Չախալյանի դատավճիռը Վրաստանի վերաբերմունքի դրսևորումն է ջավախահայության նկատմամբ. Շիրակ Թորոսյան

Վրացահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի նկատմամբ երեկ Վրաստանի դատական համակարգում կայացված դատավճիռը սխալ քայլ էր ու անհեթեթություն։

Tert.am–ին այս կարծիքն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը՝ մեր խնդրանքով մեկնաբանելով Չախալյանի նկատմամբ կայացված դատավճիռը։

Հիշեցնենք, որ ապրիլի 6–7–ին Ախալցխայի շրջանային դատարանում կայացած դատաքննության ավարտին վրացահայ ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովդրավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։

Շիրակ Թորոսյանը դատավճիռն անհեթեթություն է որակել՝ մեկնաբանելով, թե Չախալյանին առաջադրված մեղադրանքների մի մասը նախ հերքվել է հենց դատարանում, իսկ մեղադրանքների մյուս մասն էլ՝ չի կարող վերագրվել Վահագն Չախալյանին։

«Ջավախքում բոլորն էլ գիտեն, որ այդ գործը սարքովի է։ Վահագն Չախալյանը դատվում է իր գործունեության և քաղաքական հայացքների համար։ Սա հորինովի դատվածություն է»,– հայտարարել է ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն ու հավելել, որ դատաքննության ամբողջ ընթաքը լի է եղել խոտաններով, Չախալյանը չի կարողացել օգտվել իր տարրական իրավունքներից։

«Ջավախք» հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանն ասել է, որ Չախալյանի նկատմամբ կայացված դատավարությունը չէր ցանկանա վերագրել Վրաստանի կողմից Հայաստանի հանդեպ դրսևորվող վերաբերմունք, բայց որ այն հատուկ ուղղված է ջավախահայության դեմ, անկասկած է։ «Նպատակը Ջավախքի հայաթափումն է ու ազգային դիմագիծը ձևախեղելը»,– ավելացրել է Շիրակ Թորոսյանը։
Tert.am