«Հույսս Հայաստանի ժողովուրդն է»
Հայաստանում ապրող Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի` Մաշտոցի 41 հասցեում գտնվող բնակարանն արդեն երեք օր է, ինչ պաշարված է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից: Շուրջօրյա հերթապահություն իրականացնող ոստիկանները վստահ են, որ Սարգիս Հացպանյանը ներսում է, եւ սպասում են, մինչեւ վերջինս դուրս գա բնակարանից: Հացպանյանի կինը դիմել է Ֆրանսիայի դեսպանատանը եւ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Ի դեպ` Սարգիս Հացպանյանը մշտապես մասնակցել է ընդդիմության հանրահավաքներին, մարտի 1-ին Ազատության հրապարակում ենթարկվել է հարձակման եւ այս ընթացքում գտնվում էր ընդհատակում: Երեկ մենք զրուցեցինք Հացպանյանի հետ:
- Մեզ հայտնի դարձավ, որ Ձեզ հանձնվել է ծանուցագիր, որտեղ նշված է, թե Դուք պետք է ներկայանաք իրավապահ մարմիններին:
- Իրենք ծանուցագիր բերել են այսօր (այսինքն` երեկ -հեղ.) ժամը 19:30-ի համար, ես այն հանձնել եմ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին: Ինքը իմ ֆիզիկական վիճակը տեսավ եւ ասաց, որ կարող եմ դա որպես հարգելի պատճառ ներկայացնել ու չներկայանալ: Ես 72 ժամ, այս փորձությունից ի վեր, չեմ քնել եւ գերհոգնած եմ, երեխաներն էլ այս տագնապին չեն դիմանում: Նա ինձ ասաց, որ գրեմ հարգելի պատճառի մասին եւ վաղը ներկայանամ: Ասաց, որ հավանաբար, կընդունվի: Մենք այդպես էլ արեցինք ու իրենք ընդունեցին, բայց մինչեւ հիմա ոստիկանները նստած են դռան մոտ:
- Իսկ Դուք վաղը ժամը 16:00-ին գնալո՞ւ եք, թե՞ ոչ:
- Այո, իհարկե, պետք է գնամ: Եթե գնալու չլինեի, ապա ես կգրեի« որ չեմ գալու, կմերժեի եւ այլն:
- Ծանուցագրում նշված է, որ Ձեր գործը վարչական դատարանի վարույթում է, եւ Դուք մեղադրվում եք 201 հոդվածով, այսինքն` զանցանք կատարելու մեջ: Դա ճի՞շտ է:
- Այո, ծանուցագրում նշված է 204 հոդվածի առաջին մասը` զանցանք, զանցարար:
- Մինչեւ մարտի 1-ը, թե՞ դրանից հետո եք զանցանքի մեջ մեղադրվում:
- Այդտեղ ոչ մի ժամանակաշրջան, ոչ մի բան նշված չէ: Ասվում է, միայն, որ Դուք, որպես զանցանք կատարած անձ, որպես զանցարար պետք է ներկայանաք համապատասխան տեղը:
- Դուք փաստաբան ունե՞ք:
- Ես փաստաբան չունեմ եւ դեռ չգիտեմ էլ ինչ պետք է լինի: Բայց կարծում եմ, որ ինձ հետ մեկը կգա, ով ծանոթ է օրենքին եւ մասնագետ է, որովհետեւ ես լավատես չեմ:
- Իսկ Ֆրանսիայի դեսպանատնից արձագանքներ կա՞ն:
- Ֆրանսիայի դեսպանությունն, ի զարմանս ինձ, իրեն շատ պասիվ է պահել: Եվ ես հիմա արդեն գիտեմ դրա պատճառը: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Սերժ Սմեսոֆֆը ընտրությունների ժամանակ ասաց, որ Սերժ Սարգսյանն առաջին փուլով ընտրվել է, երբ դեռ Հայաստանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալներ չէր ասել: Նիկոլա Սարկոզին շնորհավորեց Սերժ Սարգսյանին: Բայց դա ազատության երկիր Ֆրանսիային պատիվ չէր բերում: Այդպիսի բան արվեց, բնականաբար, այդ դեսպանի ցուցումով, քանի որ Ֆրանսիան ինքն է ներկայացնում Հայաստանում: Հայաստանում ապրող Ֆրանսիայի միակ քաղաքացին եմ եղել, որ ասել եմ` Դուք, եթե ուզում եք Հայաստանը Եվրոպա մտնի, եւ մենք դառնանք դեպի Ֆրանսիա քայլող բան, եւ ոչ թե Ֆրանսիան դեպի Հայաստան գա, ուրեմն` չպետք է այդպես անեիք: Պարոն Սմեսոֆֆի հասցեին ասել էի, որ ինչ էլ լինի, նա Հայաստանի ժողովրդի աչքում պերսոնա նոն գրատա է մնալու: Նա Ա1+ի հետ խոսելիս ասել է, որ օրենքի շրջանակներում է Հայաստանի իշխանությունների պահվածքը եւ այստեղ մեր քաղաքացուն սպառնացող որեւէ բան չկա, մտահոգվելու առիթ չկա: Բայց այդպես չէ:
- Ասում են, որ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Ձեր կեցության կարգավիճակն այլեւս դադարելու է գործել, միաժամանակ Ձեզ փորձում են պատասխանատվության ենթարկել, իբր, զանցանքի համար: Հիմա այս երկուսից ո՞րն են փորձում կիրառել:
- Դա Ձեր մեկնաբանությունն է: Ես կեցության մասին որեւէ տվյալի չեմ տիրապետում: Կոնկրետ ինձ այդ մասին ոչինչ չեն ասել: Իսկ ծանուցագրի մեջ էլ չկա նշված որեւէ պատճառ կամ հանգամանք: Ես չգիտեմ, թե ինձ ի՞նչ են ասելու կամ ի՞նչ են հարցնելու: Բայց ինչ արած. մենք ամեն օր ապրում ենք այդ Հայաստանում:
- Ի՞նչ եք պատրաստվում անել այս իրավիճակում: Ո՞րն է լինելու Ձեր հաջորդ քայլը:
- Հաջորդ քայլի մասին, կներեք, բայց հասարակությունը պետք է մտածի: Հույսս Հայաստանի ժողովուրդն է ու իր քաղաքացիական դիրքորոշման արտահայտությունը: Ես Ֆրանսիայից Հայաստան տեղափոխված գրեթե առաջին ծիծեռնակներից եմ: Խորհրդային Միության փլուզումից հետո եկել եմ Հայաստան, մասնակցել եմ Արցախի պատերազմին, ամուսնացել եմ Հայաստանում, երեխա եմ ունեցել այստեղ, եւ այս երկիրը որպես մշտական բնակության կետ եմ ընտրել: Սա է իմ տունը, եւ եթե ինչ-որ մարդիկ ցանկանում են, որ սա չլինի, էդ դեպքում իրենք Սփյուռքին, Արցախին պետք է բացատրեն, թե ինչու: Բայց սա իրենք չեն կարող բացատրել:
- Ոստիկանները շարունակո՞ւմ են դրսից հսկել Ձեր բնակարանը:
- Այո, նրանք նստած են դռան մոտ: Կինս ասում է` մեղք եք, տուն գնացեք, Սարգիսը, որ փախչող լիներ, Հայաստան չէր վերադառնա (ի դեպ` երեք օր է, ինչ Հացպանյանը Հայաստան է վերադարձել-հեղ.), իրենք էլ ասում են, թե մենք ենթակա ենք, մեզ կարգադրել են` մենք էլ եկել ենք: Երկրորդ օրն է մենք տանը փակված ենք, եւ երեխաներն են ամենաշատը սա ծանր տանում: Գիտեք, թե սա երեխաների համար հետո ինչ տրավմա է լինելու: Երեխաս` 12-ամյա Մարիամիկը, այսօր ինձ հարց ուղղեց, եւ ես հուզվեցի: Պապա, ասում է, ինչի՞ համար ես դու մեզ Հայաստանում պահում, գնանք Ֆրանսիա, մարդու նման ապրենք: Աչքերին նայեցի ու ասացի` Մարիամիկ, մենք էլ գնանք մեկ ուրիշ Մարիամ է այս Հայաստանի հետ այսպես անհաշտ լինելու: Ուստի մենք պետք է անցնենք այս ճանապարհը, որ գալիք Մարիամները, ուրիշ հայեր, որ Հայաստանի պես երկիր են ընտրում, որ ապրեն, չունենան այսպիսի անհեթեթ իրավիճակներ: Մի հատ սերունդ պետք է այդ հարցերով զբաղվի: Հավանաբար մեզ է բախտ վիճակվել այդ ճանապարհը անցնելու: Պետք է անցնենք: Իմ տունը, իմ երկիրը Հայաստանն է, ես իմացած լինելով եմ այստեղ եկել եւ ոչ թե հենց այնպես: Երբեք տուրիստավարի չեմ ապրել այս Հայաստանում: Ես գտնում եմ, որ ինքս վաստակ ունեմ այս երկրի պետականության կայացման գործում, Արցախի պատերազմում, բանակաշինության մեջ, սփյուռքահայության` իրենց հայրենիքի հետ կապվելու գործերում: Ես միշտ փորձել եմ առավելագույնը անել: Եվ այսօր ես բոլորի աչքերին ուղիղ նայելու հպարտությունն ունեմ:
Էջանիշներ