User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Հողը

  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    30.09.2008
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հողը

    Բարև', ալպիական խոտով և փոքրիկ գունավոր ծաղիկներով ծածկված սև հող, որ միշտ պատված ես եղյամով կամ նրանից մնացած ջրի կաթիլներով: Նույնիսկ մառախուղը չխանգառեց ստորոտից զգալ քեզ, ու բարձրանալ քո մոտ: Ընկերներս կես ճանապարհին լքեցին ինձ, նրանք չհավատացին, որ այդտեղ` ամպերից այն կողմ ապրում է մի հող, որը նման չէ մնացած բոլոր հողերին: Նրանց ներքևում գտնվող հեշտ հասանելի հողերն էլ բավական էին խաղերը կազմակերպելու համար:

    Իսկ դու այնտեղ էիր, անմիջապես ճանաչեցի քեզ: Քո մոտ արև էր` մառախուղը մնացել էր ներքևում: Արևի չարաճճի ճառագայթները մեղմորեն շոյում էին քո պատանեկան կենսախինդությամբ ու գրավչությամբ փայլող գարնանային մաշկդ: Դու ինձ նույնիսկ չնկատեցիր քո հրճվանքի մեջ, չտեսար ինչպես են սիրահարված բոցկլտացող աչքերս աղերսում գեթ մի վայրկան նկատել ինձ:

    Քո աննշան թույլ ժպտը, որը ինձ թվաց կամ հուսացի որ ուղղված է ինձ, գոտեպնդեց և այլևս մոլուցքս զսպել չկարողանալով, վազեցի ու գրկեցի քեզ: Հուսով եմ, հիշում ես մարմնիս ջերմությունը, որը սկզբում փղաքաշվեց մարմնիդ խոնավությունից ու սառնությունից, սակայն հետո ավելի ու ավելի գոտեպնդված գրկեց քո սաոն ու հպարտ բուրմունքով պատված մարմինդ: Քո սառնությունը այլևս չխանգառեց զգալու քո բոցը, անսահման բարությունդ, զգլխիչ կանացիությունդ – ես ինձ կորցրել էի երջանկության մոլունցքի մեջ…

    Ինչը ինձ շեղեց քեզնից? – մի քիչ հեռվում սևսևեթող գեղանի ծաղիկը, մոտեցող մառախուղը, հեռվում արածող կովերը, երկնքում սավառնող բազեն,խոնավացած հագուստս…Դու դա չհասկացար, զարմացած նայեցիր ինչպես բարձացա քեզնից, փայլող հայացքով ընդամենը մի վայրկան նայեցի քեզ, ու իջա ստորոտ:

    Դու ոչինչ չես հիշում, և ինձ ընդհանրապես? Ինձ շփոթում ես արջի հետ, որը սիրում էր հենց քո վրա թավալվել` ջերմանալով արևի տակ? Որ հազարամյակում էր դա? Ինչու լքեցի քեզ և երբեք չվերադարձա, սակայն շարունակում եմ հիշել?–Բավական է', դադարեցրու քո հարցերը, սրտիս ցավը քեզ բավական չէ: Լավ, եթե այդ ես ցանկանում, կպատմեմ, միայն այլևս հարցեր մի տուր:

    Քեզ լքեցի ստամոքսիս կանչով. պառավ տատս ձայնեց` ազդարարելով, որ իմ սիրած պանրով ձվաձեղը ճրճրթում է կրակի վրա: Չեմ հասկանում, ինչպես այդքան բարձրից կարողացա լսել այդ կախարդական բառերը – «պանրով ձվաձեղ»: Չգիտես ինչ է դա? – թեժ կրակ, որի լեզուները բարձրանում եմ թավաի վրա` ամբողջովին գրկելով նրան, դա ավելի ջերմ է քան քո սիրեկան արևը, չնայած դու դրան չես հավատում; մեծ թավա, որն ի վիճակի է կերակերել իմ նման տաս երեխաների; թավան կիսով չափ լցնող կովի յուղ, որի դեղին գույնը և զգլխիչ բուրմունքը պատում են ողջ զգայությունները` մղելով քեզ շնչել նրան, զգալ ինչպես է այն հպվում շուրթերիդ, խենթացնում քիմքդ, թափանցում ողջ մարմնովդ մեկ; պանրի սպիտակ շերտեր, որոնք լողում են յուղի ստեղծած ծովում` սուզվում, բարձանում, խելահեղ պայքարում պառավ տատիս շերեփի հետ; և ձվի խառնված հոսք, որը ծածկում է ամեն ինչ, միաձուլվում պանրի և թեժ յուղի հետ: Ահա այդ ամենը կդառնա իրականություն, կհպվեմ նրան, ո’չ, կհարձակվեմ և ագահորեն կժռեմ…

    Քո հառաչանքը սթափեցում է ինձ - դու լքեցիր ինձ դրա համար? Խոստովանանքս քեզ չի սփոփի: Ինչու պատմեցի քեզ այդ անիծված պանրով ձվաձեղի մասին: Ես նրան այլևս չեմ սիրում, նրանում չկա ոչինչ` հիշեցնող հաջորդ օրը, մինչդեռ քո բաժանումից դեռևս եռեսուն տարի անց ապրում եմ քեզնով…

    Ոչ, ամեն ինչ զուր է: Միլիոնավոր տարիների քո հպարտությունը և կիրքը փոխեցի մի քանի ժամ գոյատևող պանրով ձվաձեղի հետ: Եվ, որ առավել ստորացուցիչ է, այդ մասին պատմեցի անձամբ քեզ:
    Արջը մահից առաջ այցելեց, պառկեց քո վրա, դունչը հպեց քեզ, և հետո գլորվեց ներքև որպեսզի դու չտեսնես նրա անկենդան մարմինը, և հատկապես թե ինչպես են գայլերն և թռչունները պատառ-պատառ անում այն: – Դու կարծում ես քո այս հորինված պատմությունով կփոխհատուցես հասցրածս վիրավորանքին?

    Դու շատ հեռու ես, բարձր սարի լանջին, վաղուց օտարացած երկրում: Դու նույնիս չգիտես, որ ամեն պահ կարող եմ տեսնել քեզ` կյանքս ամբողջովին տնօրինող սարքի միջոցով, բավական է միայն այդ մասին ասեմ նրան: Ահա, նա կարծես գտավ քեզ, պետք է որ այս հատվածում լինես, այս հողի կտորը շատ նման է քեզ: Սարքը ինձ նորանոր տվյալներ է տալիս այս հողի մասին - պետք է որ դու լինես: Չգիտեմ, վստահ չեմ, այն ժամանակ դու քո մասին ոչ մի տվյալ չհաղորդեցիր –մակերես, գոտայնություն, կառուցվածք, բաղադրություն, տարիք,…: Սարքին դրանք են պետք քեզ ճշգրիտ տեղայնացնելու համար: Ոչ, անիմաստ է, տվյալներով քեզ գտնել հնարավոր չէ:

    Քեզ լքելուց հետո բազում անգամներ անցել եմ քո մոտով, ամեն անգամ վերհիշել քեզ, ցանկացել կանգնել և այցելել քեզ: Չէ որ դա դժվար չէ, պետք է ընդամենը մեկ կամ երկու ժամ բարձրանամ սարն ի վեր, վստահ եմ, որ կգտնեմ քեզ, ինձ դրա համար ոչ մի տվյալ կամ սարք պետք չէ: Սակայն…
    Ո’չ. պատճառը քո ակնկալվող հիասթափված հայացքիդ ծանրությունը կամ սառը ընդունելությունը չեն:

    Ամեն ինչ արդեն շատ ուշ է: Չգիտեմ, որքան է մնացել ինձ պարգևած կյանքից, այցելել քեզ երբեք չեմ կարող, որքան էլ որ ցանկանամ: Եթե կենդանի վիճակում ժամանակ չգտա, ապա մահիցս հետո անշուշտ ոչինչ փոխել այլևս չեմ կարող` չնայած ժամանակ արդեն անսպառ կունենամ: Տեսնում եմ քո քմծիծաղը անզորությանս վրա, մինչդեռ մեր հանդիպման ժամանակ ես խիստ ինքնավստահ էի. նույնիսկ չգիտակցեցի, որ քեզ գրկելով բաժանում եմ քո հավատարիմ սիրեկանից` ծածկելով օրվա մեջ կարճ ժամանակ քեզ շոյող արևի ճառագայթներին, որին դու անհամբեր սպասել ես ողջ ցրտաշունց գիշերը:

    Բարև’, իմ հեքաթային հող, ինձ մի սպասիր, չնայած երևի չես էլ սպասում…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    murmushka (30.06.2009)

  3. #2
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հողը

    Ինձ դուր եկավ... մտքերի մեջ ընկա

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •