Երևանի փողոցներում լսվում էր «ՀԻՄԱ՛, ՀԻՄԱ՛» և «Ազատ, անկախ Հայաստան». օտարերկրյա մամուլ
Այսօր մի շարք օտարերկրյա հայտնի լրատվամիջոցներ անդրադարձել են Հայ ազգային կոնգրեսի երեկ կայացած հանրահավաքին: The New York Times-ը գրում է, որ հակակառավարական ցույցը, որը երեկ տեղի ունեցավ Երևանում և հավաքել էր ավելի քան 10 հազար մարդ, պահանջում էր նոր ընտրություններ և իրենց գործընկերների ազատ արձակում: Նրանց առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ ընդդիմադիր այս շարժումը ոգեշնչվել է արաբական աշխարհի հեղափոխություններով, և խոստացել է, որ ցանկացած իշխանական փոփոխություն պետք է լինի խաղաղ: Թերթը գրում է, որ ցույցերը սկսվել են փետրվար ամսին, երբ նշվում էր 2008 թ. նախագահական ընտրություններից հետո ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների երրորդ տարելիցը:
Գոչելով «Ազատ, անկախ Հայաստան» և «ՀԻՄԱ՛, ՀԻՄԱ՛»՝ հայերն անցան Երևանի փողոցներով և մտան Ազատության հրապարակ` այստեղ անցկացնելով առաջին հանրահավաքը 2008 թ. դեպքերից ի վեր, երբ անվտանգության ուժերը առնվազն 10 մահի պատճառ դարձան: Այս մասին գրում է Eurasianet.org կայքը:
Կայքը նշում է նաև, որ հանրահավաքից երկու օր առաջ այստեղ հացադուլ է հայտարարել ընդդիմադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ընդդիմության կազմակերպիչներն էլ Ազատության հրապարակ վերադարձան որպես հաղթողներ` փորձելով օգտվել քաղաքացիական բողոքի ալիքից և ճնշում գործադրել Սերժ Սարգսյանի իշխանության վրա:
Երեկվա հանրահավաքին անդրադարձել են նաև մի շարք գործակալություններ` France Presse, Reuters, RIA-Novosti, Ֆրանսիական RADIO France Internacionale-ռուսական ծառայությունը:
Գերմանական հայտնի Deutsche Welle-ն գրել է, որ «հայկական ընդդիմությանը հաջողվեց տոնել առաջին հաղթանակը»: Ընդ որում, դա համընկավ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների` ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Ակսել Ֆիշերի, ինչպես նաև ԵԱՀկ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրյունոս Աջուբալիսիի այցերի հետ:
Deutsche Welle-ն գրում է, որ դեռ նախօրեին Երևանում տարածվել էին ասեկոսեներ, թե ընդդիմությունը փորձ է անելու մտնել Ազատության հրապարակ, որը փակ է եղել 2008 թ. մարտի 1-ից: Գերմական աղբյուրը նշել է մասնակիցների 35-40 հազար թիվը:
Բավականին զգուշավոր են եղել ռուսական լրատվամիջոցները, որոնք հիմնականում փոխանցել են պաշտոնական տեղեկատվություն, կամ լուրեր` վերցված իշխանական լրատվամիջոցներից:
Էջանիշներ