ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Անազատության մեջ գտնվելու ամբողջ ընթացքում մենք մեզ երբեք չենք համարել համաժողովրդական պայքարի օբյեկտ, այսինքն` չենք համարել, թե մեր ազատության համար պայքարը պետք է լինի Շարժման թիվ մեկ խնդիրը: Քաջ գիտակցել ենք, որ դա կնշանակեր Շարժման նպատակների այլասերում, ինչի հետեւանքը կլիներ նույն այդ Շարժման աստիճանական մարումը: Մենք միշտ մեզ համարել եւ համարելու ենք համաժողովրդական պայքարի սուբյեկտ, այսինքն՝ նաեւ այս կերպ՝ անազատության մեջ գտնվելով, նույն այդ պայքարի մասը, նրա մի ճակատը: Մեր եւ ձեր պայքարի կիզակետում միշտ եղել ու մնալու է երկրի, ժողովրդի ու հայկական պետության շահը:
Հայտարարում ենք, որ վարչախմբի կողմից հորինածո մեղադրանքներով մեզ պատանդ պահելը առաջին հերթին կապված է հենց Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Քոչարյանասերժական վարչախումբն ստիպված է քաղել իր տասնամյա անհեռատես քաղաքականության դառը պտուղները: Հասկանալով, որ պարտադրվող կարգավորումը լինելու է շատ ավելի անբարենպաստ, վարչախումբը սարսափում է այն ընդդիմացումից, որ առաջանալու է հասարակության ու, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի համար 1988-ից ի վեր պայքարած, քաղաքական, դիվանագիտական ու ռազմական հաղթանակներ կռած գործիչների կողմից:
Ոչ մի դեպքում չէինք ցանկանա, որ մեր պատանդ լինելու հանգամանքը որեւէ կերպ ազդի Շարժման քայլերի ճշգրիտ հաշվարկման վրա: Այսօր, խիստ որոշակի իրավիճակում, եթե պետական շահը, տվյալ դեպքում՝ ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված առարկայական զարգացումները հասել են հայտնի սահմանագծին, համարում ենք, որ Շարժման ընդհանուր նպատակների առումով ճշգրիտ է ընտրված ռազմավարության այն ժամանակավոր փոփոխությունը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջարկվեց հանրահավաքում: Եթե անգամ դա հնարավոր լիներ, մեզ պետք չէ այնպիսի հանգրվանային հաղթանակ կամ ազատագրում, որը պետք է ուղեկցվեր պետական շահի կորստով: Մեր հաղթանակը համապարփակ է լինելու, արմատական ու վերջնական: Չենք բացառում նույնիսկ` այս ռազմավարությամբ մենք ավելի շուտ կհայտնվենք ազատության մեջ:
Կոչ ենք անում այս ընթացքում հզորացնել Հայ ազգային կոնգրեսը, բարձրացնել նրա կազմակերպվածությունը ու միասնականությունը, աչալուրջ հետեւել իրադարձությունների ընթացքին եւ, ինչպես մինչեւ հիմա, վստահել Շարժման ղեկավարության եւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական իմաստությանը:
Գագիկ Ջհանգիրյան
Սմբատ Այվազյան
Սասուն Միքայելյան
Մյասնիկ Մալխասյան
Հակոբ Հակոբյան
Մկրտիչ Սափեյան
Քրիստափոր Էլազյան
Գեւորգ Ղազարյան
Ալիկ Արզումանյան
Հովիկ Հարությունյան
Վարդան Ղավալբաբունց
Սուրեն Սիրունյան
Սոս Գեւորգյան
Վահե Ղազարյան
Մկրտիչ Աբրահամյան
Գրիգոր Ոսկերչյան
Պետրոս Մակեյան
Վարդան Մալխասյան
Ժորա Սափեյան
Մուշեղ Սաղաթելյան
Շանթ Հարությունյան
Տիգրան Մելքոնյան
Լեւոն Խաչատրյան
Հարություն Ուռուտյան
Արման Բաբաջանյան
Արմեն Սիրունյան
Գագիկ Հովհաննիսյան
Աշոտ Զաքարյան
Հուսիկ Բաղդասարյան
Դավիթ Մաթեւոսյան
23.10.2008
Էջանիշներ