, որ իրենց ծեծի են ենթարկել հաղթանդամ «սափրագլուխները», որոնց հետ համագործակցել են ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահն ու թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձը: Նշում էր, որ այդ «սափրագլուխները» բոլորին էլ հայտնի են, հայտնի են նաեւ այն մեքենաների համարները, որով նրանք հեռացել են տեղամասից, պարզապես իշխանությունները չեն ցանկանում նրանց դատապարտել:
«Հանձնաժողովի նախագահը, որը Արաբկիրի, կարծեմ, թաղապետի տեղակալն է, եւ ընտրություններում հաղթած թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձը եղել են նույն բանդայի անդամները, այդ ամբողջ պրոցեսում համագործակցել են իրար հետ: Այսինքն, չգտնելու որեւէ խնդիր չկա: Որեւէ գաղտնիք չկա, ուղղակի չեն ուզում փուռը տալ իրենց, այսպես ասած, հանցագործ սպասարկողներին: Որովհետեւ առաջիկայում նոր ընտրություններ կան»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Մակեյանը:
Ընտրությունների օրը ընդդիմադիր թեկնածուի վտահված անձանց աշխատանքը համակարգող Վահագն Խաչատրյանն էլ հավելել է. «Նույն խումբն է, որը գործել է իշխանության հովանավորությամբ, որը ծառայել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ընտրության ժամանակ, որը ծառայել է Սերժ Սարգսյանի ընտրության ժամանակ, որը ծառայել է Ռոբերտ Քոչարյանին… Սրանք կարող են գործել եւ չպատժվել միայն եւ միայն մեր նման պետությունում»:
Նշենք, որ 10-րդ ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ հարուցվել էին մի շարք գործեր, որոնցից երկուսն արդեն կարճվել են:
news.am
Էջանիշներ