ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈ՞ՒՆ
[18:25] 09 Հոկտեմբերի, 2008
Ֆրանսիայի քաղաքացի, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սարգիս Հացպանյանը հարց է տալիս, այդ ինչպես է եղել, որ երբ ինքը օգոստոսի 21-ին ՚Զվարթնոցՙ օդանավակայանից մեկնել է Եվրոպա, իսկ հոկտեմբերի 7-ին վերադարձել Երեւան, իրեն ոչ ոք չի ասել, թե իր հայաստանյան կեցության փաստաթղթում անճշտություն կա:
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ՚Ա1+ՙ-ին ասաց, որ այստեղ եղել է համապատասխան մարմինների անփութությունը: Հացպանյանն ունեցել է ՀՀ ժամանակավոր կեցության անձնագիր, որը մարտի 10-ին Ռոբերտ Քոչարյանը անվավեր է ճանաչել:
՚Ինքը վերադարձել է Ֆրանսիա, հետո եկել է Հայաստան, բայց առանց վիզայի, եւ կեցության վկայականն էլ անվավեր է ճանաչված եղել, փաստորեն նա անօրինական է Հայաստան մուտք գործել: Իրավունք ունեն արտաքսել, բայց կա ուրիշ խնդիր, եթե նա իր խնամքի տակ ունի 2 անչափահաս երեխաներ, որոնք օրինական են բնակվում Հայաստանում, նրան արտաքսել չի կարելիՙ,- ասաց Արմեն Հարությունյանը:
Նրան Կենտրոնի ոստիկանապետը ասել է, որ եթե Հացպանյանը չի բացում դուռը, նրանք դիմելու են դատարան, որպեսզի դատարանը թույլ տա մտնել բնակարան:
Քանի որ Հացպանյանը Ֆրանսիայի քաղաքացի է, ՚Ա1+ՙ-ը խնդրի առնչությամբ փորձեց պարզաբանումներ ստանալ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից: Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ժակի Շարոտտին դեսպանատան լրատվական բաժնի աշխատակից Սոնա Մաշինյանի միջոցով փոխանցեց, թե ավելի լավ է այս հարցով դիմենք Հայաստանի իշխանություններին, քանի որ իրենք ավելի լավատեղյակ են դրան:
Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերից Սարգիս Հացպանյանի բնակարանը շրջափակված է ոստիկանների կողմից, եւ նրան ցանկանում են վտարել Հայաստանից: Մարտի 1-ից ընդհատակում գտնվող Սարգիս Հացպանյանն համարում է, որ իրեն ցանկանում են Հայաստանից արտաքսել իր քաղաքական հայացքների համար:
Էջանիշներ