Ադրբեջանում նախագահական ընտրությունները կազմակերպված են 10 անգամ լավ, քան Հայաստանում և Վրաստանում, հայտարարել է ԵԽԽՎ դիտորդը
16:06 • 15.10.08
ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամ, բրիտանացի պատգամավոր Մայք Հանգոքը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունների ընթացքը կարելի է գնահատել դրական։ Այս մասին գրում է Day.az կայքէջը։
Հանգոքը նշել է, որ ինքն առաջին անգամ չէ, որ հետևում է ադրբեջանական ընտրություններին։
«Ես դրական եմ գնահատում ընտրական հանձնաժողովների աշխատանքները։ Զգացվում է, որ այստեղ լավ են նախապատրաստվել ընտրություններին։ Ընտրողները նույնպես լավ տեղեկացված են»,– նշել է Հանգոքը։
Նա ափսոսանք է հայտնել, սակայն, այն առիթով, որոշ ընդդիմադիր առաջնորդներ այդպես էլ չմասնակցեցին ընտրություններին։
«Դա վկայում է իրենց պասիվության մասին, և նախագահի մեղքն այստեղ չկա։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ ընդդիմությունն իրեն դրսևորեց ոչ ժողովրդավարական կերպով։ Ավելի լավ կլիներ, եթե ընդդիմությունը մասնակցեր ընտրություններին՝ նույնիսկ իմանալով, որ պարտությունն անխուսափելի է։ Չէ՞ որ ընտրությունները մեծ նշանակություն ունեն քաղաքական կազմակերպությունների համար»։
«Ադրբեջանում ընտրություններն ավելի լավ են կազմակերպված։ Հայաստանի նախագահական ընտրությունների օրը զոհեր էին եղել։ Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները թույլ էին թե՛ տեխնիկական և թե՛ կազմակերպչական տեսանկյունից։ Եթե համեմատենք, ապա Ադրբեջանում նախագահական ընտրությունները կազմակերպված են տասն անգամ ավելի լավ, քան Հայաստանում և Վրաստանում»,– հայտարարել է դիտորդը։
Tert.am
Էջանիշներ