Բաղդադում դեկտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վրա նետված կոշիկների հետ կապված միջադեպը զարգացում է ստացել: Գտնվել են Իրաքի Ալ Բաղդադիա թերթի 29-ամյա լրագրող Մունտադարա ազ-Զեյդիի կոշիկները աստղաբաշխական գնով գնել ցանկացողներ, որոնք վերջինս նետել էր ԱՄՆ նախագահի վրա բացականչելով. Սա հրաժեշտի համբույր է Իրաքի ժողովրդի կողմից, շուն: Սկզբում հայտնի է դարձել, որ Իրաքի ֆուտբոլային ակումբի նախկին տեխնիկական տնօրեն Ադնան Համադն այդ կոշիկների համար առաջարկել է 100 հազար դոլար: Մեկ այլ իրաքցի գործարար էլ հայտարարել է, որ պատրաստ է վճարել ցանկացած գին այդ սկանդալային կոշիկների համար: Վերջապես երկուշաբթի օրը լրատվամիջոցները հաղորդել են, որ Սաուդյան Արաբիայի 60-ամյա մի բիզնեսմեն առաջարկել է 10 միլիոն դոլար, ընդ որում պատրաստ է այդ գումարը վճարել միայն մեկ կոշիկի համար: Միաժամանակ 44 համարի սև կոշիկների ճակատագիրը (համարը տեղում աչքաչափով որոշել է ինքը Բուշը) ներկայում անհայտ է: Մի վարկածի համաձայն, կոշիկները հնարավոր է առգրավել է Իրաքի ազգային անվտանգության ծառայությունը, հնարավոր է նաև, որ այն վերցրել են Բուշի աշխատակիցները: Սակայն եթե բանը հասնի դատարանին և Ազ-Զեյդին մեղավոր ճանաչվի, նա իրավունք կունենա պահանջել, որպեսզի իրեն վերադարձվի հանրահռչակ դարձած կոշիկները:![]()
Էջանիշներ