Սարգսյանը՝ Մեդվեդևին. «Մենք փնտրում ենք ուղիներ, որոնք թույլ կտան Ղարաբաղի ժողովրդին ապրել իրենց բնօրրանում»
11:05 • 05.06.09
«Մենք համառորեն ճանապարհներ ենք փնտրում, որոնք թույլ կտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անվտանգ ապրել իրենց բնօրրանում, ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը»,- Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մեր վերջին հանդիպումից հետո մենք աշխատել ենք մեր ռուս գործընկերների հետ այն պայմանավորվածությունների իրականացման շուրջ, որոնք ձեռք էին բերել մինչ այդ։ Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի աջակցությամբ, ջանասիրաբար աշխատել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման շուրջ»,- ասել է Սարգսյանը։
Հայաստանի ղեկավարը նաև իր երախտագիտությունն է հայտնել Մեդվեդևին Հայաստանին 500 մլն դոլարի չափով վարկ տրամադրելու համար, որը «կօգնի մեզ հաղթահարել ճգնաժամի բացասական հետևանքները»։
«Մի քանի օր անց Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ-ի հերթական նստաշրջանը, մենք պետք է հերթական քայլերը ձեռնարկենք հավաքական, ինչպես նաև օպերատիվ արձագանքման ուժերի կայացման համար»։ Դուք գիտեք, թե որքան բարձր ենք մենք գնահատում մեր դաշնակցային հարաբերությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում, և մենք մտադիր ենք խորացնել մեր համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում քաղաքական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական ոլորտներում»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը։
Իր հերթին, ՌԴ առաջնորդը հայտարարել է, որ «դժվարությունները հաղթահարելու համար պետք է ավելի հաճախ հանդիպել։ Վերջին ժամանակներում մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, և ես կարծում եմ, որ դա օգտակար է հայ-ռուսական համագործակցության, անձնական հարաբերությունների զարգացման համար։ Եվ այսօրվա հանդիպումը, հույս ունեմ, խթան կհանդիսանա մի շարք թեմաների, մի շարք հարցերի համար, որոնք մենք կքննարկենք Ձեզ հետ»։
«Մեր օրակարգը, ինչպես միշտ, բավական ընդարձակ է. կխոսենք տնտեսության, այն նախագծերի մասին, որոնք կապում են մեր պետությունները, կխոսենք հումանիտար ոլորտի, տարածաշրջանային հարցերի մասին, կփոխանակվենք կարծիքներով ամենանուրբ և կարևոր թեմաների շուրջ»,- Դմիտրի Մեդվեդևի խոսքերն է փոխանցում ՌԴ նախագահի մամլո գրասենյակը։
Tert.am
Հլա չեն գտել… պարզ ա…
Էջանիշներ