Ռուսական թերթը պարզել է, թե ինչ են խոսել նախագահները փակ դռների հետևում

11:20 • 20.07.09


Շաբաթ օրը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը ոչ միայն հետևել են ձիարշավի մրցումներին: Հանդիպելով դեմ առ դեմ, իսկ հետո նաև Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ՝ նրանք բանակցություններ են վարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, գրում է «Коммерсант»-ը:

Դրանից մեկ շաբաթ առաջ` G8-ի գագաթաժողովին, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանիսայի նախագահները հայտարարությամբ էին հանդես եկել, որում Երևանին և Բաքվին կոչ էին արել ավարտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնեցումը: Ինչպես հայտնի է, դրանց հիմքում պետք է ընկնի այսպես կոչված Մադրիդյան փաստաթուղթը, որը 2007թ. հաստատվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից:

Հայաստանը և Ադրբեջանը առաջարկված կետերից ոչ մեկի շուրջ դեռևս համաձայնության չեն եկել: Այնուամենայնիվ, թերթի տվյալներով, հակամարտող կողմերը հենց այս հարցերն են քննարկել Մոսկվայում: Ինչպես հանդիպումից հետո տեղեկացրել է Մեդվեդևի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, «տեղի է ունեցել շարունակական, մեր կողմի գնահատականով, շատ կառուցողական հանդիպում, որի ընթացքում շարունակվել են բաց մնացած մի շարք հարցերի քննարկումները»:

Թե ինչպիսի թեմաներ են քննարկել նախագահները, Պրիխոդկոն չի ճշտել: Սակայն ՌԴ ԱԳՆ-ից ղարաբաղյան հակամարտության բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները «Коммерсант»-ին պատմել են, որ հանգուցային հարց է հանդիսացել տարածաշրջանի բնակչության կողմից ինքնորոշման վերաբերյալ քվեարկության հարցը և դրա համար նախատեսված «միջանկյալ կարգավիճակը»:


Tert.am