Ուզում է փոխել
Գնալով ավելի են սաստկանում ՀՀ-ում կադրային լուրջ փոփոխությունների մասին տեղեկությունները: Խոսքը, առաջին հերթին, ՀՀ գլխավոր դատախազի, ԱԱԾ տնօրենի, ոստիկանության պետի եւ մի քանի նախարարների պաշտոնների մասին է:
Ըստ մեր աղբյուրների, նախատեսվում է, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանին փոխարինելու է ներկայիս Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը իր տեղը զիջելու է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբորը` ԱԱԾ Երեւանի վարչության ներկայիս պետ Արզուման Հարությունյանին: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի տեղում նշանակվելու է կամ ոստիկանության Երեւանի վարչության ներկայիս պետ Ներսիկ Նազարյանը կամ ռազմական ոստիկանության ներկայիս պետ Վովա Գասպարյանը: Մեր աղբյուրների պնդմամբ այդ պաշտոնում Ներսիկ Նազարյանի նշանակվելու շանսերը ավելի մեծ են: Նախարարական պորտֆելներից նոր տերեր ձեռք կբերեն բնապահպանությունը եւ առողջապահությունը: Մեր աղբյուրների պնդմամբ` այս փոփոխությունների մասին որոշումն, ըստ էության, արդեն կայացված է, եւ խնդիրը միայն ժամկետների հարցն է: Ըստ ամենայնի` փոփոխությունները տեղի կունենան այս ամսվա ընթացքում:
Էջանիշներ