Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի եզրակացությունները

Ներածություն

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը Հայաստան է այցելել 2008թ. հուլիսի 13-ից 15-ը: Հատուկ առաքելությունը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից 2008թ. հունիսի 25-ին Թիվ 1620 (2008) բանաձեւի ընդունումից հետո, որը Հանձնակատարին հրավիրել էր.

- նպաստել Ազգային ժողովի՝ 2008թ. մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունները հետաքննող հանձնաժողովի (այսուհետ՝ հետաքննող հանձնաժողով) աշխատանքին միջազգային փորձագետների մասնակցությանը՝ խնդրո առարկա մարմնի կողմից անկախության, թափանցիկության եւ վստահելիության պայմանների բավարարման դեպքում, եւ

- ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի 2008թ. սեպտեմբերի 11-ի հանդիպմանը տեղեկացնել հետաքննող հանձնաժողովին առնչվող առաջընթացի, ինչպես նաեւ 2008թ. մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված անձանց ազատ արձակման գործընթացի վերաբերյալ:

Ստորեւ ամփոփ ներկայացվում են 2008թ. սեպտեմբերի 11-ին ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին Հանձնակատարի ներկայացրած եզրակացությունները:

2008թ. մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված անձինք


1. Մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված անձանց իրադրությունը դեռեւս շարունակում է խիստ մտահոգությունների տեղիք տալ: Անհետաձգելի է լուծումներ գտնելու համար պարտադիր քաղաքական կամքի կիրառման անհրաժեշտությունը:

2. 2008թ. մարտի 1-ի եւ 2-ի իրադարձություններին առնչվող բոլոր քրեական գործերի նախնական հետաքննության փուլն ավարտված է: Գործերի մեծ մասը ուղարկվել են դատարաններ, իսկ ներգրավված անձանց ճնշող մեծամասնությունը, որոնցից գրեթե բոլորը ընդդիմության սատարողներ են, մեղավոր են ճանաչվել եւ դատապարտվել: Ներկայում յոթ անձինք գտնվում են նախնական կալանքի տակ, 14 կալանավորված անձանց առնչվող դատավարությունները ընթացքում են, եւ 39 անձինք դատապարտվել են ազատազրկման: Շուրջ 42 անձինք հիմնականում արագ դատավարական ընթացակարգով դատապարտվել են ազատազրկում չենթադրող պատժամիջոցների, այն է՝ պայմանական ազատում կամ տուգանքներ:

3. Հանձնակատարը գտնում է, որ լուրջ խնդիրներ կան մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված անձանց դեմ ներկայացված քրեական մեղադրանքների բնույթի վերաբերյալ: Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայության պետի՝ 2008թ. մարտի սկզբին որոշ մարզային դատախազներին ուղղած նամակը, որով նա պահանջում է տեղեկատվություն հավաքել ընդդիմության ցույցերի մասնակիցների, այլ ոչ՝ կոնկրետ գործողությունների վերաբերյալ, հարցեր է առաջացնում հետաքննության բնույթի եւ նպատակի վերաբերյալ: Հանձնակատարը մասնավորապես մտահոգված է նախնական կալանքի տակ գտնվող յոթ անձանց, այդ թվում՝ երեք պատգամավորների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահական ընտրարշավի շտաբի պետի առնչությամբ, որոնց բավականին ընդհանրական մեղադրանք է առաջադրված պետական հեղաշրջում (իշխանության բռնի զավթում, Քրեական օրենսգրքի Հոդված 300) կազմակերպելու համար: Հանձնակատարի մտահոգությունն էլ ավելի է սրել այն փաստը, որ բոլորովին վերջերս՝ 2008թ. սեպտեմբերին, այդ գործերից մի քանիսի առնչությամբ համապատասխան դատարանը երկու ամսով երկարացրել է նախնական կալանքի ժամկետը:

Տասնինը անձանց դեմ հարուցված դատական գործերը հիմնված են եղել բացառապես ոստիկանական ցուցմունքների վրա: Հանձնակատարի զրուցակիցներից շատերի կարծիքով խախտվել է դատավարության կողմերի իրավահավասարության սկզբունքը: Նրանց համար խնդրահարույց է եղել նաեւ որոշ դեպքերում արագացված դատավարության պրակտիկան, որի շրջանակներում մի քանի դատավարությունների տեւողությունը երեսուն րոպեից պակաս է եղել: Մինչ օրս մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ իրավապահ մարմինների որեւէ ներկայացուցչի մեղադրանք չի առաջադրվել:

Հանձնակատարը ցանկանում է ընդգծել, որ բացառապես քաղաքական համոզմունքների կամ ոչ բռնի գործողությունների հիման վրա ազատազրկման կամ դատապարտման պրակտիկայի շարունակումը, նույնիսկ ազատազրկում չնախատեսող պատժաչափերի դեպքում, անընդունելի է:

4. Հանձնակատարը համամիտ է ԵԽԽՎ-ի նախագահ պրն. Դե Պուչի 2008թ. հուլիսի 29-ի հետեւյալ հայտարարությանը. ՚Պետք է հստակ լինի, որ [մարտի 1-ի] իրադարձությունների առնչությամբ ձերբակալությունները, բացառությամբ ծանր հանցագործություններ կատարածների դեպքում, Վեհաժողովի տեսանկյունից անընդունելի է: Հետեւաբար, իշխանություններին կոչ եմ անում հնարավորինս արագ կերպով ազատ արձակել այդ մարդկանցՙ:

2008թ. մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների հետաքննությունը

5. Հայաստանի կառավարությունը Հանձնակատարի միջնորդությամբ հայցել է միջազգային փորձագետի աջակցությունը հետաքննության ազգային հանձնաժողով ձեւավորելու եւ դրա մանդատը մշակելու համար: Հանձնակատարը ողջունում է այս առումով կառավարության պրոակտիվ մոտեցումը:

2008թ. հուլիսին Հանձնակատարի Հայաստան կատարած առաքելության այցի ընթացքում քննարկումների հիման վրա՝ փորձագետը (ով մասնակցել է այդ այցին) պատրաստել է հուշագիր, որը ներկայացնում է ինչպես հետաքննություն իրականացնող փորձագիտական հանձնաժողովի ձեւավորման ընթացակարգին, այնպես էլ՝ կոմիտեի գործունեության էական կողմին (այն է՝ հետաքննության շրջանակը, մանդատը եւ այլն) առնչվող հիմնական հարցադրումները եւ խնդիրները՝ երաշխավորելու դրանց համապատասխանությունը ԵԽԽՎ-ի բանաձեւի պահանջներին եւ Հանձնակատարի հանձնարարականին: Փորձագետը հուշագիրը Հայաստանի կառավարությանն է հանձնել 2008թ. օգոստոսի 21-ին:

Հայաստանի իշխանությունները արագ կերպով պատասխանել են՝ մշակելով նախագահական հրամանագրի նախագիծ, որը նախատեսում է փորձագիտական խմբի ձեւավորումը՝ 2008թ. մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների փաստերի հայտնաբերման նպատակով: Այնուամենայնիվ, հետագա ջանքեր են հարկավոր համալրելու այդ հրամանագիրը, որը հիմք կծառայի փորձագիտական խմբի աշխատանքի համար: Բացի այդ, լիակատար ներառական եւ համապարփակ խորհրդատվական գործընթաց է անհրաժեշտ՝ երաշխավորելու խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության ընդհանուր աջակցությունը եւ ներգրավվածությունը:

6. Հանձնակատարի գրասենյակը եւ փորձագետը ներգրավված են Հայաստանի կառավարության հետ փորձագիտական խմբին վերաբերող ընթացակարգային եւ ըստ էության խնդիրներին վերաբերող շարունակական երկխոսության մեջ: Շատ կարեւոր է, որ փորձագիտական խմբի զեկույցը, օրինակ, հրապարակվի եւ մատչելի լինի երկրի բնակչությանը:

7. Հանձնակատարի 2008թ. հուլիսի առաքելությունից ի վեր Հայաստանի իշխանությունների ջանքերը պետք է գնահատվեն որպես դրական քայլեր: Հանձնակատարն առաջարկում է շարունակել ջանքերը միջազգային փորձագետի խորհուրդների ներքո՝ երաշխավորելու այս գործընթացի հաջողությունը: Համապարփակ, անկախ, անկողմնակալ, թափանցիկ եւ Հայաստանի բնակչության կողմից արժանահավատ համարվող հետաքննություն վարելու նպատակ ունեցող փորձագիտական խմբի ձեւավորումը կարծես այլեւս իրականանալի խնդիր է: Հանձնակատարը հույս է հայտնում, որ այս հնարավորությունը կգնահատվի, եւ կշարունակվի բոլոր ներգրավված կողմերի կառուցողական մասնակցությունը:




Աղբյուրը՝ Ա1+