ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողով հայտարարությունը
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովը ստացել է Մարդու իրավունքների հանձնակատարի 2008թ. հուլիսի 13-ից 15-ը Երեւան այցի վերաբերյալ նրա զեկույցը եւ չափազանց անհանգստացած է այդտեղ տեղ գտած փաստերի եւ եզրակացությունների կապակցությամբ, որոնք ցույց են տալիս, որ Վեհաժողովի հիմնական պահանջների առումով միայն սահմանափակ առաջընթաց է արձանագրվել: Հանձնաժողովը հետեւաբար առաջարկել է Մարդու իրավունքների հանձակատարին վերադառնալ Երեւան եւ զեկուցել հանձնաժողովին 2008թ. դեկտեմբերի 17-ի Փարիզի հավաքին:
Նկատելով, որ դրական քայլեր են արվել անկախ եւ արժանահավատ հետաքննություն կազմակերպելու ուղղությամբ, Մոնիտորինգի հանձնաժողովը շարունակում է ծայրաստիճան մտահոգված մնալ 2008թ. մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի կապակցությամբ ազատությունից զրկված անձանց առումով:
Թիվ 1620 (2008) բանաձեւում Վեհաժողովը հստակ նշել էր, որ ՚այն գործերը, որոնք դեռ քննության փուլում են, պետք է փակվեն, կամ արագ կերպով ուղարկվեն դատարանՙ, ՚ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնված է բացառապես ոստիկանական ցուցմունքի վրա` առանց լրացուցիչ հիմնավորող ապացույցներիՙ, եւ որ, ՚այն անձանց նկատմամբ հարուցված գործերը, ովքեր հիմնականում մեղադրվում են քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, պետք է կարճվեն, բացառությամբ երբ առկա են հիմնավոր ապացույցներ առ այն, որ մեղադրյալներն անձնապես կատարել են բռնի գործողություններ կամ հրամայել, դրդել կամ օժանդակել են դրանց կատարմանըՙ:
Այդ առումով, հանձնաժողովը նշել է, որ թեեւ նախնական կալանքում գտնվող անձանց նկատմամբ հետաքննությունն ավարտվել է, 300 եւ 225 հոդվածներով մեղադրվող յոթ անձանց գործերը դեռեւս դատարան չեն ուղարկվել` չափից դուրս երկար հետաքննության հետեւանքով: Ի լրումն, հանձնաժողովը խորապես մտահոգված է, որ մարտի 1-ին եւ 2-ին տաս հոգու մահվան պատասխանատուների վերաբերյալ հետաքննությունը դեռ չի եզրափակվել կամ դեռ եզրափակման մոտ չէ:
Լուրջ հարցեր են մնում մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի առնչությամբ ձերբակալվածների դեմ առաջադրված մեղադրանքների բնույթի, ինչպես նաեւ մի շարք գործերի դատական ընթացակարգի`ներառյալ արդար դատաքննության սկզբունքի կապակցությամբ: Ի լրումն, եւ հակառակ Վեհաժողովի պահանջներին, 19 անձ դատապարտվել են միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա: Հանձնաժողովը հետեւաբար լրջորեն մտահոգված է, որ մարդկանց կարող են կալանավորել եւ նույնիսկ դատապարտել նրանց քաղաքական հայացքների եւ ոչ բռնի գործունեության համար, ինչն անընդունելի է Վեհաժողովի համար:
Հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները չեն դիտարկել համաներման, ներման հրամանագրի կամ առկա ցանկացած այլ իրավական միջոցի կիրառման հնարավորությունը, որպեսզի լուծեն 2008թ. մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի կապակցությամբ ազատազրկված անձանց խնդիրը: Հանձնաժողովը լրջորեն կոչ է անում իշխանություններին քննարկել նման հնարավորությունը, որը Վեհաժողովի պահանջների կատարման գործում կհանգեցնի կարեւոր առաջընթացի:
Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել անկախ եւ արժանահավատ հետաքննության ստեղծման ուղղությամբ դրական քայլերը` ինչպես նշված է Հանձնակատարի զեկույցում: Հանձնաժողովը իր լիակատար զորակցությունն է հայտնում Հանձնակատարի առաջարկություններին: Այն ողջունում է այս հարցի կապակցությամբ Հայաստանի իշխանությունների եւ Հանձնակատարի միջեւ ընթացող կառուցողական երկխոսությունը եւ հույս հայտնում, որ մնացյալ կարեւոր խնդիրները շուտով կլուծվեն, որպեսզի փորձագետների խումբը սկսի եւ հնարավորինս շուտ ավարտի իր աշխատանքը:
Հանձնաժողովի կարծիքով Հայաստանը Թիվ 1609 (2008) եւ Թիվ 1620 (2008) բանաձեւերի կատարման առումով գտնվում է շեմին: Այժմ ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական կամք դրսեւորեն այս խնդիրը լուծելու համար: Այս առումով, հանձնաժողովը իր լիակատար վստահությունն է հայտնում եւ ամբողջովին սատարում է Մարդու իրավունքների հանձնակատարին: Հետեւաբար այն հրավիրում է Հանձնակատարին կրկին այցելել Երեւան եւ 2008թ. դեկտեմբերի 17-ի հանձնաժողովի հանդիպմանը զեկուցել անկախ եւ արժանահավատ հետաքննության եւ մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի կապակցությամբ կալանավորվածների ազատ արձակման ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին: Դեկտեմբերին, այդ զեկույցի հիման վրա, հանձնաժողովը կորոշի, թե ինչպիսի քայլեր, եւ հնարավոր պատժամիջոցներ, այն կառաջարկի 2009թ. Վեհաժողովի հունվարյան լիագումար նիստին:
Էջանիշներ