Հայ ազգային կոնգրեսի կենտորնական գրասենյակը քիչ առաջ հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Հայ ազգային կոնգրեսի՝ մարտի 1-ին հայտարարած հանրահավաքին ընդառաջ, ոստիկանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ շարք է սկսել։ Ոստիկանության շրջանային բաժանմունքները երեկ արդեն Ապարանում, Հրազդանում այլ տաղերում ընդդիմության նախորդ հանրահավաքին մասնակից ակտիվիստներին «զրույցի» են հրավիրել ոստիկանություն։ Այսօր երեկոյան, մարտի 1-ին իրազեկված և քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված հանրահավաքի թռուցիկները բաժանելիս, Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել 10 երիտասարդների, որոնցից երեքը՝ աղջիկներ։ Ինչպես երևում է, վարչախումբը շատ է վախեցել մի կողմից՝ արաբական երկրներում կատարվող իրադարձություններից, մյուս կողմից՝ Հայաստանում իրենց իսկ կողմից իրականացված «տնտեսական օպերացիաների» շնորհիվ հասարակության նորանոր շերտերի քաղաքական ակտիվացումից։ Սերժ Սարգսյանի հրահանգով կատարված սույն ապօրինություններն անհույս ջանքեր են՝ հնարավորինս նվազեցնելու Մարտի 1-ի հանրահավաքի մասնակիցների թիվը։ Խնդրում ենք ոստիկանական կամ այլ պետական չինովնիկների նմանօրինակ ապօրինի գործողությունների մասին անմիջապես տեղյակ պահել Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության բաժին՝ 099. 33. 31. 20 և 055. 33.31.20 հեռախոսահամարներով»։
1in.am
Էջանիշներ