ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն այսօր իր ստորագրությունը դրեց ՀՅԴ-ի նախաձեռնությամբ հայ-թուրքական արձանագրությունները կանխելուն ուղղված հայտարարության տակ: Հաշվի առնելով այն փաստը, որ նախկինում պարոն Կարապետյանը անդամակցել է ՀՅԴ-ին' «Ա1+»-ը հետաքրքրվեց, թե այս դեպքի համար է ասվա՞ծ, որ նախկին ՀՅԴ-ական չի լինում:
«Ցավոք, միայն նախկին չեկիստ չի լինում: Մի գուցե 100 տարի առաջ է եղել , երբ դաշնակցականը նախկին չի եղել: Այսօր ես բազմաթիվ նախկին ՀՅԴ-ականներ եմ ճանաչում: Աստված տա, որ նախկին չեկիստի հետ կապված բոլոր խնդիրները լուծվեն»,- ասաց Կարապետյանը:
Նա նշեց, որ ընդամենը ստորագրել է հայտարարության տակ եւ դա դեռ ոչինչ չի նշանակում. «Այդ հայտարարությունը բխում է ՆԺԿ-ի տեսակետից: Ես գտնում եմ, որ կարեւոր չէ, թե ով է այն նախաձեռնել»:
Կարապետյանը պատրաստվում է նաեւ մասնակցել ՀՅԴ-ի հոկտեմբերի 9-ի հանրահավաքին եւ երթին եւ միաժամանակ նշում, որ շարունակելու է համագործակցել Հայ Ազգային Կոնգրեսի հետ. «Որքան հնարավոր է պետք է ընդլայնել ընդդիմադիր դաշտը: Հայ-թուրքական հարաբերություններում մենք կարող ենք համագործակցել ՀՅԴ-ի հետ: Երկրի ներքին խնդիրների' Սերժ Սարգսյանի հրաժարականի հետ կապված մենք Կոնգրեսի հետ ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ դա իրագործվի: Մի քիչ սպասեք եւ չի բացառվում, որ այս ամենը մի հանգույց դառնա»:
Դուք կարծում եք, որ Կոնգրեսն էլ կմիանա՞. «Ա1+»-ի հարցին' Կարապետյանը պատասխանեց. «Այո, ես հույս ունեմ, որ բոլոր ուժերը կմիավորվեն: Այսինքն, բոլորը պետք է միավորվեն մեկ խնդրի շուրջ, որ Հայաստանը մատաղացու չդարձնեն: ՀՀ-ում կամաց-կամաց պատրաստվում է նոր ալիք եւ ընդդիմադիր դաշտն ավելի է մեծանում»:
Արամ Կարապետյանն ընդունում է, որ հասարակության մեջ տեսակետ կա, որ ՀՅԴ-ն ոչ թե ընդդիմադիր ուժ է. այլ իշխանությունների պատվերն է կատարում իր բողոքի ակցիաններով. «ՀՅԴ-ն այսօր պահանջում Է Նալբանդյանի հրաժարականը,
եկեք մի քիչ սպասենք, մի գուցե վաղը պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը»:
ՆԺԿ նախագահը կարծում է, որ հայ-թուրքական արձանագրությունները երկու կողմերը կստորագրեն, սակայն խորհրդարանները չեն վավերացնի. «Թուրքիան կասի, մինչեւ ԼՂ հիմնախնդիրը չլուծվի, մենք չենք վավերացնի, իսկ ՀՀ-ն էլ կասի մենք չենք վավերացնի, մինչեւ Թուրքիան չվավերացնի: Վերջում Գալուստ Սահակյանը կհայտարարի, թե տեսեք ինչ դիվանագիտական հաշվարկ կատարեցինք»:
Էջանիշներ