Ու թեեւ ԵԱՀԿ ի միջնորդներն, իրենց հերթին, ձեւացրել են, թե հավատում են հայկական կողմի անկեղծությանը, դա ամենեւին չի նշանակում, որ նրանք չեն հասկացել վերջինիս պարզունակ խաղը։ Այն, որ նրանք առանձնապես մեծ ջանքեր չեն գործադրել հակամարտության կարգավորման ուղղությամբ, բացատրվում է նրանով, որ գերտերությունների առաջնահերթությունների շարքում Ղարաբաղի հարցն զբաղեցրել է չափազանց երկրորդական տեղ։ Միջազգային տեռորիզմը, Հյուսիսային Կորեան, Բալկանները, Աֆղանստանը, Իրաքը, Իրանը, արաբա-իսրայելյան հակամարտությունը եւ բազմաթիվ այլ խնդիրներ, մշտապես ստվերել են Ղարաբաղի հարցը։
Եթե Սերժ Սարգսյանին թվում է, թե իրեն կհաջողվի շարունակել այս խաղը, նա չարաչար սխալվում է, որովհետեւ հաշվի չի առնում Այսրկովկասի աշխարհաքաղաքական իրավիճակում տեղի ունեցած հետեւյալ երեք էական փոփոխությունները.

1. Որքան էլ պարադոքսալ թվա, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո Ռուսաստանի ազդեցությունն այս տարածաշրջանում ոչ թե մեծանալու, այլ նվազելու միտումներ է դրսեւորում։

2. Ռուսաստանը դուրս է մղվում Մինսկի խմբի ձեւաչափից, հետեւաբար կորցնում իր դերակատարությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։

3. Ի տարբերություն նախորդ տասը տարիների, այսօր Ղարաբաղի հարցն արդեն Արեւմուտքի համար դարձել է առաջնահերթություն։

Ռուսաստանի հանդեպ Արեւմուտքն առաջնորդվում է մոտավորապես հետեւյալ տրամաբանությամբ. «Շատ լավ, դու լուծեցիր Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հարցը, մենք էլ լուծելու ենք Լեռնային Ղարաբաղի հարցը»։ Իրականության ողջ դառնությունն այն է, որ ինչպես Արեւմուտքը չկարողացավ Ռուսաստանին խանգարել լուծելու Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հակամարտությունները, այնպես էլ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը չի կարողանալու Արեւմուտքին խանգարել լուծելու Ղարաբաղյան խնդիրը։ Միակ խանգարիչ հանգամանքը կարող է լինել միջազգային ֆինանսական ճգնաժամի խորացման եւ անկառավարելի դառնալու վտանգը, որը շեղելով Արեւմուտքի ուշադրությունը, թերեւս որոշ խոչընդոտներ առաջացնի Ղարաբաղյան կարգավորման նրա ծրագրի իրականացման համար։

Ռուսաստանին հակադրվելու գործոնը, սակայն, Արեւմուտքի վարքը կանխորոշող դրդապատճառներից միայն մեկն է, եւ ամենեւին ոչ գլխավորը։ Գլխավորը Սերժ Սարգսյանի թուլությունն է եւ դրանից օգտվելու աննախադեպ պատեհությունը։ Այնպիսի լծակների առկայությամբ, ինչպիսիք են լեգիտիմության բացակայությունը, կոռումպացվածության աստիճանը եւ բարոյական նկարագրի խոցելիությունը, Սերժ Սարգսյանն ուղղակի գտնված գանձ է Արեւմուտքի համար։ Հայաստանի ուրիշ որ մի ղեկավար կհամաձայներ անմնացորդ կերպով նետվել Արեւմուտքի գիրկը, խորացնել ՆԱՏՕ ի հետ համագործակցությունը, մեջքով շրջվել դեպի Ռուսաստանը, նպաստել Մինսկի խմբից նրա դուրսմղմանը, ընդառաջել հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մոռացված առաջարկին, դրանով կասկածի տակ դնելով ցեղասպանության իրողությունն ու վիժեցնելով նրա միջազգային ճանաչման գործընթացը, համաձայնել հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ բանակցությունների անցկացմանը, եւ վերջապես, բառիս բուն իմաստով, վաճառքի հանել Լեռնային Ղարաբաղը։

Այս ամենի դիմաց Արեւմուտքը, բնականաբար, պատրաստ է աչք փակել Սերժ Սարգսյանի վերը թվարկված բոլոր արատների վրա, մոռանալ փետրվարի 19 ի խայտառակ ընտրություններն ու մարտի 1 ի ոճրագործությունը, չտեսնելու տալ նրա վարած բռնապետական ներքին քաղաքականությունը, հանդուրժել Հայաստանում ժողովրդավարական ազատությունների սահմանափակման ու մարդու իրավունքների ոտնահարման համատարած երեւույթները եւ հաշտվել քաղբանտարկյալների գոյության փաստի հետ։ Սերժ Սարգսյանն, ըստ էության, կանաչ լույս է ստացել Արեւմուտքից՝ ներքին քաղաքականության բնագավառում գործելու սեփական հայեցողությամբ, ինչի վկայությունն են, մասնավորապես, ժողովրդի դեմ վերջերս սաստկացած ոստիկանական բռնությունները։ Սեփական արժեքները մանրադրամի վերածելու Արեւմուտքի այս վարքագիծը, անբարոյական լինելուց առավել, Հայաստանի ու Ղարաբաղի դեմ նյութվող դավադրության տարր է պարունակում։

Սերժ Սարգսյանը կա՛մ չի զգում այս վտանգը, կա՛մ էլ իր իշխանությունը պահպանելու այլ միջոց չի պատկերացնում։ Նա ներքաշվել է աշխարհաքաղաքական մի այնպիսի խաղի հորձանուտ, որի ելքը Հայաստանի ու Ղարաբաղի համար եթե ոչ կործանարար, ապա առնվազն անբարենպաստ է լինելու։ Հոկտեմբերի 15 ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո Արեւմուտքը եւ Թուրքիան ուժեղացնելու են իրենց ճնշումը Հայաստանի վրա եւ արագացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, միաժամանակ, ինչպես արդեն ասվեց, ձգտելով դրանից դուրս մղել Ռուսաստանը։

Ռուսաստանը կփորձի, անշուշտ, ինչ որ կերպ հակազդել իր համար անցանկալի այդ զարգացումներին, սակայն որքան արդյունավետ ու Հայաստանի համար օգտակար կլինի այդ հակազդեցությունը, պարզ չէ։ Չպետք է անտեսել նաեւ Իրանի գործոնը։ Թեեւ այն միակ պետությունն է, որ մինչ օրս հավասարակշռված քաղաքականություն է վարել Այսրկովկասում, ձգտելով նորմալ հարաբերություններ պահպանել թե՛ Վրաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ, սակայն Արեւմուտքի եւ Թուրքիայի ակտիվությունն այս տարածաշրջանում չի կարող չառաջացնել նաեւ նրա որոշակի անհանգստությունը։ Եւ արդեն իսկ առաջացրել է, ինչի վկայությունն է, մասնավորապես, Հայաստանի արտգործնախարարի հապշտապ կայացած այցն այդ երկիր։

Թե ինչպես է իր հաշիվների մեջ խճճված Սերժ Սարգսյանը գլուխ հանելու աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակից, միայն Աստծուն է հայտնի։ Եթե նրան թվում է, թե Արեւմուտքին հաճոյանալով եւ լուրջ զիջումների գնալու պատրաստակամության ցուցադրությամբ, կարող է ժամանակ շահել եւ այս անգամ էլ խուսափել Ղարաբաղի հարցի կարգավորումից, իսկ հետագայում նաեւ ինչ որ կերպ լեզու գտնել Ռուսաստանի հետ, ուրեմն նա քաղաքականությունից ոչինչ չի հասկանում։ Իսկ եթե Սարգսյանը հույսը դրել է այն բանի վրա, որ Ամերիկան, զբաղված լինելով նախագահական ընտրություններով եւ ֆինանսական ճգնաժամի հաղթահարման խնդրով, մեծ ջանքեր չի գործադրի Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ, ապա այստեղ էլ նրան հուսախաբություն է սպասում, որովհետեւ տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակում դրա համար Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեծ ջանքեր չեն պահանջվում։ Չի կարելի նկատի չունենալ նաեւ այն յուրահատուկ հանգամանքը, որ իշխանությունը լքող ԱՄՆ ի ներկա վարչակազմը կփափագեր իր ժամկետի ավարտը պսակել արտաքին քաղաքականության բնագավառում արձանագրած մի այնպիսի հաջողությամբ, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է։

Այսպիսով, միանգամայն ակնհայտ է, որ մենք կանգնած ենք Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծման շեմին։ Կարգավորման հիմքում, անկասկած, ընկած է լինելու 2007 թ. դեկտեմբերին Մինսկի խմբի համանախագահության անունից հակամարտող կողմերին ներկայացված Մադրիդյան առաջարկը, որի գաղափարախոսությունը միջազգային իրավունքի երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման ներդաշնակումն է։ Ինչ վերաբերում է կարգավորման էությանը կամ կոնկրետ ծրագրին, ապա այն բաղկացած է լինելու մոտավորապես հետեւյալ կետերից.

1. Հայկական ուժերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական շրջաններից.
2. Այդ շրջանների վերաբնակեցում ադրբեջանցի փախստականների կողմից.
3. Ադրբեջանցի փախստականների վերադարձ բուն Լեռնային Ղարաբաղի տարածք.
4. Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ցամաքային կապի ապահովում.
5. Լեռնային Ղարաբաղի սահմանների շրջագծով միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում.
6. Ադրբեջանին վերադարձված տարածքների ապառազմականացում (դեմիլիտարիզացիա).
7. Ղարաբաղի եւ Հայաստանի արտաքին հաղորդակցության ճանապարհների ապաշրջափակում եւ հայ-թուրքական սահմանի վերաբացում.
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջանկյալ կարգավիճակի սահմանում.
9. Անորոշ ապագայում Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի կամ ժողովրդական հարցման՝ պլեբիսցիտի անցկացում.
10. Հակամարտության գոտու վերականգնման համար միջազգային ֆինանսական օգնության հատկացում։

Նկատի ունենալով, որ ակնհայտորեն խնդիր է դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կնճիռը լուծել փաթեթով, չպետք է բացառել, որ փորձ արվի այդ փաթեթում ընդգրկել նաեւ ցեղասպանության ուսումնասիրության նպատակով հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծման հարցը։ Քանի որ, ինչպես ասում են, Սերժ Սարգսյանը այդ խայծը կուլ է տվել, նրա օձիքը բաց չեն թողնելու։

Կարելի է, իհարկե, քննել այն հարցը, թե վերը նշված կետերից որոնք են ձեռնտու Ադրբեջանին ու Թուրքիային, իսկ որոնք՝ հայկական կողմին, բայց սա անիմաստ զբաղմունք է, որովհետեւ դրանք արժեւորվում են փոխկապակցվածության եւ ամբողջականության մեջ։ Ավելի էական է պարզել, թե որ կետերն են բանակցություններում առանձնապես լուրջ բարդություններ հարուցելու։ Ամենադժվարալույծը, բնականաբար, լինելու են 3-րդ, 4-րդ եւ 9-րդ կետերը, որոնք համապատասխանաբար վերաբերում են՝ բուն Ղարաբաղում ադրբեջանցի փախստականների վերաբնակեցման, Լաչինի միջանցքի իրավական կարգավիճակի սահմանման եւ Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման խնդիրներին։ Սակայն նկատի ունենալով աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, կարծում եմ, դրանք միջնորդների համար անհաղթահարելի խոչընդոտներ չեն լինելու։

Խնդիրն այն է, որ եթե Մինսկի խմբի համանախագահությունը մինչ այժմ առաջնորդվում էր հակամարտող կողմերի միջեւ համաձայնություն կայացնելու սկզբունքով, ապա այժմ Արեւմուտքը հնարավորություն ունի պարտադրել իր սեփական լուծումը, այսինքն՝ կիրառել Դեյտոնյան տարբերակը։ Ցավալին այն է, որ նույն Դեյտոնյան տրամաբանությամբ՝ Լեռնային Ղարաբաղը մասնակցություն չի ունենալու կարգավորման գործընթացին, եւ նրա շահերն առաջիկա բախտորոշ բանակցություններում ներկայացնելու է Հայաստանը, ինչպես բոսնիական սերբերի շահերը ներկայացնում էր Հարավսլավիան։ Շուտով մենք, ամենայն հավանականությամբ, ականատեսն ենք լինելու ԱՄՆ ի ու Թուրքիայի նախաձեռնությամբ եւ Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ գումարվելիք Դեյտոնյան տիպի մի կոնֆերանսի, որին Ռուսաստանը եւ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահներ, լավագույն դեպքում, ներկա են գտնվելու դիտորդի կարգավիճակով։ Այս կապակցությամբ, կարծում եմ, պատահական չի սահմանված նաեւ Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Հայաստանին վերաբերող վերջնական բանաձեւի ընդունման ժամկետը, այն է՝ 2009 թ. հունվարը։ Սերժ Սարգսյանին այդքան ժամանակ է տրված կատարելու Ղարաբաղյան կարգավորման հարցում իր տված խոստումները, հակառակ դեպքում վերջապես գործի դնելով նախատեսված պատժամիջոցները։