Արմավիրում ձերբակալել են քիք-բոքսինգի մարզիչին և արցախյան պատերազմի հերոսին
10:49 • 22.03.11

Արմավիրում ձերբակալվել է քիք-բոքսինգի միջազգային մրցաշարերի հաղթող, Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի անդամ, մարզիչ Անուշավան Ալեքսանյանը։ Այս մասին Tert.am-ի խմբագրություն ահազանգել են Արմավիրի բնակիչները։

Tert.am-ին ուղղված նամակում, մասնավորապես, նշվում է, որ Անուշավան Ալեքսանյանը տեսել է, թե ինչպես է ոմն Տիգրան մարտի 20-ին Արմավիրում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ հենց ոստիկանների աչքի առաջ ընտրակաշառք բաժանում։

«Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի միջամտությամբ ընտրակաշառք բաժանողը բաց է թողնվել, իսկ Անուշավանի դեմ քրեական գործ է հարուցվել մարդ փախցնելու մեղադրանքով։ Այդպես է ոստիկանությունը շնորհակալ լինում այն մարդկանց, ովքեր փորձում են հանցագործություններ կանխել»,- նշվում է նամակում։

Անուշավան Ալեքսանյանի ձերբակալության և Արմավիրի քաղաքապետի կեղծված ընտրությունների դեմ բողոքող երիտասարդները մարտի 21-ին փակել էին Արմավիր-Երևան մայրուղին։ Նրանց մոտեցել և ցրվելու կոչ է արել արտգործնախարարության նախկին աշխատակից, արցախյան պատերազմի հերոս Դմիտրի Մարտիրոսյանը։
«Երբ արդեն ցուցարարները սկսում էին ցրվել, մոտեցել է Ոստիկանության Արմավիր քաղաքի վարչության պետը, այնուհետև քաշքշուկ է սկսվել Դմիտրի Մարտիրոսյանի հետ, օգտվելով իր ծառայողական դիրքից՝ դաժան ծեծի է ենթարկել նրան։ Այժմ Դմիտրին գտնվում է կալանքի տակ»,- նշում են նամակագիրները։

Արմավիրի բնակիչները նաև ահազանգում են, որ երեկ ձերբակալվել են նաև «մի քանի անմեղ քաղաքացիներ»։

Տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանությունից պարզաբանեցին հետևյալը.

«Մարտի 21-ին՝ ժամը15։35-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ Արմավիր-Երևան ճանպարհի 3-րդ կմ-ին երկկողմանի փակել են ճանապարհը:

Պարզվել է, որ մարտի 20-ին կայացած Արմավիրի քաղաքապետի ընտրությունների համար առաջադրված թեկնածու Սևակ Մ.-ի համախոհները՝ մոտ 90 մարդ, իրենց ավտոմեքենաներով փակել են Արմավիր-Երևան ավտոմայրուղու 3-րդ կմ-ի հատվածը՝ մոտ 1 ժամ խոչընդոտելով ավտոտրանսպորտի բնականոն երթևեկությունը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ վերականգնվել է մայրուղու բնականոն երթևեկությունը:

Նշված վայրից բերման է ենթակվել 5 մարդ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին»։

Նշենք, որ մարտի 20-ին կայացած Արմավիրի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետ է վերընտրվել ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանը՝ հավաքելով 6 849 ձայն։ Նրա հիմնական հակառակորդը «Եռասյուն» ՍՊԸ նախագահ, իրավաբան, անկուսակցական Սևակ Մինասյանն էր, ով ընտրություններում հավաքել է 5 811 ձայն։

Tert.am