Բախում Երեւանի կենտրոնում
Ոստիկաններն այսօր այնքան էլ հանդուրժող չէին Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների նկատմամբ:
Նախագահի ընտրության արդյունքները 2 տարի անց կեղծված համարող երիտասարդներից շատերն այսօր «արժանացան» ոստիկանական հարվածների:
Մի քանի հարյուր քաղաքացիներ այսօր երթով շարժվեցին Կորյուն փողոցում տեղակայված ՀԱԿ կենտրոնական գրասենյակի մոտից մինչեւ ԿԸՀ` անցնելով Երեւանի կենտրոնական փողոցներով:
Այն պահին, երբ ցուցապաստառներով, քաղբանտարկյալների նկարներով երթի մասնակիցները հատում էին Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը, տեղի ունեցավ միջադեպ:
Քանի որ Աբովյան փողոցի մայթերը նեղ են, երթի մասնակիցները սկսեցին քայլել փողոցով: Ոստիկանները պահանջեցին շարժվել միայն մայթով, անգամ պատ կազմեցին` արգելելով երթը: Ոստիկանների հարվածներից խուսափելու համար, երթի մասնակիցները նստեցին Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում եւ սկսեցին բռունցքներ պարզած երգել:
Սակայն այդ երկար չտեւեց. ոստիկանները եւ կարմիր բերետավորները ծեծելով, ուժի կիրառմամբ նրանց հեռացրեցին փողոցի կենտրոնից: Բախման արդյունքում ՀԱԿ ակտիվիստներից Սարգիս Խաչատրյանի ինքնազգացողությունը վատացավ: Նրան քիչ անց «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխեցին «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:
Երթի մեկ այլ մասնակցի`«Հայկական ժամանակ» թերթի պատասխանատու խմբագիր Հայկ Գեւորգյանի որդուն` Վահագնին, ոստիկանները նստեցրին մեքենա եւ տարան անհայտ ուղղությամբ: 10 րոպե անց նրան բաց էին թողել: Վահագնը «Ա1+»-ին հայտնեց, որ ոստիկանը իր հետ խոսում էր փողոցային բառապաշարով:
Թվում էր` երթը խաղաղ ավարտ պետք է ունենա: Սակայն երբ արդեն ավարտվում էր երթը, ու ցուցարարները մոտենում էին ՀԱԿ գրասենյակին, կարմիր բերետավորները առանց որևէ պատճառի բերման ենթարկեցին երթի 4 ակտիվիստների, այդ թվում` Վահագն Գեւորգյանին:
Ցուցարարները պահանջեցին ազատ արձակել երիտասարդներին: Նրանք կանգնեցին տեղում, իսկ դիմացը ոստիկանական պատ էր: Երբ փորձեցինք ճշտել, թե ինչու են բերման ենթարկվել երիտասարդները, ոստիկանների պատասխանը եղավ միայն լռությունը:
Ի դեպ, «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից «Ա1+»-ին հաղորդեցին, որ երիտասարդ ակտիվիստ Սարգիսը հիվանդանոց է տեղափոխվել որովայնի սալջարդ եւ գլխուղեղի ցնցում ախտանիշներով: Սակայն նրա մոտ հետազոտության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել նրա մոտ, եւ նա հեռացել է ինքնակամ:
Ա1+
Էջանիշներ