Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում
Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այս խնդրի վերաբերյալ առավել ուշագրավը նախագահ Ս. Սարգսյանի ելույթն է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում: Ցավոք, ելույթի այդ հատվածը ոչ միայն ամենաանհաջողն է, այլեւ խիստ խնդրահարույց են դրանում օգտագործված երեք հիմնական դրույթներն էլ: Ըստ դրանցից առաջինի,
«Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը հանդիսացող ինքնորոշման իրավունքը դարձել է ժողովուրդների արտաքսման, էթնիկ զտումների, ցեղասպանությունների պատճառ» (այս եւ հետագա մեջբերումները` ըստ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեպտեմբերի 26-ի համարի): Դժվար է ասել, թե ով է պատրաստել ելույթի տեքստը` արտգործնախարարությունը, թե՞ նախագահի աշխատակազմը, սակայն ակնհայտ է, որ իրականությունը շրջված է գլխիվայր: Ոչ թե ինքնորոշման իրավունքն է դառնում էթնիկ զտումների ու ցեղասպանության պատճառ, այլ ինքնորոշման իրավունքի չճանաչումն ու չկիրառումը: Երբ Ինդոնեզիան տեւական ժամանակ չէր ճանաչում Արեւելյան Թիմորի ինքնորոշման իրավունքը եւ հալածանքների էր ենթարկում ինքնորոշման հայտ ներկայացրած ժողովրդին, ՄԱԿ-ը Ինդոնեզիային պարտադրեց ոչ միայն ճանաչել այդ իրավունքը, այլեւ չխոչընդոտել դրա կիրառմանը, սպառնալով, որ Ինդոնեզիան կճանաչվի ցեղասպանություն իրականացրած երկիր: Մինչդեռ ինքնորոշման իրավունքը էթնիկ զտումների ու ցեղասպանության պատճառ հայտարարելը միանգամայն համահունչ է ադրբեջանական հանրահայտ տեսակետին:
Հանրապետության նախագահի ելույթում օգտագործված երկրորդ դրույթը, ըստ որի
«Մենք հեռու ենք այն մտքից, որ ինքնորոշման յուրաքանչյուր հայտ պետք է հանգուցալուծվի անջատման տեսքով», ուղղակիորեն հակասում է ոչ միայն հայկական կողմերի շահերին, այլեւ միջազգային իրավունքի շրջանակներում ինքնորոշման իրավունքի կիրառման նորմերին: Ինքնորոշման իրավունքը անվերապահ եւ համապարտադիր` erga omnes եւ jus cogens կարգավիճակներով օժտված միջազգային իրավունքի նորմ է եւ, ըստ «ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն երկրների միջեւ բարեկամական կապերի ու համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրի, «այդ իրավունքի կիրառման նպատակը կարող է լինել ինքնորոշվող ժողովրդի կողմից ազատորեն ընտրված հետեւյալ երեք դեպքերից մեկը. ա) ինքնիշխան եւ անկախ պետության ստեղծում, բ)ազատ միացում անկախ պետությանը կամ նրա հետ միավորում, գ) որեւէ այլ քաղաքական կարգավիճակ»: Այսինքն, միջազգային իրավունքի նորմերը սահմանում են, որ միայն ինքնորոշվող ժողովուրդը կարող է որոշել, թե ինքնորոշման դեպքերից որն է ցանկանում ընտրել: Որեւէ երկիր կամ միջազգային կազմակերպություն դրան միջամտելու լիազորություն չունի:
Երրորդ դրույթը, որն օգտագործվել է այդ ելույթում` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ, ամենաանհաջողն է.
«Արդյունավետ եւ կայուն լինելու համար անջատման միջոցով ինքնորոշման իրավունքի իրականացումը պետք է ստանա ներգրավված բոլոր կողմերի համաձայնությունը»: Հեշտ է նկատել, որ այս մոտեցումը եւս սկզբունքորեն հակասում է միջազգային իրավունքի վերը բերված նորմերին: Ավելին, այն Ադրբեջանի համաձայնությամբ է պայմանավորում ինքնորոշման իրավունքի արդյունավետ իրականացումը եւ այդ տրամաբանությամբ Լեռնային Ղարաբաղի անջատման իրավունքի իրականացումը երբեք արդյունավետ չի լինի, քանզի Ադրբեջանը երբեք դրան համաձայնություն չի տա: Ավելի ցանկալի ձեւակերպում Հայաստանի կողմից Ադրբեջանը դժվար թե երազի:
Ի՞նչն է այս կոպիտ սխալների պատճառը: Ելույթի տեքստը պատրաստողների անտեղյակությո՞ւնը միջազգային իրավունքի նորմերին ու այդ շրջանակում Լեռնային Ղարաբաղի անկախության անխոցելի փաստարկներին, միջազգային հանրության առջեւ «հանդուրժողականության» ու «լայնախոհության» անհարկի դրսեւորումների ձգտո՞ւմը, մակերեսային ու անփույթ վերաբերմո՞ւնքը երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերին:
Էջանիշներ