Հեղինակ՝ Ռ. Խաչատրյան
Խնդրել են, որ տեղադրեմ և արձագանքներ հավաքեմ:
«Փնտրվում են… պատմություններ թուրքերի մասին, որոնք փրկել են իրենց հայ հարեւաններին». «Թըրքիշ Դեյլի նյուզ» անգլալեզու թուրքական թերթի սեպտեմբերի 15-ի իր հոդվածն այսպես է վերնագրել Զիյա Մերալը:
Հիշեցնելով, թե ինչպես են հրեաները հիշատակումներ անում ոչ միայն Հոլոքոսթի դաժանության ու ավերածությունների մասին, այլեւ այն ոչ հրեաների մասին, որոնք քաջություն են ունեցելª վտանգելով սեփական կյանքը փրկել հրեաներին, Զիյա Մերալը գրում է.
«Ես չեմ հիշում, թե երբ եմ առաջին անգամ լսել հայերի կոտորածի մասին, բայց լավ եմ հիշում, թե ինչպես էի կատարվածի համար ժամերով արտասվում Երեւանում հիշատակի հուշարձանի մոտ: Սիրտս ամեն անգամ ցավով է լցվում, երբ տեսնում եմ աշխարհով մեկ ցրված ընտանիքների տխուր պատմությունները վկայող լուսանկարները»:
Հետազոտող գիտնականը մտորում է, որ ամեն դեպքում, գրականության էջերում կամ հուշագրություններում դժվար թե հիշատակումներ գտնվեն, որոնք պատմում են իրենց հայ ընկերներին կամ թեկուզ անծանոթ հայերի փրկած թուրքերի մասին: Սա, նրա կարծիքով, մեխանիկորեն պարարտ հող է նախապատրաստում սոսկ անմարդկային նկարագրի, մի ստերետոպի համար, որով. մեջբերում եմ թուրք հեղինակի խոսքը. «Մենք՝ անկախ ռասայից, ազգությունից, սեռից, կրթությունից, սոցիալական պատկանելությունից ու դավանանքից, բոլորս ընդունակ ենք գործելու ամենաստոր բռնությունները մեր հարեւանների հանդեպ»: Մեջբերման վերջ:
Այդ իսկ պատճառով, ասում է Զիյա Մերալը, ինքը Project Common Humanity անունով ինտերնետային ծրագիր է նախաձեռնել՝ հավաքելու՝ իր բնորոշմամբ, «քաջության եւ անձնազոհության» մասին պատմությունները: Դրանով, ասում է, նպատակ չունի նսեմացնելու զոհերի տառապանքը, ոչ էլ բանավեճի մեջ ներքաշվելու, թե արդյո՞ք եղել է ցեղասպանությունը, թե ոչ: «Իմ միակ ցանկությունն այն է, որ մենք հիշենք ոչ միայն ցավը, այլեւ մարդկային հոգու գեղեցկությունը, որի միջոցով կարող ենք տեսնել, թե ինչ է տեղի ունեցել Արարատի բեկված ստվերի հետեւում, եւ ոչ թե «թուրքեր» եւ «հայեր», բնորոշումներով, այլ որպես «մեր պատմություն»,
Թըրքիշ Դեյլի նյուզի այսօրվա համարում գրում է Զիյա Մերալը:
Հեղինակը հասու է հետեւյալ ինտերնետային հասցեով. ziya_meral[at]yahoo[dot]com , նման պատմություններ իմացողները կարող են նրան գրել անգլերեն:
Զիյա Մերալի ամբողջական հոդվածն անգլերենով կարող եք կարդալ
այստեղ:
Հույս ունեմ՝ այս թեմայի շուրջ քննարկումներ էլ կծավալվեն:
Էջանիշներ