Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքը հասել է նաեւ հանրապետության տարբեր բնակավայրեր: Միայն մայրաքաղաքը չէ, որտեղ բողոքի ցույցեր են կազմակերպվում եւ կազմակերպվելու՝ ընդդեմ թանկացման: Մասնավորապես՝ մայիսի 27-ին հանրապետության 15 քաղաքներում և մարզային կենտրոններում տեղի կունենան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներ, որոնք նախաձեռնվել են տեղական քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական կազմակերպությունների, Հայ ազգային կոնգրեսի և անհատ քաղաքացիների համատեղ ջանքերով:
Գյումրիում «Հայ ազգային կոնգրեսի» տարածքային կառույցի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ վաղը Գյումրիում կայանալիք երթին պատրաստվում են մասնակցել «Ո՛չ՝ թալանին» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները, հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերից «Հայ ազգային կոնգրեսի» եւ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները, ինչպես նաեւ մի շարք անհատներ: Վահագն Խաչատրյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը ոչ թե կոնկրետ քաղաքական ուժի պայքարն է, այլ յուրաքանչյուր քաղաքացու:
Սիսիանում կազմակերպված ակցիայի կազմակերպիչներից Կամո Սաֆրազյանը մեզ տեղեկացրեց, որ բողոքի երթ անցկացնելու մասին որոշումը կայացվել է մայիսի 14-ին տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ երթի մասին իրազեկումը քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել:
Մարալիկի Կոնգրեսի տարածքային կառույցի ղեկավար Հարություն Ուռուտյանի խոսքով՝ առաջիկա երթի իրազեկման ակցիաներից արդեն կարելի է ենթադրություն անել, որ մարդիկ շատ ոգեւորված են այս հարցով, քանի որ սա բոլորին է վերաբերում: «Ես անհամեմատելի ակտիվություն եմ տեսնում բնակիչների շրջանում, եւ նախատեսվում է, որ վաղը երթի մասնակիցների քանակը բավականին շատ է լինելու»,- մեզ հետ զրույցում նշեց Հարություն Ուռուտյանը:
«Վանաձորում նույնպես մայիսի 27-ին տեղի կունենա երթ, որը նախաձեռնել են «Հայ ազգային կոնգրեսի», «Ժառանգության» կուսակցությունների տարածքային կառույցների ներկայացուցիչները, «Հիմնադիր Խորհրդարանի» Լոռու մարզային կառույցը եւ «Սոցիալ- դեմոկրատ հնչակյան կուսակցության» Լոռվա մարզի Ա. Նազարբեկի անվան կառույցը»,- մեզ հետ զրույցում նշեց տեղի ակտիվիստներից Էդգար Ոսկանյանը: Նա հայտնեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ հասունացած բողոքի ալիքը ստանում է համաժողովրդական երանգ: «Գնի բարձրացման դեմ սա առաջին երթն է Վանաձորում, մենք բոլորս աջակցում ենք «Ո՛չ՝ թալանին» քաղաքացիական նախաձեռնությանը, քանի որ այս հարցը վերաբերում է բոլոր քաղաքացիներին»,- ասաց Վանաձորում բնակվող Էդգար Ոսկանյանը:
«Ապարանում բնակիչները նույնպես դեմ են էլեկտրաէներգիայի թանկացմանը: Նրանք ինֆորմացված են, որ այս թանկացումները հիմնավորված չեն, եւ որ ուրիշների շքեղության պատճառով քաղաքացիները պետք է վճարեն իրենց փոխարեն»,- iLur.am-ի հետ զրույցում նշեց «Հայ ազգային կոնգրեսի» Ապարանի տարածքային կառույցի ղեկավար Գեւորգ Գեւորգյանը՝ հավելելով, որ տեղի բնակիչները ամբողջովին հիասթափված են այս իշխանություններից:
Չարենցավանում տեղի ունենալիք երթի կազմակերպիչներից Հուսիկ Մելտոնյանի խոսքով՝ բնակիչները պատրաստվում են ակտիվորեն մասնակցել երթին: Նույն կարծիքին է նաեւ Կոնգրեսի Արարատի տարածքային կառույցի ներկայացուցիչ Արսեն Հակոբյանը: «Ժողովուրդը հետաքրքրված է այս հարցով, եւ կարծում եմ, որ հավաքին շատ մարդ կմասնակցի»,- մեզ հետ զրույցում նշեց նա:
Նշենք, որ Նաիրիում, Արարատում եւ Ճամբարակում դեռեւս երթ անցկացնելու մասին վերջնական որոշում չկա, դա կախված է սպասվելիք հավաքի մասնակիցների քանակից:
«Էլեկտրաէներգիայի թանկացումից դժգոհելը դեռ շատ քիչ է, մարդիկ պետք է դուրս գան փողոց, քանի որ տանը նստելով ոչինչ չի փոխվում»,- մեզ հետ զրույցում նշեց Ճամբարակի Կոնգրեսի տարածքային կառույցի ներկայացուցիչն Սամվել Երիցյանը:
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինն ավելացնել 17 դրամով։ Իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրության է ընդունել էլեկտրաէներգիան թանկացնելու մասին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը:
Մայիսի 27-ին Հայաստանի տարբեր քաղաքներում կայանալիք ցույցերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ
այստեղ:
Էջանիշներ