Կարծես թե նոր տեսակետներ այլևս չեն հնչում: Շարունակեմ ինքս թեման զարգացնել:

Ես առայժմ համառոտ սխեմատիկ կներկայացնեմ այդ տարբերությունները, հետագայում կարող ենք խորանալ մանրամասնությունների մեջ:
Նախ նշեմ, որ Քրիստոնեական Եկեղեցիների տարաբանույթ բաժանումներում կարևոր գործոններ են անշուշտ աշխարհագրական դիրքը, քաղաքական կացությունը, ազգային, լեզվական, մշակութային տարբերությունները և այլ շատ հանգամանքներ, բայց ընդգծեմ, որ այն կարևորագույն գործոնը, որ կարող է պատճառ դառնալ Եկեղեցու բաժանման կամ էլ Եկեղեցու
ց բաժանման,
դավանանքն է: Եկեղեցու բաժանման պարագային պատճառը դավանաքի տարըմբռնումն է, որը սակայն թույլ է տալիս երկու կողմերին մնալ Եկեղեցու սահմաններում, իսկ երկրորդ` Եկեղեցուց բաժանման պարագային խնդիրն այլ է. դավանաքի հիմնարար սկզբունքներից մեկի կամ մի քանիսի թյուրըմբռնումը, աղավաղումը կամ ժխտումը: Եկեղեցուց բաժանումն արդեն հերձվածն է կամ աղանդը: Քանի որ թեմայի նյութը Եկեղեցու ներսում եղած բաժանումներն ու տարբերություններն են, ես կկենտրոնանամ առաջին պարագայի վրա:
Քրիստոնեական Եկեղեցու առաջին բաժանումը եղավ 451թ.: Պատճառը Բյուզանդիայի Քաղկեդոն քաղաքում կայացած, այսպես կոչված 4-րդ Տիեզերաժողովի ընդունած սկզբունքն էր Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունների վերաբերյալ: Նախքան մանրամասների մեջ մտնելը մի փոքր ծանոթություն: Տիեզերաժողովը Քրիստոնեական Եկեղեցու գերագույն մարմինը կամ ատյանն է, որտեղ հստակեցվում կամ բանաձևվում են քրիստոնեական ուղղափառ վարդապետության հիմնարար սկզբունքներն ու դոգմաները: Տիեզերաժողովը կազմվում է Քրիստոնեական բոլոր Եկեղեցիների առաջնորդներից, նշանավոր վարդապետներից ու պատվիրակներից և ամբողջ Եկեղեցու համախմբման պարագային հնարավոր է դառնում Սուրբ Հոգու ներգործությունը և Աստվածային Ճշմարտության բացահայտումը: Հայ Առաքելական Եկեղեցին ընդունում է իբրև Տիեզերոժողով միայն առաջին երեք` 325թ. Նիկիայի, 381թ. Կ.Պոլսի և 431թ. Եփեսոսի Տիեզերաժողովները: Դրանցից հետո տեղի ունեցածները մենք իբրև Տիեզերաժողով չենք ընդունում և ըստ այդմ էլ մերժում ենք ընդունել նրանց որոշումներն իբրև գերակա ճշմարտություն: Առաջին երեք Տիեզերաժողովների որոշումներն ընդունում են նաև մյուս բոլոր Եկեղեցիները: Մանրամասների մեջ չեմ մտնում` շատ չծանրաբեռնելու ու չխճճելու համար: Ցանկության պարագային կարող ենք մանրամասնել:
451թ. Բյուզանդիայի Քաղկեդոն քաղաքում գումարվեց նոր ժողով` քննարկելու Հիսուս Քրիստոսի երկու բնությունների խնդիրը: Մարդն ունի մարդկային բնություն, Աստված` աստվածային: Սակայն ինչպիսի բնություն է ունեցել Ամենասուրբ Երրորդության 2-րդ Անձը` Մարմնացյալ Բանը` Լոգոսը, Ով մարդու փրկագործությունն իրագործելու համար մարդացել էր և մտել մարդկային պատմության ի դեմս Հիսուս Քրիստոսի? Արևելյան մի շարք Եկեղեցիներ հրաժարվեցին այս խնդրի շուրջ նոր Տիեզերաժողով գումարելու մտքից, քանի որ գտան, որ նախորդ երեք Տիեզերաժողովներում, մասնավորապես Եփեսոսի 431թ. Տիեզերաժողովում լուծում էր տրվել այդ հարցին` համաձայն Տիեզերաժողովը նախագահած Ս. Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետի <Մի է բնութիւնն Բանին Մարմնացելոյ> բանաձևի: Սակայն հիմնականում Հռոմի և Կ.Պոլսի Եկեղեցիների պնդումով կայացավ ժողովը, որին հրաժարվեցին մասնակցել վերոնշյալ արևելյան Եկեղեցիները: Ժողովում ընդունվեց աստվածաբանական մի տեսակետ` համաձայն որի Քրիստոս մեկ Անձի մեջ ունեցել է երկու` իրարից անջատ բնություն: Սա դարձավ պատճառ, որ Քրիստոնեական Եկեղեցու մեջ տեղի ունենա երկփեղկում. ժողովը մերժած
Հայ Առաքելական, Ասորի Հակոբիկյան, Ղպտի, Եթովպական և Հնդիկ Մալաբար (Մալանկարա) Եկեղեցիները կոչվեցին հակաքաղկեդոնականներ կամ միաբնակներ, իսկ մյուս ճյուղը` քաղկեդոնականներ կամ երկաբնակներ:
Մյուս բաժանումն արդեն տեղի ունեցավ Քրիստոնեական Եկեղեցու քաղկեդոնական ճյուղի ներսում: Դավանական վեճն ընթանում էր Հռոմի և Կ.Պոլսի Եկեղեցիների միջև, իսկ խնդրո առարկան <Ֆիլիոքվեի> (բառացի նշանակում է <նաև Որդուց>) վարդապետությունն էր: Հռոմի համոզմունքն էր, որ Սուրբ Հոգին բխում է թե Հորից և թե Որդուց, իսկ Կ. Պոլսինը, որ Սուրբ Հոգին բխում է միայն Հորից և համագոյակից է Որդուն ( Այս տեսակետին համաձայն ենք նաև հակաքաղկեդոնական` Արևելյան Ազգային Եկեղեցիներս): Աստվածաբանական երկարատև վեճի ընթացքում հնարավոր չեղավ ընդհանուր հայտարարի գալ, և արդյունքում 1054թ. տեղի ունեցավ Քրիստոնեական Եկեղեցու երկրոդ մեծ բաժանումը. Արևմտյան Եկեղեցին կոչվեց
Հռոմի Կաթոլիկ (Ընդհանրական), իսկ Արևելյանը`
Օրթոդոքս (Ուղղափառ):
Հ.Գ. Հաշվի առնելով քննարկման նյութի ծավալուն լինելը` առայժմ բավարարվում եմ այսքանով և ուրախ կլինեմ միասին քննարկել մանրամասները: Դրանց համեմատաբար սպառվելու կամ արձագանքների սակավության դեպքում կշարունակենք զարգացնել թեման` արդեն անդրադառնալով հետագա բաժանումին`
Բողոքականությանը:
Էջանիշներ